Եթե պատերազմից հետո ստեղծված իրավիճակը վերլուծենք ընդունված որոշումների տեսակետից, կատարվածի գլխավոր մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Ըստ նրա՝ եթե հայկական կողմն անհրաժեշտ եզրակացություններ չանի, «մենք ապագա չունենք»։
Իսկ իրավիճակը ճիշտ վերլուծելու համար, ըստ ՀԱԿ ներկայացուցչի, նախ, պետք է հասկանալ աշխարհաքաղաքական զարգացումները․ «Նման աղետներ տեղի են ունենում, երբ երկրի ղեկավարները չեն հասկանում՝ ի՞նչ է կատարվում աշխարհում, և ընդունում որոշումներ, որոնք, ըստ էության, կործանարար են դառնում ժողովրդի համար։ Պետք է հասկանալ, որ Կովկասը դարձել է գերտերությունների շահերի համար պայքարի թատերաբեմ։
94 թվականին և հետագայում Ռուսաստանին չհաջողվեց կարգավորել հարցը, ռուս խաղաղապահների բերել տարածաշրջան։ Հարցը սառեցվել էր, որովհետև, այնուամենայնիվ, Ռուսաստանը շարունակում էր մնալ դրության տերը՝ ինչ-որ կերպ պահելով բալանսը։ Սակայն այս ամենը խախտվեց Էրդողանի՝ նոր Թուրքիայի ի հայտ գալուց հետո։
Նոր Թուրքիան դա անհավատալի ամուսնությունն է իսլամական ֆունդամենտալիզմի և ազգայնական թուրանիզմի․․․ Այդ իդեոլոգիան ստեղծելով՝ նա սկսեց, ըստ էության, Թուրքիայի նեոօսմանական վերածնունդը՝ խառնվելով տարբեր տարածաշրջաններ՝ Սիրիա, Լիբիա և այլն․․․ Եվ երբ Ռուսաստանը 2014 թվականին մտավ Սիրիա, Թուրքիան դա ընկալեց որպես իր շահերի դեմ մի հարված, ինչին ի պատասխան Թուրքիայի ախորժակը բացվեց, նա մարտահրավեր նետեց Ռուսաստանին այս ռեգիոնում․․․ սկսեց ակտիվորեն մեծացնել իր ազդեցությունն Ադրբեջանում»։
Եվ արդեն ստեղծված վիճակում Ռուսաստանի համար կրկին արդիական դարձավ մի այնպիսի խաղաղության ստեղծումը, որի գլխավոր երաշխավորը պիտի լինեին ռուսները։
«Սա՛ էր ամբողջ իմաստը Լավրովի 5+2 պլանի, որը բազմիցս մերժվել է հայկական ղեկավարության կողմից, ինչի հետևանքները մենք հիմա տեսնում ենք։
Ռուսաստանը, համաձայնեցնելով այդ պլանը Ալիևի հետ, Հայաստանի իշխանություններին առաջարկել է գնալ դրա իրագործման ուղղությամբ։
Այդ պլանով մենք պահում էինք վերահսկողությունը ամբողջ ԼՂԻՄ-ի սովետական տարածքի վրա, դրան գումարվում էր վերահսկողությունը Լաչինի և Քելբաջարի շրջանների նկատմամբ։ Հայաստանը պետք է հանձներ 5 շրջան Ադրբեջանին, այդտեղ և Ղարաբաղում պետք է տեղակայվեին ռուսական ուժեր։
Այսինքն՝ մենք ունենալու էինք այն, ինչ ունենք այսօր՝ պահպանելով նաև Շուշին, Հադրութը, Լաչինը, Քելբաջարը․․․
Պուտինն ի՞նչ ասեց։ Ասեց, որ կարգավիճակը մնում է, հիմա մենք ընդունում ենք դե-ֆակտո գոյություն ունեցող կարգավիճակը, ինչը նշանակում է, որ չճանաչված պետականության կարգավիճակը դառնում էր ինչ-որ իմաստով լեգիտիմ միջազգային հանրության համար», – նշել է Զուրաբյանը՝ տվյալ ծրագիրը փայլուն անվանելով, որովհետև այն Հայաստանին և Ղարաբաղին «արժանապատիվ խաղաղություն էր տալիս», և դրա հիման վրա հայկական կողմը կարող էր հետագայում մտածել Ղարաբաղի անկախության ճանաչման մասին։
«Իմ մեղքը» վերնագրված Նիկոլ Փաշինյանի ուղերձը հիշատակելով, ՀԱԿ ներկայացուցիչը նշել է՝ վարչապետն այդ ծրագրին համաձայնվելու 3 հնարավորություն է ունեցել։ «Ավելին ասեմ, երբ պատերազմն արդեն սկսվել էր, ինքը եկավ պառլամենտ և դրեց այդ հարցը․ ուզո՞ւմ եք 5 շրջանը տամ և հենց հիմա կանգնեցնեմ պատերազմը։ Ամբողջ պառլամենտը, ներառյալ ընդդիմությունը, որն այսօր բողոքում է նրա քաղաքականության ձախողումից, միահամուռ ասում է՝ ո՛չ, մենք այդ 5 շրջանը չենք տա»։
Մեկնաբանելով վարչապետի այն պանդումը, որ տվյալ տարբերակին դեմ կլիներ նաև հանրությունը, Զուրաբյանը նշեց․ «Ուրեմն Նիկոլ Փաշինյանը չի հասկանում՝ ինչ է նշանակում պետության ղեկավար, որովհետև պետության ղեկավարը միակ մարդն է, որը տիրապետում է ռեսուրսների հաշվարկին, սպառազինությունների հաշվարկին, իմանալով և՛ իր կարողությունները, և՛ թշնամու կարողությունները, տիրապետում է այնպիսի ինֆորմացիայի, որը սովորական ժողովրդի հասու չէ․․․
Սա ամենաանընդունելի բանն է, երբ ինքն ասում է՝ հանրությունը դեմ կլիներ։ ՔԵզ դրել են էդ գործի վրա, որ դու գնահատես ստրատեգիական այդ հնարավորությունները ու դրա հիման վրա գաս միակ ճշգրիտ լուծմանը, որն էր՝ ասել ժողովրդին, որ ստեղծվել է այսպիսի իրավիճակ, սա միակ հնարավոր լուծումն է, որն իրականում բերելու է մեզ հաղթական, արժանապատիվ խաղաղություն։
Եվ եթե իսկապես հանրային կարծիքը դա չընդուներ, դիմադրություն լիներ, ինքը կարող էր ասել՝ ուրեմն հենց հիմա տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ, և ես այս ծրագիրը դնելու եմ համաժողովրդական քվեարկության։ Ստանալով ժողովրդի մանդատը, ինչ էլ որ ասեին այս «ոչմիթիզականները», նա կարող էր շատ հանգիստ իրագործել էդ պլանը, մենք էլ նրան կօգնեինք․․․
Բայց ինքը խուսափեց պատասխանատվությունից, ինքը գերի դարձավ «ոչմիթիզականների» պրոպագանդայի, ավելին ասեմ՝ դարձավ «ոչմիթիզական» պարագլուխը և ազգը տարավ այդ «ոչմիթիզական» կործանարար ճանապարհով։
Իհարկե, Նիկոլը գլխավոր, բայց միակ մեղավորը չէ։ Մեղավոր են նաև այդ «ոչմիթիզականները»՝ դաշնակցականները, որ իրենց՝ 20 թվականների պարտված պատերազմի բեռը փաթաթեցին ժողովրդի վզին, պարտադրելով պատմական Հայաստանի վերականգնման մասին հեքիաթները, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը՝ այդ պուտչիստները, որոնք 98 թվին հասան Տեր-Պետրոսյանի հրաժարականին, որովհետև պետք է առաջ տանեին այդ ստատուս-քվոն պահպանելու խնդիրը մի վիճակում, երբ բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ դա հնարավոր չի լինելու երկարաժամկետ կտրվածքով․․․»։
Քոչարյանի և Սարգսյանի հանցանքը երկակի է էդ իմաստով, համզոված է Զուրաբյանը, որովհետև նրանք վիժեցրեցին արժանապատիվ խաղաղության ծրագիրը՝ տանելով ժողովրդին դեպի պատերազմ․
«Մյուս կողմից, եթե գնում ես պատերազմի, ուրեմն պետք էր գոնե նախապատրաստվել էդ պատերազմին։ Ուզում եմ հիշեցնել, որ 23 տարի շարունակ Հայաստանն ունեցել է 20 000 զինվոր այդ սահմաններին, դա եղել է ձրի աշխատուժ, որը 23 տարի կարելի էր օգտագործել Մաժինոյից ավելի ուժեղ ռազմական գծի կառուցման համար՝ իր թունելներով, բետոնային ծածկոցներով․․․
Բայց նրանք ոչ միայն տարան դեպի պատերազմ, բայցև ոչինչ չարեցին՝ պատերազմին պատրաստվելու համար»։
Հնարավո՞ր էր արդյոք կանխել ներկա իրավիճակը հարցին ի պատասխան, Լևոն Զուրաբյանը, մասնավորապես, ասել է, թե Փաշինյանն է՛լ է հաստատում, որ յուրաքանչյուր կորստից հետո փաստաթուղթը փոխվել էր դեպի վատը․ «Բայց ինքը շարունակել է դիմադրել․․․ Դա ավելի շատ գալիս է նրանից, որ Նիկոլ Փաշինյանը, կներեք, անկուշտ և հիվանդագին փառասիրություն ունի, բացարձակապես տգետ է միջազգային քաղաքականության, աշխարաքաղաքականության և ռազմական հարցերում։
Այդ համառելը մի իրավիճակում, երբ ակնհայտ էր բոլորի համար, որ պատերազմը տանուլ է տրված, դա կարող էր լինել միայն ոչ ադեկվատության շնորհիվ․․․
Ի՞նչ բեկման մասին է խոսքը, եթե իրեն Գլխավոր շտաբի պետը հունիսին ներկայացնում է զեկուցագիր, որ հաշվի առնելով ռազմական բալանսի մասին տվյալները, մենք չենք կարող արդյունավետորեն դիմադրել այդ պատերազմում։ Ընդ որում, դա շարունակվել է պատերազմի ժամանակ․․․ Ոչ-ոք նրան չի տվել տվյալներ, որոնց համաձայն հնարավոր էր բեկում մտցնել այս պատերազմում․․․»։
Լուսանկարը՝ Արման Կարախանյանի