Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում օրերս «անհետացել է» 73 մարդ։
«Տարբեր լրատվամիջոցներով շարունակում են հակասական տեղեկություններ տարածվել Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում անհայտ կորած հայ զինծառայողների մասին: Մասնավորապես, շրջանառվում է ընդհուպ մինչև 171 հայ զինծառայողի մասին տեղեկատվություն, ինչը չի համապատասխանում իրականությանը: Նշված ուղղությունում դեռևս շարունակում է անհայտ մնալ 73 մարդու ճակատագիր», – քիչ առաջ հայտարարել է Ղարաբաղի պաշտպանության բանակը:
ՊԲ տարածած հաղորդագրության համաձայն, «միջադեպի առաջին իսկ ժամերից, ռուս խաղաղապահների աջակցությամբ, տարվում են անհետաձգելի աշխատանքներ մեր զինծառայողների ճակատագրերը հնարավորինս արագ պարզելու ուղղությամբ»:
Խնդիրը տեղում ուսումնասիրելու և անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու նպատակով Արցախի Հանրապետություն է մեկնել նաև Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը։
Հիշեցնենք, որ պաշտպանական գերատեսչությունները ավելի վաղ հայտնել էին, որ դեկտեմբերի 11-12-ին ադրբեջանական կողմը գրոհ է նախաձեռնել նշված գյուղերի ուղղությամբ։ Արդեն երկու օր է՝ համացանցի հատկապես ադրբեջանական տիրույթում տեղեկություններ են շրջանառվում 60-100 նոր ռազմագերիների մասին, որոնք, ենթադրաբար, գերեվարվել են հենց Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում՝ վերջին էսկալացիայի ժամանակ։ Ղարաբաղի նախագահը այսօրվա իր ուղերձում տասնյակ նոր գերիների մասին տեղեկությունները փաստացի հաստատել է։
Առավոտվանից անհետ կորածների հարազատները բողոքի ցույցեր են անում․ նրանցից ոմանք պնդում են, որ տարածված տեանյութերում ճանաչել են իրենց հարազատներին։ Բողոքի ցույց էր նաև Պաշտպանության նախարարության մոտ։