Home / Բանակ / Գերիներով տեսանյութում ճանաչել են իրենց հարազատին և փակել ճանապարհը (լրացված)

Գերիներով տեսանյութում ճանաչել են իրենց հարազատին և փակել ճանապարհը (լրացված)

[լրացում․ 13։00] Շրջափակման մեջ մնացած զինծառայողների հարազատները փակել են Գյումրի-Երևան ավտոճանապարհի տարբեր հատվածներ։

Ավելի վաղ հարազատները փակել էին Շիրակի մարզպետարանի շենքի մուտքը` հանդիպում պահանջելով մարզպետի հետ: Մարզպետը նրանց ուղղորդել է ՊՆ։ Տեղեկություններ կան, որ փակ է նաև Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկի հատվածը և Գյումրիից Բավրա գնացող ճանապարհը:

12։39․ Գյուղացիները փակել են Շիրակի մարզի Քեթի գյուղ տանող ճանապարհը․ նրանք հայտարարում են, որ ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեսանյութերի մեջ տեսել են իրենց հարազատներին՝ գերության մեջ։

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ ցուցարարներն իշխանություններից պարզաբանում են պահանջում։

Ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկություններ ու տեսանյութեր են տարածվում, ըստ որոնց օրերս Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերի ուղղությամբ մոտ 100 հայ է գերեվարվել։

Պաշտպանական գերատեսչությունները ավելի վաղ հայտնել էին, որ դեկտեմբերի 11-12-ին ադրբեջանական կողմը գրոհ է նախաձեռնել նշված գյուղերի ուղղությամբ, ինչի հետևանքով ՊԲ 6 զինծառայող վիրավորվել է։ Վարչապետն էլ նշել էր, թե հավանական է, որ այլ տուժածներ էլ կան․ «տարածը անմատչելի է, տեղեկությունները ճշտվում են»։ Գյուղը զինված միջադեպից հետո անցել էր ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Ռուս խաղաղապահների ժամանալուն պես իրավիճակը հանդարտվել էր, գյուղը վերադարձվել էր «Արցախի կազմ», մի քանի օր անց էլ՝ առանց որևէ բացատրության, կրկին անցել ադրբեջանական կողմի հսկողության ներքո։

Դեկտեմբերի 14-ին Հին Թաղերի գյուղապետը նշել էր, որ տվյալներ կան մոտ 10 հոգու գերեվարման մասին, որոնք դեռևս ճշտվում են։

Ինչ վերաբերում է համացանցում նախօրեին տարածված տեսանյութերին, Ղարաբաղի ՊԲ-ն և Հայաստանի ՊՆ-ն մինչ այժմ դրանք ոչ հերքել են, ոչ էլ հաստատել։ ՊՆ-ն դեկտեմբերի 15-ի ուշ երեկոյան հայտնել էր, թե հայ զինվորների գերեվարման մասին տեսանյութերի առնչությամբ ՊԲ-ից պարզաբանումներ է սպասում։

Այսօր առավոտյան էլ Արցախի ՊԲ-ն տեղեկացրել էր, որ երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, «կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված Արցախի ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ»․ ողջ գիշեր և այսօր առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները։