Անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր կրկին Պաշտպանության նախարարության մոտ էին։
Նրանցից շատերը արդեն 50-60-70 օր տեղեկություն չունեն իրենց երեխաներից։ Նոր գերիներին պատկերող տեսանյութերը, որ տարածվում էին նախօրեին, շրջափակման մեջ գտնվող զինվորների մասին խառը տեղեկությունները հույս են ներշնչում, որ իրենցից որոշների երեխաները ևս կարող են ողջ լինել։ Ծնողներն ասում են՝ հավանականությունը, գուցե, մեծ չի, բայց կա։
Ծնողները պաշտպանության նախարությունից հստակ տեղեկություն են ուզում՝ ովքեր են չհաստատված գերիները, ովքեր են նոր գերեվարվածները, ուր են իրենց երեխաները։
Օրեր շարունակ նրանք հավաքվում են պետական գերատեսչությունների մոտ, հիմնականում՝ անտեսվում։ Ծնողները պաշտպանության նախարարի և գլխավոր շտաբի պետի հետ հանդիպում են ուզում։
Ցույցի մեկնարկին նրանց հաջողվեց ճեղքել ՊՆ պանեշող դարպասը և ներթափանցել ՊՆ վարչական շենքի բակ։ Լրագրողները և ցուցարարների մի մասը մնաց պատնեշի մյուս կողմում։ Ավելի ուշ նրանք հայտնեցին, որ հայրերից բաղկացած «պատվիրակությունը» հրավիրվել է հանդիպման․ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը համաձայնել է ընդունել շենքի մոտ հավաքված ծնողներից 10-ին։