Դեկտեմբերի 16-ին Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից ԱՀ ՊԲ-ին է փոխանցվել, նախնական տեղեկություններով, Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի մերձակա տարածքում հայտնաբերված 9 հայ զինծառայողի մարմին, որոնց զոհվելու հանգամանքները դեռևս անհայտ են։
Այս մասին հայտնել է Արցախի պաշտպանության բանակը։
«Ներկա պահին իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ զինծառայողների զոհվելու հանգամանքներն ու նրանց ինքնությունը պարզելու ուղղությամբ», – ասված է ՊԲ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ պաշտպանական գերատեսչությունները ավելի վաղ հայտնել էին, որ դեկտեմբերի 11-12-ին ադրբեջանական կողմը գրոհ է նախաձեռնել նշված Հին Թաղեր-Խծաբերդի ուղղությամբ։ Հաղորդվել էր, որ էսկալացիայի հետևանքով վիրավորվել է 6 զինծառայող։ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հավանական է՝ լինեն նաև այլ տուժածներ․ տեղանքի անմատչելիության պատճառով տեղեկության ճշգրտումը, ըստ նրանց, հավելյալ ժամանակ էր պահանջում։
Արդեն երկու օր է՝ համացանցի հատկապես ադրբեջանական տիրույթում տեղեկություններ են շրջանառվում նաև 60-100 նոր ռազմագերիների մասին, որոնք, ենթադրաբար, օրերս գերեվարվել են նշված հատվածում։ Տասնյակ նոր գերիների մասին տեղեկությունները հաստատել է Ղարաբաղի նախագահը։ ՊԲ-ն էլ նշել է, որ բնագծի այդ հատվածից «անհայտ կորած» մարդկանց թիվը 73 է․ հավանական է, որ նրանք/նրանց մի մասը գերեվարված լինի։