Սեպտեմբերի 27-ից սկիզբ առաջ ղարաբաղյան պատերազմի ընթացքում 104 զոհված զինծառայողի ընտանիք արդեն ստացել են ֆինանսական հատուցում: Նախատեսվում է, որ յուրաքանչյուր շաբաթ մի քանի տասնյակ նոր փոխանցումներ են կատարվելու:
Նոյեմբերի 24-ի ասուլիսի ընթացքում այս մասին հայտնել է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» տնօրեն Վարուժան Ավետիքյանը: Նրա խոսքով՝ այսօր նախատեսված է հիմնադրամի նիստ, որի ընթացքում քննարկվելու է մի քանի տասնյակ նոր հատուցումների հարցը: Ծրագրված է, որ առաջիկայում ամեն շաբաթ մի քանի տասնյակ նոր հատուցումներ կարվեն:
Հիմնադրամի շահառուների ցանկը սահմանված է օրենքով: Հատուցում կարող են ստանալ զոհված զինծառայողների ծնողները, ամուսինը/կինը, երեխաները, բացառիկ դեպքերում՝ քույրը կամ եղբայրը: Հաշմանդամության հիմքով փոխհատուցումները տրամադրվում են հենց զինծառայողներին:
Ամրագրված են նաև հատուցումների չափերը․
― Զոհված կամ առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած սպաների հարազատներին՝ 82 միլիոն դրամ (շուրջ $160,000), որից 10 միլիոն դրամը (շուրջ $19,000) միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:
– Զոհված կամ առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած ենթասպաների՝ 70 միլիոն (շուրջ $137,000) դրամ, որից 10 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:
– Զոհված կամ առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած կրտսեր ենթասպաներ և ժամկետային զինծառայողների՝ 58 միլիոն (շուրջ $113,000), որից 10 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:
– Երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած սպաներին՝ 53 միլիոն դրամ (շուրջ $103,000), որից 5 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:
– Երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած ենթասպաներին՝ 41 միլիոն դրամ (շուրջ $80,000), որից 5 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:
– Երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած կրտսեր ենթասպաներ և ժամկետային զինծառայողներ՝ 29 միլիոն դրամ ($56,000), որից 5 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում։
Եթե զինծառայողն ունի երեք և ավելի երեխա՝ ստանում է լրավճար:
Շահառուների հաստատումն ու հատուցումներն, ըստ հիմնադրամի տնօրենի, ժամանակատար գործընթաց է․ փուլ առ փուլ հաստատվում են շահառուները՝ նրանց կապերը զոհված կամ վիրավորված զինծառայողի հետ: Հավաքագրվում են փաստաթղթերը, դիմումները: Ներգրավված են մարզպետարանները, վարչական շրջաններն ու կամավորները։
Այս պահին հատուցվում են միայն զոհվածների ընտանիքները։ Վիրավորված զինծառայողները հատուցում կստանան ավելի ուշ: Նրանց պարագայում գործընթացն ավելի ժամանակատար է՝ բուժում, վերականգնում, հաշմանդամության կարգի հաստատում:
Հատուցումների համար դիմելու ժամկետները սահմանափակված չեն: Ֆինանսական միջոցներն, այնուամենայնից, սահմանափակված են․ ոչ պատերազմական պայմաններում սահմանված «1000 դրամները», որոնք ամեն ամիս գանձվում են գրանցված աշխատողներից, կարող են բավարար չլինել։
«Գործատուներ կան, որ որոշել են ավելացնել Հիմնադրամին ուղղվող գումարները: Բացի պարտադիր 1000 դրամներից՝ լրացուցիչ գումարները համարվում են նվիրաբերություններ: Յուրաքանչյուր շաբաթ [աշխատողների գանձումները կրկնապատկելու ծրագրին] միանում են 40-50 նոր գործատուներ, այդ թվում՝ խոշոր գործատուներ: Հայաստանում ունենք շուրջ 55 հազար գործատուներ: Նրանք, իհարկե, չեն կարող միանգամից միանալ: Կան, որ միանում են որոշակի ժամկետներով, կան՝ անժամկետ», – ասել է հիմնադրամի տնօրենը:
Այս պահին հայտնի չէ ինչպես անհետ կորածների թիվը, այնպես էլ՝ հաշմանդամություն ստացածների: Բայց հայտնի է, որ ընդհանուր դեպքերի քանակը մի քանի հազար է: Հիմնադրամի բեռը շեշտակի աճել է, քննարկվում են ամենամսյա գանձումներն ավելացնելու տարբերակները․ հավանական է, որ 1000 դրամները առաջիկայում դառնան 3000 դրամ։
Նոյեմբերի 24-ի դրությամբ հիմնադրամում կուտակված միջոցները կազմում են մոտ 33.6 մլրդ դրամ․ 28.26 մլրդ դրամը գոյացել է պարտադիր վճարներից՝ 1000 դրամներից, 5.33 մլրդը՝ նվիրատվություններից: Հիմնադրամը մինչ օրս հատուցել է մոտ 3 մլրդ դրամ: