Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջում են ինչպես քաղաքական ուժերը, այնպես էլ կրթության և գիտության, սփյուռքյան կառույցները միահամուռ կերպով։ Տարօրինակ վիճակ է ստեղծվել։ Պատերազմի և մահվան էլիտան երկփեղկվել է` մի մասը նստած է կառավարությունում և Ազգային ժողովում, մյուս մասը հրապարակները, փողոցներն ու մամուլն է լցնում իր բողոքի ձայնով։ Չկա գաղափարական գեթ մի տարբերություն այս երկուսի մեջ. այն, ինչին մենք ականատես ենք լինում, պայքար է իշխանության համար նույն կուսակցության ներսում։
Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցները իրականացրել են այս պահին ԱՄՆ֊ից և Ֆրանսիայից կառավարվող հայդատական քաղաքականության հրամայականները։ Նրանք փորձել են երկարաձգել ստատուս֊քվոն, շարունակել ոչ֊փոխզիջումային էգոցենտրիկ քաղաքականությունը մի պայմաններում, երբ ո՛չ Հայաստանի ռեսուրսներն էին բավարար, ո՛չ արտաքին հանգամանքներն էին դա թույլ տալիս։
Դրանով հանդերձ, Փաշինյանը և խումբը որոշել են մինչև վերջ քայլել էքստրեմիստական «հայրենասիրության» ճանապարհով` անհնարին, անիրագործելի կատարողական պլան դնելով Հայաստանի հասարակության առաջ, որը իրագործելու դիտավորությամբ օրվա իշխանությունը հուզական անադեկվատ վիճակի էր մատնել բնակչությանը, էքզիստենցիալ իսկական տեռոր էր սանձազերծել երկրով մեկ, մարդկանց բաց գլխով ու դագաղները թևի տակ կռիվ էր ուղարկում` դուխո՜վ։ Այդ ժամանակ քաղաքական գործիչները, մտավորականները, սփյուռքահայերը չէին բողոքում, չէին ընդդիմանում այդ ջարդի քաղաքականությանը, չէին բռնում վարչապետի ձեռքը, փակում նրա հուրհրատող բերանը, որ մահվան ճառեր էր ճչում։ Հիմա ինչո՞ւ է Նիկոլը դարձել մերժելի. քանի որ պարտվեց, հողերը տվեց, իր հանձնարարություն֊առաջադրանքը լավ չկատարեց։
Նա վատ աշակերտ է, Ղարաբաղի կլանի այիբը։ Քաղաքական պայքարը հիմա դրա շուրջ է` այս պարտված, խայտառակվածին հեռացնել, հատկապես որ նրա ձեռքերով արդեն սև գործն արված է, ռևանշ վերցնել և վերադառնալ շարունակելու մահվան ու պատերազմի քաղաքականությունը։ Աղետի քաղաքականությունը։ Մինչդեռ կարևոր է, որ աղետի քաղաքականությունը հեռանա Նիկոլի հետ միասին։
Նիկոլը կարող էր չհանգել այս անփառունակ վիճակին, եթե դառնար Հայաստանի հասարակության քաղաքական իղձերի մարմնավորումը։ Բայց նա գերադասեց մտնել և հարմարվել այն էլիտայի նպատակներին, որ այսօր իր հրաժարականն է պահանջում և երբեք էլ Նիկոլին յուրային չի համարել, ինչքան էլ վերջինս քաղքենական հավակնություններ ուներ։ Ինչևէ, պիտի արձանագրել, որ լավագույն հայրենասերն ու ոչմիթիզականը լինելու Նիկոլի ամբիցիաները տապալված են։ Չստացվեց նաև նրա պան֊հայկական եռամիասնության սին նախագիծը և դրա հայրը լինելու ցանկությունը։ Ավարտվել է Ն. Փաշինյանի մեսիանական ժամանակաշրջանը։ Նա չի հեռանում որպես Հիսուս Քրիստոս, այլ շատ նման է 17֊րդ դարի հրեական մեսիանական շարժման առաջնորդ Սապեթային, որ ոչ միայն չիրագործեց հրեական սուվերենության ծրագիրը, այլև ապստամբությունը տապալեց և ինքն էլ ընդունեց իսլամ` կյանքը փրկելով։ Շարժումը, սակայն, չդադարեց և շարունակվեց առանց մեսիայի։
Նիկոլ Փաշինյանը որպես նոր շարժման առաջնորդ եկավ, բայց չկարողանալով այն շարունակել` որոշեց դառնալ հին շարժման հերոս։ Դա նրան չհաջողվեց, նա դարձավ հին շարժման դահիճը, կտրեց գլուխը, արյունը թափեց։ Պետք է կարողանալ փակումը կատարել և Նիկոլի հետ ճանապարհել այդ արնոտ, անթաղ մարմինը` նոր շարժման ճանապարհը ազատելով հին շարժման ավանդույթից։
Գայանե Այվազյան
աղբկուր՝ ֆեյսբուքի էջ