ԱԱԾ-ն ծավալուն հայտարարություն (և տեսանյութ) է հրապարակել, որում պնդում է, որ բնապահպանության նախկին նախարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Այվազյանը, նրա հետ համագործակցող Հ․Ծ․-ն և այլ անձինք իշխանությունը յուրացնելու նպատակող կազմակերպել են մի շարք բռնի գործողություններ։ Հիշատակվում են Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի վրա (իրագործված) հարձակումը և Հայաստանի վարչապետի նկատմամաբ ծրագրված (բայց չիրագործված) հանցագործությունները։
Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, ԱԱԾ-ում քննվող քրգործով ձեռք են բերվել բավարար ապացույցներ, որ Հ.Ծ.-ն, ունենալով ընդգծված հակաիշխանական հայացքներ, նախնական համաձայնության գալով նախկինում Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վ.Ա.-ի [խոսքը բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի մասին է – խմբ․] և դեռևս ինքնությունները չպարզված այլ անձանց հետ, 2019-2020 ընթացքում Հայաստանի իշխանությունների, այդ թվում՝ վարչապետի և նրա ընտանիքի անդամների, կառավարության անդամների և վերջինիս կազմում ընդգրկված պաշտոնատար անձանց, ԱԺ «Իմ քայլը» պատգամավորների հասցեին ինչպես անձամբ, այնպես էլ իր համակիրների միջոցով պարբերաբար հրապարակել և տարածել է վարկաբեկիչ, արատավորող և ստահոդ տեղեկություններ՝ «այդ կերպ փորձելով հեղինակազրկել գործող իշխանություններին և հանրության շրջանում իշխանությունը յուրացնելու գործողություների անմիջական կատարման ժամանակ ստանալ աջակցություն»:
Հայաստանում և Արցախում հայտարարված ռազմական դրության պայմաններում 2020 թվականի նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության հրապարակումից հետո, ըստ ԱԱԾ-ի, Հ.Ծ.-ն՝ «տեղեկանալով Հայաստանի տարբեր տարածքներում, հատկապես մայրաքաղաք Երևանում գտնվող կառավարության, Ազգային ժողովի շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում զանգվածային անկարգությունների մասին, գիտակցելով, որ իշխանությունը յուրացնելու համար ստեղծվել են նպաստավոր պայմաններ, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ձեռնամուխ է եղել բռնություն գործադրելու միջոցով․․․ իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների անմիջական կատարմանը»։
«Այդ նպատակով Հ․Ծ․-ն նախ մասնակցել է Ազգային ժողովում կատարվող անկարգություններին, ապա խմբի մյուս անդամների հետ, նկատելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին հատկացված «Տոյոտա Լենդ Կրաուզեր» մակնիշի ծառայողական ավտոմեքենան, ․․․զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցների հետ միասին ճոճել, թափահարել է ավտոմեքենան՝ փորձելով այն շրջել, բարձրացել է ավտոմեքենայի վրա, բռնություն գործադրելու նպատակով բացել է ավտոմեքենայի վարորդի կողմի դուռը, որի ընթացքում զանգվածային անկարգության մասնակիցները վնասել են Արարատ Միրզոյանի ծառայողական ավտոմեքենան՝ կոտրելով նաև ավտոմեքենայի ապակիները՝ այդ կերպ հարկադրելով Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին և վերջինիս անվտանգությունն ապահովող ծառայողներին դուրս գալ ավտոմեքենայից, որից հետո Հ. Ծ.-ն մի խումբ այլ անձանց հետ բռնություն է գործադրել Արարատ Միրզոյանի և ԱԱԾ ՊՊԾ ազգային ժողովի նախագահի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների նկատմամբ՝ ոտքերով և ձեռքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրանց գլխի և մարմնի տարբեր շրջաններին, ինչի հետևանքով Արարատ Միրզոյանը կորցրել է գիտակցությունը և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Այնուհետև, Հ. Ծ.-ն, շարունակելով իր գործողությունները, մտադրված լինելով ավարտին հասցնել բռնություն գործադրելու միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով, այն է՝ առանց ընտրություններ անցկացնելու, Սահմանադրությամբ նախատեսված կարգի խախտմամբ կառավարություն ձևավորելու և նման ապօրինի եղանակներով իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունները, ․․․ քննությամբ չպարզված մի խումբ անձանց հետ, բռնություն գործադրելու նպատակով Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում փնտրել են Հայաստանի վարչապետին և մարզպետներին․․․, ինչի մասին տեղեկացրել է կազմակերպիչներից նախկինում Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վ. Ա.-ին՝ հորդորելով վերջինիս ձեռնամուխ լինել նախապես մշակված ծրագրի համաձայն իրագործել իշխանության յուրացումը, սակայն
Հ.Ծ.-ն և խմբի մյուս անդամներն իրենց կամքից անկախ հանգամանքներով ավարտին չեն հասցրել հանցագործությունը, քանի որ նրանց ապօրինի գործողությունները չեն ստացել հանրային աջակցություն, իսկ վարչապետի անվտանգությունն ապահովող ծառայողները կանխել և խափանել են վարչապետի նկատմամբ բռնություն գործադրումը՝ դեպքից կարճ ժամանակ առաջ վարչապետին տեղափոխելով անվտանգ վայր, ինչի կապակցությամբ հետագայում Հ. Ծ.-ն իր համակիրների հետ հեռախոսազրույցի ընթացքում ափսոսանք է հայտնել՝ նշելով, որ եթե դեպքի օրն իրադարձությունները «ճիշտ ձևով» ընթանային, ապա արդեն իսկ զավթած կլինեին իշխանությունը՝ հավելելով, որ «սրանք հմի չէին լինելու»»։
ԱԱԾ-ն հայտարարել է նաև, որ Հ.Ծ.-ն՝ ԱԱԾ քննչական դեպարտամանետում քննվող քրգործի շրջանականներում ունենալով մեղադրյալի կարգավիճակ, 2020 թվականի նոյեմբերի 14-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով իր նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին հարցի քննարկման ժամանակ իր համար բարենպաստ դատական ակտ կայացնելու և անազատության մեջ չհայտնվելու համար, իր ծանոթի օժանդակությամբ, արդարադատությանը խոչընդոտելու նպատակով, միջամտել է գործի քննությանը:
Հ. Ծ-ին առաջադրված մեղադրանքը այժմ փոփոխվել է և նրան նոր մեղադրանք առաջադրելու և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ նոր միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նկատի ունենալով, որ Դատարանի կողմից նախորդ միջնորդությունը մերժվել էր:
Անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել է նաև նախկինում Ազգային ժողովի «ՀՀԿ» խմբակցության անդամ, տնտեսական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Վ. Ա.-ն, ով ներգրավվել է որպես մեղադրյալ և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը մերժվել է:
«Հարկ է նշել, որ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների, այդ թվում՝ 100-ից ավելի խուզարկությունների արդյունքում վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ հայտնվել են Հայաստանում գործունեություն ծավալող տարբեր կուսակցությունների ղեկավար կազմում ընդգրկված անձանց կողմից հետագա հավաքների ժամանակ բռնություններ, զանգվածային անկարգություններ կազմակերպելու, բռնության միջոցով ներքին անկայունություն հրահրելու մտադրություններ ունենալու մասին փաստական տվյալներ», – հավելել է ԱԱԾ-ն:
ԱԱԾ-ն կրկին նախազգուշացրել է՝ «երկրում ստեղծվել են զանգվածային անկարգությունների իրականացման իրական վտանգներ» և կոչ է արել զերծ մնալ «պետության ներքին վիճակն ապակայունացնող, մարդկանց կյանքն ու առողջությունը վտանգող անթույլատրելի գործելաոճից, ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն և իրավահպատակ վարքագիծ, չտրվել սադրանքներին և, ըստ այդմ, վտանգի տակ չդնել երկրի ներքին ու արտաքին անվտանգությունը»։