Կառավարությունը կփոխհատուցի Ղարաբաղի՝ հայկական կողմի վերահսկողությունից դուրս մնացած համայնքների բնակիչներին հյուրընկալած մարդկանց ծախսերը։ Վեցամսյա աջակցությունը կտրամադրվի 2020 թվականի դեկտեմբեր, 2021 թվականի հունվար-մայիս ամիսների համար։ Որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա՝ դեկտեմբերի 3-ի նիստին։
Սոցիալական աջակցությունը կտրամադրվի ամենամսյա դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր չափահասի հաշվարկով 30 000 դրամ, եթե հյուրընկալի կացարանը Հայաստանում է, և 45 000 դրամ, եթե կացարանը Արցախում է։
«Նշված գումարները չեն համարվելու վարձակալության գումար, այսինքն՝ անհատույց են տրամադրվելու և հարկման ենթակա չեն», – պարզաբանել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
Միջոցառման շրջանակում հյուրընկալ է համարվում այն ֆիզիկական անձը, ում Հայաստանում կամ Արցախի վերահսկողության ներքո գտնվող բնակավայրերում սեփականության իրավունքով (այդ թվում՝ համատեղ կամ բաժնային) պատկանում է բնակելի անշարժ գույք։
Հյուրընկալվող չի համարվում Հայաստանում կամ Արցախի վերահսկողության ներքո գտնվող բնակավայրերում սեփականության (այդ թվում՝ համատեղ կամ բաժնային) իրավունքով բնակելի անշարժ գույք ունեցող քաղաքացին։
Միջոցառումից օգտվելու համար դիմումը պետք է ներկայացվի էլեկտրոնային եղանակով.
— 2020 թվականի դեկտեմբեր ամսվա համար՝ դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի հունվարի 12-ը ներառյալ,
— 2021 թվականի հունվար-մայիս ամիսների համար՝ յուրաքանչյուր ամսվա 25-ից մինչև հաջորդ ամսվա 5-ը ներառյալ։
Դիմումին պետք է կցվի նաև հյուրընկալվողի անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենը: