Home / Բանակ / Պետությունը պարտավոր է «տեղեկություններ տրամադրել ռազմագերիների հարազատներին»

Պետությունը պարտավոր է «տեղեկություններ տրամադրել ռազմագերիների հարազատներին»

Երեկ ուշ երեկոյից Հայաստանի օմբուդսմենի գրասենյակի աշխատակազմն ահազանգեր է ստանում այն մասին, որ նոր գերիներին պատկերող տեսանյութերում քաղաքացիները ճանաչել են իրենց ընտանիքների անդամներին կամ հարազատներին: Մարդու իրավունքների պաշտպանի գանսենյակից հայտարարում են, որ արձանագրել են ադրբեջանական ԶՈՒ-երի կողմից հայկական կողմի գերեվարումների վերաբերյալ համացանցում երեկվանից տարածվող տվյալները, այդ թվում՝ տեսանյութերը, և փոխանցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյանի գրասենյակին՝ առկա բոլոր մանրամասներով։

«Հատուկ շեշտում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում երեկ գիշերվանից մենք ձեռնարկում ենք բոլոր հնարավոր գործողությունները՝ կապված փաստագրման ու անձանց նույնականացման հետ: Երեկ գիշերվանից սերտ համագործակցված աշխատանք է ընթանում Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ», – ասված է հաղորդագրությունում:

Թաթոյանն արձանագրում է՝ գերեվարման փաստերի կամ գերեվարման կոնկրետ ժամանակահատվածի վերաբերյալ տվյալների ստուգման, հաստատման, հանրությանը ու հատկապես գերեվարման ցանկացած հնարավոր իրավիճակի առնչությամբ ընտանիքների անդամներին պատշաճ տեղեկություններ փոխանցելու համար պետական կառավարման պատասխանատու մարմինները պարտավոր են գործել բացառիկ նախաձեռնողականությամբ՝ անկախ նրանից, իրենց ուղղված դիմում կլինի, թե ոչ:

Ավելի վաղ հայտարարությամբ էր հանդես եկել նաև Ղարաբաղի Մարդու իրավունքների պաշտպանը։

«Ըստ իմ հավաքագրած նախնական տվյալների՝ Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի ուղղությամբ այս օրերին անհետ կորել է շուրջ 60 զինծառայողից բաղկացած մի ստորաբաժանում, բարձր հավանականությամբ որն էլ երևում է ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութում», – գրել էր Արտակ Բեգլարյանը։

Ըստ նրա, ԱՀ և ՀՀ բոլոր լիազոր մարմինները պարտավոր են անհապաղ քայլեր ձեռնարկել մեր բոլոր ռազմագերիներին րոպե առաջ տուն վերադարձնելու ուղղությամբ․ «Դրանից բացի, անհրաժեշտ է հստակ տեղեկություններ տրամադրել ռազմագերիների հարազատներին և վարել հնարավորինս թափանցիկ հանրային հաղորդակցություն՝ խուսափելու համար ապատեղեկատվություններից ու ավելորդ լարվածություններից»:

Տասնյակ նոր գերիների մասին տեղեկությունները այսօր հաստատել է նաև Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Արդեն երկու օր է՝ համացանցի հատկապես ադրբեջանական տիրույթում տեղեկություններ են շրջանառվում 60-100 նոր ռազմագերիների մասին։ Ղարաբաղի և Հայաստանի պաշտպանական գերատեսչությունները մինչ այս տեղեկությունները չէին հաստատում (չէին էլ հերքում), փոխարենը՝ հանդես էին գալիս խուսափողական հայտարարություններով։ Առավոտվանից անհետ կորածները հարազատները բողոքի ցույցեր են անում․ նրանցից ոմանք պնդում են, որ տարածված տեանյութերում ճանաչել են իրենց հարազատներին։