Ադրբեջանական ուժերը անմարդկային վերաբերմունք են ցուցաբերում ղարաբաղյան հակամարտության ընթացքում գերեվարված էթնիկ հայերի նկատմամբ, հատուկ զեկույցում ահազանգում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը:
Հայ ռազմագերիները՝ սկսած հոկտեմբերի կեսերից, ենթարկվում են ֆիզիկական բռնության և նվաստացման․ այդ գործողությունները նկարահանվում և լայնորեն տարածվում են սոցիալական ցանցերում, նշվում է զեկույցում։
«Տեսանյութերում ադրբեջանցիները ապտակում, հարվածում, սուր առարկայով ծակում, գետնով քարշ տալիս, ծնկի են բերում հայ ռազմագերիներին, ակնհայտորեն նպատակ ունենալով նվաստացնել նրանց՝ ստիպում համբուրել Ադրբեջանի դրոշը, գովաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, վիրավորել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայտարարել, որ Ղարաբաղը Ադրբեջան է․․․ Տեսանյութերի մեծ մասում տեսանելի են այն անձանց դեմքերը, որոնց վերահսկողության ներքո են գերիները, ինչից կարելի է եզրահանգել, որ նրանք չեն վախենում պատասխանատվության ենթարկվելուց»։
Ռազմագերիների նկատմամբ բռնությունն ու նվաստացնող վերաբերմունքը չի կարող արդարացվել, ընդգծում է Human Rights Watch-ի Եվրոպայիև Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Հյու Ուիլյամսոնը։ Մարդասիրական իրավունքի հարգումը ենթադրում է ռազմագերիներին պաշտպանելու պարտավորություն․ «Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ վերջ տան այդ ամենին»։
Իրավապաշտպանները հիշեցնում են Ժնևի երրորդ կոնվենցիայի մասին, որ պաշտպանում է ռազմագերիներին բռնության կամ ահաբեկման ցանկացած գործողությունից, վիրավորանքից և հասարակության հետաքրքրասիրությունից, և շեշտում՝ թե՛ միջազգային մարդասիրական իրավունքը, թե՛ զինված հակամարտության օրենքը պահանջում է ցանկացած պարագայում ռազմագերիներին վերաբերվել մարդասիրաբար։
Human Rights Watch-ը նշում է, որ ուսումնասիրել է համացանցում հայտնված տասնյակ տեսանյութեր, վիզուալ այլ նյութեր, իրավաբանական փաստաթղթեր, ստուգել դրանք, զրուցել գերիների հարազատների և հայաստանցի փաստաբանների հետ։
Հյու Ուիլյամսոնը նշում է․ «Աչք է ծակում այն, որ որոշ զինծառայողներ ակնհայտորեն խաղում են տեսախցիկի առաջ՝ գերիների նկատմամբ անթույլատրելի վերաբերմունքի ցուցաբերելու պահին։ Չի բացառվում, որ նրանք համոզված են, որ դա կներվի․․․Ադրբեջանական իշխանությունները պարտավոր են պատասխանատվություն ապահովել գերիների հետ անթույլատրելի վերաբերմունքի փաստերի առնչությամբ՝ ինչպես անհատական քրեական հետապնդման, այնպես էլ խմբային պատասխանատվության շրջանակներում»։