Home / Շուկա / Հնդկաստանի ֆերմերները ոտքի են հանել 250 մլն մարդ

Հնդկաստանի ֆերմերները ոտքի են հանել 250 մլն մարդ

Հնդկաստանում ի համերաշխություն ֆերմերների բազմահազարանոց բողոքի ցույցեր և գործադուլներ են, գրում է The Guardian-ը։

Ցույցերը սկսվել էին այս տարվա ամառվանից՝ ի արձագանք կառավարության նախաձեռնած գյուղատնտեսական «բարեփոխումների»։

Համաձայն հին օրենքների՝ Հնդկաստանի ֆերմերներն իրենց բերքը վաճառում էին աճուրդում՝ Գյուղատնտեսական Արտադրական Շուկայի Կոմիտեի (ԳԱՇԿ) միջոցով։ Կար հստակ սահմանված նվազագույն գին, աճուրդը վերահսկվում էր պետական մարմինների կողմից։ Վարչապետ Նարենդրա Մոդիի կողմից ստորագրված և ուժի մեջ մտած նոր օրենքները, սակայն, հնարավորություն են տալիս ֆերմերներին որոշել իրենց նախընտրած գինը և վաճառել բերքը մասնավոր ընկերություններին՝ առանց ԳԱՇԿ-ի միջնորդության։

Սա, ֆերմերների կարծիքով, հնարավորություն է տալիս մեծ ընկերություններին ազդել գնի վրա։ Այսինքն՝ «ազատ շուկան» կանխատեսելիորեն կարող է հայտնվել խոշոր ձեռներեցներից կախվածության մեջ, փոքր պահանջարկ/առաջարկ ունեցող տնտեսվարողները գնագոյացման վրա ազդեցություն ունենալ չեն կարող և, ամենայն հավանականությամբ, կհայտնվեն մրցակցության տեսանկյունից անբարենպաստ դիրքերում։

Նոյեմբերի 26-ին ի համերաշխություն  ֆերմերների տեղի է ունեցել 24-ժամյա համապետական գործադուլ, որին, ըստ լրատվական հաղորդումների, մասնակցել է շուրջ 250 միլիոն մարդ։

Ցույցերին այս պահին միացել են ֆերմերների շուրջ 500 արհմիություններ։ Տրանսպորտային արհմիութունները, որոնք ներկայացնում են ավտոբուսի, բեռնատարի և տաքսու մոտ 14 միլիոն վարորդների, ևս իրենց աջակցությունն են հայտնել ֆերմերներին՝ սպառնալով կանգնեցնել տրանսպորտային շարժը որոշ նահանգներում։


լուսանկարը՝ The Guardian-ի

Նոյեմբերի 12-ին բազմաթիվ, այդ թվում դեպի մայրաքաղաք Դելի տանող ճանապարհներ, փակվել են հարյուր հազարավոր ցուցարարների կողմից, չնայած ոստիկանական ճնշումների։

Ֆերմերների թվով 11 պահանջները ներառում են ոչ միայն գյուղատնտեսական բարեփոխումներ, այլև բանտարկված ֆերմերների, իրավապաշտպանների, գրողների և այլ գործիչների ազատ արձակում և նրանց նկատմամբ հարուցված գործերի կասեցում։

Բողոքի շարժումը շարունակվում է։


լուսանկարը՝ The Guardian-ի