Կառավարությունը կփոխհատուցի պատերազմի հետևանքով Հայաստանի համայնքներում (Սյունիքի և Գեղարքունիքի մարզերերում) քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասները։ Որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա՝ դեկտեմբերի 3-ի նիստում։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանի փոխանցմամբ՝ խոսքը ընդհանուր 75 միավոր անշարժ գույքի մասին է։ Ավերածությունները հիմնականում փոքր չափերի են:
«Միայն մեկ դեպք ունենք ամբողջական վնասված տան, որտեղ հետագա բնակությունը հնարավոր չէ։ Լրացուցիչ քննարկում է իրականացվում այդ ընտանիքին կացարանով ապահովելու համար: Նաև կան շարժական գույքի մասով կրած վնասներ, որոնց փոխհատուցման համար Կառավարության լրացուցիչ որոշում կլինի», – նշել է Առաքելյանը:
Առաջիկա օրերին, ըստ նախարարի, կհաստատվի մեխանիզմը։ Տուժածների հետ նախարարությունը կապ կհաստատի։
Աջակցությունը տրամադրվելու է միանվագ դրամական օգնության ձևով։ Աջակցությունից օգտվելու համար շահառուն գրավոր դիմում պետք է ներկայացնի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը։ Դիմումը պետք է ներառի շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայության համարանիշը, վնասված տան հասցեն և բանկային հաշվեհամարը:
Դիմումը ստանալուց հետո նախարարությունը կճշգրտի ներկայացված տվայլները և 5 օրվա ժամկետում կկայացնի աջակցության տրամադրման կամ մերժման մասին որոշում:
Աջակցության տրամադրման մերժման մասին պատասխանում կնշվի մերժման պատճառը, իսկ աջակցության տրամադրման դեպքում՝ համապատասխան գումարը շահառուի բանկային հաշվեհամարին կփոխանցվի 5 աշխատանքային օրերի ընթացքում: