Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով այսօր մեկնել էր Սյունիքի մարզ, որտեղ վաղ առավոտից բողոքի ակցիաներ էին։ Սառնակունք և Սիսիան այցելելուց հետո նա, ըստ նախատեսվածի, պետք է ուղևորվեր Գորիս։ Դեպի Գորիս ճանապարհը, սակայն, արդեն տևական ժամանակ է՝ ինչ փակ էր․ ճանապարհին կանգնած մի խումբ մարդիկ, մեծ մասը՝ Գորիսի քաղաքապետի աջակիցներ, պնդում էին, որ թույլ չեն տա, որ Փաշինյանը մուտք գործի իրենց քաղաքև հարձակվում էին և հարձակվում «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների վրա։ Այժմ էլ ճանապարհը փակել են Փաշինյանի աջակիցները. տեղի ունեցածից բարկացած’ նրանք պահանջում են Գորիսի քաղաքապետի հրաժարականը։
«Հիմա համոզվեցի, որ ճանապարհը փակել են, որ ակնհայտ չդառնա, որ Գորիսում, Կապանում, Քաջարանում, Մեղրիում նույն մթնոլորտն է, ինչ Սիսիանում», – Սիսիան այցից հետո ֆեյսբուքում գրել էր Նիկոլ Փաշինյանը։
Պաշտոնյան նշել էր, որ «սգի օրով ուժային գործողությունների չեն գնա», ուստի՝ վերադառնում է Երեւան՝ «Գորիսին, Կապանին, Քաջարանին, Մեղրիին պարտք մնալով մեկ այցելություն»։
Քաղաքապետի ձերբակալությունը
Վաղ առավոտյան հանտնի դարձավ, որ Գորիսի ՀՀԿ-ական քաղաքապետ Առուշ Առուշանյանը բերման է ենթարկվել։
Քաղաքապետը նախօրեի կեսգիշերը ֆեյսբուքում կոչ էր արել գորիսեցիներին առավոտյան ժամը 6-ին հավաքվել քաղաքի Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում և այնտեղից շարժվել Սյունիքի դարպասներ՝ «արգելելու հայոց հողը օտարող, Սյունիքի երբեմնի անառիկությունը խաթարող «վարչապետի» մուտքը Սյունիքի մարզ»։ Առավոտյան մի խումբ մարդիկ արդեն տեղում էին։
Առուշանյանին բերման ենթարկելու մասին հայտնեցին նրա տեղակալները։ Ժամեր անց պարզաբանեց նաև Քննչական կոմիտեն․ պարզվեց, քաղաքապետը, ով 2019-2020 թթ հարուցված մի շարք գործերով մեղադրյալի կարգավիճակ ուներ, բերման է ենթարկվել «օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու» կասկածանքով:
Փակված ճանապարհը և (չ)ճշտված սահմանները
Առավոտյան՝ Սյունիքի մարզ ուղևորվելու ճանապարհին, Փաշինյանը ուղիղ եթերի միջոցով դիմել էր սյունեցիներին՝ շեշտելով՝ Սյունիք է գնում ոչ թե «կրքեր բորբոքելու», այլ սյունեցիների հարցերին պատասխանելու, անհրաժեշտ բացատրություններ տալու համար։
Օրեր շարունակ մարզի բնակիչները դուրս են գալիս փողոց՝ պարզաբանումներ պահանջելով հայ-ադրբեջանական նոր սահմանի և սահմանամերձ դարձած համայնքների անվտանգության հետ կապված։ Մինչդեռ իշխանությունը պնդում է, որ Հայաստանի Հնարապետությունից ոչ մի սանտիմետր չի զիջվում, ընդդիմադիրները և մամուլը ամեն օր ահազանգում են, որ Կառավարությունը հանձնում է Սյունիքի մարզի ճանապարհները, բանավայրերը, ՀԷԿ-երը և առհասարակ՝ Հայաստանը։
Փաշինյանը արդեն մի քանի անգամ պարզաբանել էր՝ Սյունիքին սահմանակից Կուբաթլու և Զանգելան շրջանները, որոնք պատերազմից առաջ, իբրև անվտանգության գոտի/բուֆերային զոնա/հարակից շրջաններ, գտնվում էին հայկական կողմի [ժամանակավոր] վերահսկողության ներքո, անցել են Ադրբեջանին։ Այլ կերպ ասած՝ Հայաստանի հետ սահման ունեցող երկու շրջան, որ մինչ այդ վերահսկվում էր Արցախի կողմից, այլևս Ադրբեջանի ենթակայության տակ է․ մինչ այդ պայմանականորեն գործող սահմանագիծը, որը 30 տարվա ընթացքում շեղումներ է ունեցել սովետական այն քարտեզներից, որոնք իրավական հիմք են հանդիսացել հետսովետական երկրների տարածքների սահմանները որոշելու համար, ենթակա է ճշգրտման։ Այն համայնքները, որ տարբեր պատճառներով ընդլայնվել են և որոնց աշխարհագրությունը հակասում է Հայաստանի սուվերեն տարածքի դե յուրե աշխարհագրությանը, պետք է վերաձևվվեն՝ ԽՍՀՄ իրավական ուժ ունեցող քարտեզների և տեղական օրենքների համաձայն։ Սա, ինչպեսև նախազգուշացրել էր Փաշինյանը, որոշակի խնդիրներ է ստեղծում հատկապես Գորիս-Կապան ճանապարհի այն հատվածներում, որոնք հատում են Հայաստանի այդ սահմանը և անցնում դե յուրե ադրբեջանական տարածքներ։ Խոսքը մոտ 21 կիլոմետրանոց հատվածի մասին է։ Այս հատվածի շուրջ ընթացող բանակցություններն ավարտվել էին ռուս սահմանապահներ տեղակայելու շուրջ փոխհամաձայնությամբ։
Երբ հայտարարվում է՝ կողմերը մնում են իրենց դիրքերում, դա վերաբերում է ԼՂԻՄ տարածքին (Խծաբերդն ու Հին Թաղերը վիճարկվող էին – և ինչ տեղի ունեցավ այնտեղ՝ պաշտոնական առանձին բացատրության կարիք ունի) և չի ենթադրել, որ 7 շրջանների հետ սահմանները չեն ճշգրտվելու։
Փաշինյանը՝ բարձրախոսով դիմելով Սիսիանի հրապարակում հավաքված մարդկանց, նշում էր․ – Այսօր շատ է խոսվում, որ այն, ինչ տեղի է ունենում Սյունիքի սահմաններին, դա Սյունիքը հանձնելու, Սյունիքի անվտանգությունը հարվածի տակ դնելու պրոցես է։ Իրականում՝ ուղիղ հակառակն է։ Խնդիրն այն է, որ երբ մենք մեր սահմանապահ զորքերը կանգնացնում ենք Հայաստանի սահմանին համապատասխան, դրանով մեր անվտանգության աստիճանը ուժեղանում է։ Որովհետև Հայաստանի Հանրապետության սահմանը նաև անվտանգային այն համակարգի սահմանն է դառնում, որի անդամ ենք մենք։
Մեզ ասում են՝ բա ինչո՞ւ եք այդ սահմանին կանգնեցնում։ Ո՞վ է որոշել այդ սահմանը և ի՞նչ իրավական հիմքով։ Ու այսպիսի հարց տալիս են, ասենք, 2010 թվականին Ազգային ժողովի պատգամավոր եղած, նախարար եղած և ամենատարբեր պաշտոններ զբաղեցրած անձինք։ Խնդիրն այն է, որ այսօրվա սահմանները, մեր համայնքների վարչական սահմանների նկարագրությունը որոշվել է Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքով։ Այդ օրենքը ընդունվել է 2010 թվականին։ Եվ այդ օրենքում, օրինակ, Ներքին Խնձորեսկ համայնքի, Տեղ համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրված է նաև Ադրբեջանի հետ սահման։ Դա 2010 թվին։ Բա այն ժամանակ ինչի՞ է օրենքի մեջ գրվել, այն ժամանակվա կառավարությունը ներկայացրել է օրենքը, որովհետև վարչատարածքային բաժանման մասին օրենսդրական նախաձեռնություն ցուցաբերելու բացառիկ իրավունքը պատկանում է Կառավարությանը։ Կառավարությունը ընդունել է այդ օրենքը, որտեղ նկարագրված են այսօրվա մեր բոլոր խնդրահարույց սահմանների նկարագրերը։ Այս կողմից, պարզ է, նկարագրել են հարևան համայնքները, մուս կողմից գրված է՝ Ադրբեջանի Հանրապետության սահման։ Հիմա մարդիկ, որ այդ տարիներին կառավարության անդամ, ԱԺ պատգամավոր են եղել, մեզ ասում են՝ դուք ինչի՞ եք այդ կետերով կանգնում, դուք ի՞նչ է՝ այդ սահմանը ճանաչո՞ւմ եք։ Բայց չէ՞ որ դուք եք, ձեր ընդունած օրենքով օրենքի ուժ տվել դրանց։ Բա այն ժամանակ ինչո՞ւ չէին ասում, որ Արցախի Հանրապետության տարածքն է [այլ գրել են՝ Ադրբեջանի Հանրապետության տարածք]։
Ես ուզում եմ, որ դուք և բոլոր սյունեցիները հստակ պատկերացնեն՝ ինչ է տեղի ունենում։ Խոսվում է երաշխիքների մասին։ Հիմա երաշխավորվա՞ծ է անվտանգությունը։ Երաշխավորված է այնքանով, որքանով մեր անվտանգային համակարգը արդյունավետ է։ Շատ են ասում, չէ՞, ինչո՞ւ ղարաբաղյան պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ը չմիջամտեց։ Նույն պատճառով։ Որովհետև մեր օրենքում գրած էր, որ մեր սահմանը էս է, իսկ Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջանի Հանրապետությունն է։ ՀԱՊԿ-ը մեզ ասում է՝ սա՛ է ձեր սահմանը և դուք եք այն նկարագրել, մենք ձեր սահմանից դուրս ո՞նց կարանք միջամտենք։
Անդրադառնալով առավոտից ճանապարհ փակածներին՝ Փաշինյանը նշել է՝ սադրանքներին պետք է չտվել․ – Մարդիկ կան՝ ուզում են բախումներ հրահրեն և այլն․․․ Մենք այդ սադրանքներին չենք տրվելու։ Ես կարծում եմ, երբ գնամ Գորիս, Կապան, Մեղրի, այնտեղ նույնպիսի չկազմակերպված հավաքներ են լինելու, ինչ եղան այստեղ։ Իսկ եթե ոչ, ես գործարք եմ առաջարկում ճանապարհը փակածներին․ բացե՛ք, գնանք, տեսնենք՝ ինչ են ասում մարդիկ։ Եթե կա դժգոհություն, թող արտահայտեն։
Ընդդեմ Քոչարյանի չսիրած լրատվամիջոցի
Ցույցի դուրս եկած սյունեցիներն այսօր առավոտյան վանկարկում էին «Ազատություն՝ դավաճան»՝ արգելափակելով «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցների աշխատանքը։
Դեկտեմբերի 19-ին էլ՝ Եռաբլուրի մուտքի մոտ, սգո երթը լուսաբանող «Ազատության» օպերատորի վրա հարձակվել էին Փաշինյանի հրաժարականը պահանջող և զինվորական պանթեոնում «հակաակցիա» կազմակերպած խմբերի անդամները։ «Ազատության» գրասենյակը հարձակման էր ենթարկվել նաև նոյեմբերի 10-ի գիշերը՝ եռակողմ համաձայնագրի ստորագրմանը հաջորդած անկարգությունների ժամանակ։
Ազատության նկատմամբ «հատուկ վերաբերմունքը» ձեռագրային է և սկիզբ է առնում դեռ 2000-ականներից․ «Ազատությունը» միակ ռադիոկայանն էր, որ 2008-ին լուսաբանում էր ընդդիմությանը։ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը դա համարում էին օպոզիցիայի հովանավորչություն․ փակ հանդիպումներում «Ազատության» գործունեությունից բողոքելու նրանց փորձերը տեղ են գտել նաև Wikileaks-ում հրապարակված փաստաթղթերում։