Home / Բանակ / Զոհվածների և հաշմվածների ընտանիքները պետք է էլ. դիմում լրացնեն մինչև ապրիլի 1-ը

Զոհվածների և հաշմվածների ընտանիքները պետք է էլ. դիմում լրացնեն մինչև ապրիլի 1-ը

Կառավարությունը սոցիալական աջակցություն կտրամադրի ղարաբաղյան պատերազմի հետևանքով զոհված խաղաղ բնակիչների ընտանիքներին և հաշմանդամություն ստացած քաղաքացիական անձանց։ Աջակցության ծրագիրը հաստատվել է այսօր՝ գործադիրի դեկտեմբերի 3-ի նիստին։

Միանվագ դրամական աջակցությունը կարող են ստանալ ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի քաղաքացիները․

— Առաջին խմբի հաշմանդամության կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում՝ 3 միլիոն դրամի չափով,
— Երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 2 մլն դրամի չափով,
— Երրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 1 մլն դրամի չափով,
— զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին՝ 5 մլն դրամի չափով:

Միջոցառումից օգտվելու համար քաղաքացիները պետք է էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը, դիմում ներկայացնեն։ Գումարը կփոխանցվի բանկային հաշվեհամարին:

Աջակցության ծրագիրը վերաբերում է բացառապես քաղաքացիական անձանց։ Զինծառայողների և նրանց ընտանիքների փոխհատուցման հարցը կարգավորվում է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի միջոցով:

Միջոցառմամբ սահմանված սոցիալական աջակցությունից չեն կարող օգտվել «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի հիման վրա միանվագ գումարային աջակցություն կամ հատուցում ստանալու իրավունք ունեցող անձինք: