Ադրբեջանից Հայաստան գերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ադրբեջանից Հայաստան են վերադառնում գերիներից 44 հոգի։ Այս փուլում, պարզաբանել էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, վերադարձվում են այն հայ գերիները, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից․ «Անհետ կորած և հնարավոր գերեվարված մեր մյուս հայրենակիցների հայտնաբերման ու նրանց վերադարձի կազմակերպման գործընթացն ինտենսիվ կերպով շարունակվում է»։ Արայիկ Հարությունյանն էլ հայտնել էր, որ Հայաստան է վերադառնում ավելի քան 40 գերի։
Հայաստան վերադարձողներին օդանավակայանում դիմավորում են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Տիգրան Ավինյանը, հարազատները:
«Այս ծանր օրերին, երբ ահեղ պատերազմի հետևանքով ունեցած կորստի ցավից ու դառնությունից մեր ժողովուրդը փորձում է կրկին ուղղել իր մեջքը, երբեմն նաև լուսավոր կետեր են նշմարվում, որոնք մեզ ապրելու, նորից ամեն ինչ կառուցելու հույս ու հավատ են ներշնչում: Րոպեներ հետո Երևանում վայրէջք կկատարի հայրենիք վերադարձող մեր չորս տասնյակից ավելի գերիներին տեղափոխող օդանավը: Նրանց կդիմավորեմ անձամբ՝ հարազատների հետ միասին:
Անհայտ կորած մեր բոլոր հայրենակիցների ճակատագրերի պարզումը, ողջ մնացած բոլոր զինծառայողներին ու քաղաքացիներին վերադարձնելը, զոհվածների մարմինները գտնելն ու հարազատներին փոխանցելը շարունակում են մնալ մեր օրակարգի ամենահրատապ հումանիտար հարցերը»,- ֆեյսբուքի իր էջում մինչ այս գրել էր Արցախի նախագհը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արցախի դատարանի կողմից ցմահ և 20 տարվա ազատազրկման դատապարտված Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը, որոնք 2014 թվականին ձերբակալվել էին դիվերսիայի և Քարվաճառում երկու հայաստանցիներին սպանելու մեղադրանքով, վերադարձվել են Ադրբեջան։ Մինչպատերազմական ընթացքում հայկական կողմը նրանց վերադարձի նախապայմանը մշտապես մերժում էր։ Ադրբեջանն ու Հայաստանն այժմ պայմանավորվել են գերիներին փոխանակել «բոլորին բոլորով» սկզբունքով։