Հայաստանի Հանրապետության սահմանները ճշգրտվում են ԽՍՀՄ-ի ժամանակներից գոյություն ունեցող քարտեզներով, GPS սարքերն օգտագործվում են այդ քարտեզների վրա նշված կոորդինատները ճշգրիտ տեղանշելու համար, «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Խոսքն այնպիսի քարտեզների մասին է, որոնք դե յուրե ունեն իրավական ուժ», – ասել է վարչապետը։
Փածինյանը նշել է, որ սահմանների ճշգրտումն իրականացվելու է Սյունիքի մարզում, այդ թվում՝ Կուբաթլուի և Զանգելանի հատվածներում:
«Այդ պրոցեսը որոշակի բարդություններ ունի: Գորիսը Կապանին միացնող ճանապարհի 21 կմ-անոց հատվածը, ԽՍՀՄ ժամանակների սահմանի տրամաբանությամբ, տեղ-տեղ դուրս է գալիս Հայաստանի տարածքից, և շատ կարևոր է, որ կարողանանք ապահովել այդ ճանապարհի անվտանգ գործունեությունը», – պարզաբանել է Փաշինյանը:
Բանակային կորպուսի հրամանատարը և բանակի ներկայացուցիչները տեղում են, ամբողջ պրոցեսը ղեկավարվում է ԶՈՒ գլխավոր շտաբի կողմից: Դեպքեր են եղել, երբ հաղորդակցություն է տեղի ունեցել քաղաքացիական անձանց միջև՝ համայնքապետերի, գյուղապետերի, ինչը, ըստ Կառավարության ղեկավարի, «տարօրինակ չէ»․ «ՏԻՄ ներկայացուցիչներն իշխանության ներկայացուցիչ են և կարող են լինել հաղորդակցության մեջ»:
Փաշինյանի հավելել է՝ Հայաստանի և Արցախի շուրջ կայունության ապահովումը կառավարության խնդիրն է, բայց ռազմական գործողությունների դադարից հետո արվում են իրավիճակը ապակայունացնելու փորձեր, ինչի ուղղությամբ, ըստ վարչապետի, պետք է կոնկրետ քայլեր արվեն: