Սյունիքի մարզում սահմանային կետերի տեղորոշման աշխատանքները շարունակվում են: Այդ աշխատանքը ունի որոշակի նրբություններ ու բարդություններ, բայց այն անհրաժեշտ է՝ Սյունիքի և Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից, Կառավարության դեկտեմբերի 24-ի նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր դիրքորոշումը, պաշտպանության նախարարության դիրքորոշումը հետևյալն է՝ մենք ավելացնում ենք Սյունիքի անվտանգության երաշխիքները, և Սյունիքի ու Հայաստանի անվտանգության երաշխիքների նոր համակարգ ենք ձևավորում:
Երկու բնակավայր ունենք, որոնց հետ կապված կարող են ծագել որոշակի հարցեր: Մեկը՝ Որոտան համայնքն է, մյուսը՝ Շուռնուխ բնակավայրը․ դրանց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում, և այդ հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել․․․
Բայց ես ուզում եմ հավաստիացնել, որ բոլոր այն պարագաներում, երբ մեր քաղաքացիների շահերի տեսանկյունից հարցեր առաջանան, Կառավարությունը համարժեք փոխհատուցումներով հանդես կգա, և մեր քաղաքացիների շահերը լիարժեքորեն կլինեն պաշտպանված», – հայտարարել Փաշինյանը:
Վարչապետի հավաստիացմամբ՝ Սյունիքի և ընդհանրապես Հայաստանի միջազգայնորեն ընդունված, ճանաճված տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվել և չի զիջվելու։ Ընթացող գործընթացները չի կարելի համարել սահմանների դեմարկացիա կամ դեմիլիտացիա․ ըստ Փաշինյանի, դրանք բոլորովին տարբեր հարցեր են։ Այս փուլում տեղի է ունենում սահմանային կետերի տեղորոշում․ «Սանտիմետրի ճշգրտությամբ գիտենք, թե որ հատվածներում կարող են խնդիրներ առաջանալ»։
Ավելի ուշ Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյան հայտնել է, որ «ադրբեջանցիներն այս պահին Շուռնուխ գյուղում են, սահմանազատման աշխատանքներ են իրականացվում»։ Ըստ գյուղապետ՝ «չափուձևն» իրականացվում է «ռուսների և մեր սահմանապահների» մասնակցությամբ։
Հիշեցնենք, Սյունիքին սահմանակից Կուբաթլու և Զանգելան շրջանները, որոնք պատերազմից առաջ (իբրև անվտանգության գոտի/բուֆերային զոնա/հարակից շրջաններ) գտնվում էին հայկական կողմի վերահսկողության ներքո, պատերազմի ընթացքում անցել են Ադրբեջանին։ Այլ կերպ ասած՝ Հայաստանի հետ սահման ունեցող երկու շրջան, որ մինչ այդ վերահսկվում էր Արցախի կողմից, այլևս Ադրբեջանի ենթակայության տակ է․ մինչ այդ պայմանականորեն գործող սահմանագիծը, որը 30 տարվա ընթացքում շեղումներ է ունեցել սովետական այն քարտեզներից, որոնք իրավական հիմք են հանդիսացել հետսովետական երկրների սահմանները որոշելու համար, ենթակա է ճշգրտման։
Այն համայնքները, որ տարբեր պատճառներով ընդլայնվել են և որոնց աշխարհագրությունը հակասում է Հայաստանի սուվերեն տարածքի դե յուրե աշխարհագրությանը (որն, ի դեպ, ամբրագրված է նաև 2010 թվականին ընդունված օրենքով), պետք է վերաձևվվեն՝ ԽՍՀՄ իրավական ուժ ունեցող քարտեզների և տեղական օրենքների համաձայն։ Սա, ինչպեսև նախազգուշացրել էր Փաշինյանը, որոշակի խնդիրներ է ստեղծել հատկապես Գորիս-Կապան ճանապարհի այն հատվածներում, որոնք հատում են Հայաստանի՝ Սովետական միությունից ժառանգված սահմանն ու անցնում դե յուրե ադրբեջանական տարածքներ։ Խոսքը մոտ 21 կիլոմետրանոց հատվածի մասին է։ Որոշակի խնդիրներ են առաջացել նաև Շուռնուխ և Որոտան համայնքներու։ Այս հատվածի շուրջ ընթացող բանակցությունները հանգեցրել են ռուս սահմանապահների տեղակայման․ սահմանային կետերի տեղորոշումը դեռ շարունակվում է։