Դեկտեմբերի 17-ին Հայաստանի պաշտպանության նախարարը Սյունիք կատարած այցի շրջանակներում հանդիպել է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի սպաների հետ․ անդրադարձել է կատարվել Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հսկողությանըև Հայաստանի՝ Ադրբեջանի հետ սահմանի Սյունիքի հատվածում ռուս սահմանապահների տեղակայման ծրագրին, հայտնել են պաշտպանության նախարարությունից։
Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել նաև զորամիավորման հրամանատարի, Սյունիքի մարզպետի և ԱԱԾ սահմանապահ զորքերի տարածքային ստորաբաժանման հրամանատարի մասնակցությամբ։ Քննարկվել են «Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման, նոր ձևավորվող բնագծերում զինված ուժերի ստորաբաժանումների և սահմանապահ զորքերի տեղակայման հետ կապված հարցեր»: Հանձնարարականներ են տրվել սահմանային բանակցություններին մասնակցող բարձրաստիճան սպաներին՝ զորքերի տեղակայման, պահպանության տեղամասերի ստեղծման, ըստ ուղղությունների՝ նոր միավորների ձևավորման գործընթացի վերաբերյալ:
Զորամիավորման հրամանատարը և Սյունիքի մարզպետը ներկայացրել են վիճահարույց որոշ հատվածներում իրականացվող աշխատանքները, ընդգծել, որ կողմերի միջև սահմանային քննարկումները շարունակվում են:
Հիշեցնենք, որ մինչ այս Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Սյունիքին սահմանակից Կուբաթլու և Զանգելան շրջանները, որոնք պատերազմից առաջ գտնվում էին հայկական կողմի վերահսկողության ներքո, անցել են Ադրբեջանին։ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահմանը, ըստ գործող կարգավորումների, պետք է (վերա)գծվի համաձայն ԽՍՀՄ իրավական ուժ ունեցող քարտեզների, ինչը որոշակի խնդիրներ է ստեղծում, մասնավորապես՝ Գորիս-Կապան ճանապարհի այն հատվածներում, որոնք, Սովետական քարտեզների համաձայն, հատում են Հայաստանի սահմանը և անցնում ադրբեջանական տարածքներ։ Խոսքը մոտ 21 կիլոմետրանոց հատվածի մասին է։ Վարչապետը նախազգուշացրել էր, որ այս հատվածը (ինչպեսև Հին Թաղեր-Խծաբերդը) դեռևս համարվում է վիճարկվող․ ընթանում են բանակցություններ։
Նշենք, որ այսօր առավոտյան Սյունիքի մարզի բնակիչենրը առավոտյան փակել էին Կապանի օդանավակայանի հարակից ճանապարհը։ Նրանք հայ-ադրբեջանական նոր սահմանի և սահմանամերձ տարածքների անվտանգության հետ կապված պարզաբանումներ են պահանջում։
Սահմանամերձ բնակավայրերը անվտագության խնդիրը, ըստ բնակիչների, մնում է անորոշ։ Վերջին օրերի զարգացումները մտահոգությունների տեղիք են տալիս։ Փողոց փակած մարդիկ պահանջում էին, որ պատկան մարմինները հանդիպեն իրենց, պարզաբանեն իրավիճակը և հստակ պատասխաններ տան շրջանի բնակիչների հարցերին։