2016 թվականի Ապրիլյան պատերազմը հստակ ազդանշան էր, որ ստատուս-քվոյի ժամկետը սպառված է: Պատերազմը տևեց չորս օր, քանի որ Հայաստանի այն ժամանակվա իշխանությունները, ըստ էության, համաձայնեցին գնալ հարցի լուծմանը, բայց չկարողացան հաղթահարել իրենց անձնապաստան էությունը, նորից ընտրեցին հարցը ձգձգելու քաղաքականությունը: Նրանք մոլորեցրին Մինսկի խմբին, միջազգային հանրությանը, Ադրբեջանին: Սասնա ծռերի ապստամբությունը լավ առիթ էր Սերժ Սարգսյանի համար ցույց տալու, որ երկրի ներսում ծայրահեղական տրամադրությունները նրան թույլ չեն տալիս կատարել իր բանակցային պարտավորությունները: 2018 թ. հեղափոխությունը նա չխեղդեց արյան ծովում և հեռացավ, քանի որ գիտեր, որ Ղարաբաղի հարցի լուծումը այլընտրանք չունի:
2018 թվականին ժողովրդական հեղափոխությամբ իշխանության եկած քաղաքական ուժը ակամա ժառանգեց այս իրողությունը: Իշխանության առաջին տարում վարչապետ Ն. Փաշինյանը և նրա կինը՝ Աննա Հակոբյանը, առերեսվելով այս իրականությանը, փորձեցին նախապատրաստել հասարակությանը խաղաղության: Այդ փորձը արժանացավ դիմադրության և քննադատության Հայաստանի նախկին երկու նախագահներին պատկանող մեդիաների կողմից: Խաղաղության արշավը անտեսվեց և աջակցություն չգտավ նաև Հայաստանի միջին խավի կողմից, որը թեև քչաքանակ է, բայց ունի հանրային տեսանելիություն: Արցախը Հայաստան է և վերջ հայտարարությամբ վարչապետ Փաշինյանը նահանջեց խաղաղության գաղափարից՝ ընտրելով պատերազմը: Հաշվարկը նույնն էր՝ հետաձգել հարցի լուծումը, պահպանել հրադադարը, չհանձնել տարածքները և հարցի լուծման պատասխանատվությունը թողնել Հայաստանի հաջորդ իշխանությանը: Հասարակությունը այս դեպքում Նիկոլին կդիմավորեր որպես հերոսի և կտասնապատկեր նրա փրկչագործական առաքինությունները: Երկիրը կշարունակեր մնալ շրջափակման մեջ, իսկ հեղափոխության օրակարգը՝ թերի:
2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված երկրորդ Ղարաբաղյան պատերազմը Հայաստանի իշխանությունները և բուրժուազիան ընդունեցին որպես հայրենական պատերազմ՝ սահմանելով մաքսիմալիստական բարձր շեմ և նպատակ: Վերջին քսան տարվա մեջ տարվող քարոզչական ոչնչացման քաղաքականության զոհը հատկապես լավ սովորողները դարձան: Նրանք մերժեցին հարցի լուծման փոխզիջումային տարբերակները՝ Ադրբեջանի տարածքի մի մասի օկուպացիան համարելով ազգային ազատագրական պայքար: Այս ծայրահեղական մոտեցման արդյունքում փլուզվեցին Մադրիդյան սկզբունքները, որ առաջարկում էին՝ յոթ շրջանների վերադարձ, փախստականների և բռնի տեղահանվածների վերադարձ, խաղաղապահ ուժերի տեղակայում առնվազն հինգ տարով, ապաշրջափակում, ապառազմականացում և սովետական ԼՂԻՄ տարածքի միջանկյալ կարգավիճակ՝ ապագայում հանրաքվեի պայմանով: Իհարկե, սա իդեալական լուծում չէր ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Հայաստանի մաքսիմալիստական և անզիջում տրամադրությունների տեսակետից: Լեռնային Ղարաբաղը չէր ստանում վերջնական կարգավիճակ, Հայաստանը կորցնում էր շրջանները, որին կապվել էր որպես հայրենիքի: Ադրբեջանը կորցնում էր Լեռնային Ղարաբաղը, որ համարում էր իր հայրենիքը:
Այս տրամաբանության մեջ ժամանակը չէր աշխատում Հայաստանի օգտին: Պատերազմի, բազմաթիվ զոհերի հետ միասին հայկական ծայրահեղականությունը կորցրեց Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը: Այո, հայկական կողմը չէր ստացել երաշխիք վերջնական կարգավիճակի վերաբերյալ, բայց միջանկյալ կարգավիճակը հնարավորություն կտար թոթափել լարվածությունը և գնալ դիսկուրսիվ ճանապարհով:
Հասարակությունը պետք է ռեֆլեքսիա անի իր մտայնությունները: Մասնավորապես, նրա բուրժուական մասը, որ 150 տարի շարունակ կիսում է ռուս գաղութարարի շահը: Կարելի է նաև նրանց հասկանալ, որ չեն կարողացել հաղթահարել բուրժուական ռուսահայ հումանիտար մտքի կաղապարները: Բայց անվերջ չհաղթահարելը և դրանով վտանգի տակ դնելը ամբողջ հասարակությանը չի կարող մշտապես արդարացվել: Այս ծայրահեղականությունը, ատելությունը, մեծամտությունը, անզիջումայնությունն արդարացված չէին և հանգեցրին ողբերգական հետևանքների:
Բայց դեռևս ամեն ինչ կորած չէ: Ավելին՝ թեկուզ ծանր գնով և պայմաններով, բայց մոտեցել է խաղաղության պահը: Պետք է այն փայփայել և հետևություններ անել անցյալից: Դժվար կլինի դուրս գալ հարյուրամյա ինքնամեկուսացումից, բայց անհրաժեշտ: Հայաստանը դատապարտված է ունենալ բարիդրացիական հարաբերություններ իր հարևանների հետ, դա է պահանջում Հայաստանի քաղաքացու շահը: Վրեժը կլինի կործանարար, պետք է գտնել հանրային դեպրեսիան հաղթահարելու ճանապարհը: Այս խաղաղությունը կարող է նշանակել Սովետական Միության փլուզում և ռեգիոնալ ինտեգրացիայի սկիզբ: Սա կարող է նշանակել իրական պետականության սկիզբ և հեղափոխության շարունակություն: Ամեն ինչ կախված է մեզնից: Արդյոք մենք կշարունակենք մեծ ախպորն ապավինելու և այս տարածաշրջանում խորթի ու խռովածի մեր վարքը, թե՞ կորոշենք հասունանալ և չվախենալ ինքնաքննությունից, չվախենալ երկխոսությունից և դրացիությունից: Ընտրությունը հեշտ չէ՝ բայց պետք է փորձել՝ հրաժարվել մահ կամ ազատությունից, ընտրելով մահ կամ կյանքը: Մեռնելը հեշտ է, ապրելը՝ դժվար, բայց կյանքը սեր է, ներում, զիջում, կոմպրոմիս, բաժանում ու շատ ուրիշ բաներ:
Գայանե Այվազյան
աղբյուր՝ ֆեյսբուք