Ցավոք, Խծաբերդի ուղղությամբ մեր մի քանի տասնյակ զինծառայողներ գերի են ընկել ադրբեջանական կողմին, և այժմ պաշտպանության նախարարությունը պարզում է բոլոր հանգամանքները, գրել է Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Դեռ երեկ Հարությունյանը խոսք էր տվել, որ այսօր ժամը 12։00-ին հանդես կգա տեսաուղերձով։ Առավոտյան հայտարարվեց, ոռ «տեխնիկական պատճառներով» ուղերձը հետաձգվում է մինչև 14։00։ Հետագայում այն չեղարկվեց, իսկ փոխարենը Նախագահի ֆեյսուքյան էջում հրապարակվեց ուղերձի տեքստը։
«Պաշտպանության բանակի զինծառայողների և ռուս խաղաղապահների կողմից կանխվել են ադրբեջանական զինծառայողների տարբեր սադրանքներ, իսկ երեկ երեկոյան նրանց դուրս են մղել Շուշիի Հին շեն գյուղի մերձակայքից: Այս օրերին Բերդաձորի ուղղությամբ ոչ մի անձ չի տուժել, իսկ հակառակորդին թույլ չի տրվել մուտք գործել որևէ բնակավայր:
Ցավոք, Խծաբերդի ուղղությամբ մեր մի քանի տասնյակ զինծառայողներ գերի են ընկել ադրբեջանական կողմին, և այժմ պաշտպանության նախարարությունը պարզում է բոլոր հանգամանքները: Ես անձամբ հետևողական եմ լինելու, որ այս միջադեպի մեղավորները ենթարկվեն իրավական պատասխանատվության: Նրանց արագ ու անվտանգ վերադարձը Հայրենիք պետք է լինի բոլորիս առաջիկա ջանքերի կիզակետում, և արդեն իսկ քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ», – հայտարարել է Հարությունյանը:
Ըստ Ղարաբաղի նախագահի, «հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության ստանձնած խաղաղապահ մանդատն Արցախում՝ ակնհայտ է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների ու ձևավորված շփման գծի խախտումները հստակ անհարգալից վերաբերմունք է Ռուսաստանի և՛ միջնորդական ջանքերի, և՛ խաղաղապահ մանդատի նկատմամբ»:
Ղարաբաղի ՄԻՊ Արտակ Բեգլարյանն էլ ավելի վաղ հայտնել էր, որ իր տվյալներով կա շորջ 60 անհայտ կորած զինծառայող։
«Ըստ իմ հավաքագրած նախնական տվյալների՝ Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի ուղղությամբ այս օրերին անհետ կորել է շուրջ 60 զինծառայողից բաղկացած մի ստորաբաժանում, բարձր հավանականությամբ որն էլ երևում է ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութում:
ԱՀ և ՀՀ բոլոր լիազոր մարմինները պարտավոր են անհապաղ քայլեր ձեռնարկել մեր բոլոր ռազմագերիներին րոպե առաջ տուն վերադարձնելու ուղղությամբ: Անհրաժեշտ է հստակ տեղեկություններ տրամադրել ռազմագերիների հարազատներին և վարել հնարավորինս թափանցիկ հանրային հաղորդակցություն՝ խուսափելու համար ապատեղեկատվություններից», – գրել էր Բեգլարյանը։
Արդեն երկու օր է՝ համացանցի հատկապես ադրբեջանական տիրույթում տեղեկություններ են շրջանառվում 60-100 նոր ռազմագերիների մասին։ Ղարաբաղի և Հայաստանի պաշտպանական գերատեսչությունները մինչ այս տեղեկությունները չէին հաստատում (չէին էլ հերքում), փոխարենը՝ հանդես էին գալիս խուսափողական հայտարարություններով։ Առավոտվանից անհետ կորածները հարազատները բողոքի ցույցեր են անում․ նրանցից ոմանք պնդում են, որ տարածված տեանյութերում ճանաչել են իրենց հարազատներին։