Home / Բանակ / «Միջանցքային տրամաբանությունը» մերժելու գինը․ 30 տարի ուշացած շինարարություն

«Միջանցքային տրամաբանությունը» մերժելու գինը․ 30 տարի ուշացած շինարարություն

Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ավտոճանապարհների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածները, ԽՍՀՄ տարիների իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի համաձայն, Հայաստանի Հանրապետության տարածքում չեն գտնվում՝ կրկին հիշեցրել է Անվտանգության խորհուրդը (ԱԽ)։

Ըստ ԱԽ-ի՝ կառավարությունը միջոցներ է ձեռնարկել Սյունիքում այլընտրանքային ճանապարհների նոր ցանցի ստեղծման ուղղությամբ և «այդ աշխատանքներն առաջիկայում ավարտին կհասցվեն»։ Կոնկրետ երբ ավարտին կհասցվեն՝ ԱԽ-ն չի հստակեցրել։

Մինչ այդ Սյունքիքի մի քանի բնակավայրեր կլինեն ուղղակի շրջափակման մեջ։

Գորիս-Կապան միջպետական ճանապարհի ավելի քան 20 կմ-անոց հատվածը, որն այժմ վերահսկվում է Ադրբեջանի կողմից, Ղարաբաղյան առաջին պատերազմի հետևանքով՝ ԼՂ հարակից շրջանների հետ միասին, անցել էր Հայաստանի փաստացի վերահսկողության ներքո։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո հայկական ուժերը ետ են քաշվել այնտեղից, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հայկական և օտարերկրյա մեքենենարը կշարունակեն երթևեկել առանց սահմանային վերահսկողության և մաքսատուրքերի։

4 օր առաջ, սակայն, Ադրբեջանը մաքսակետեր է տեղադրել Գորիս-Կապանին։ Երեկ հայտնի դարձավ, որ մաքսակետ է տեղադրվում նաև Կապան-Ճակատենին: Ճանապարհի այս մասում մաքսային կետեր է տեղադրելու նաև Հայաստանը։

Հայկական մեքենաները այլևս այստեղով չեն երթևեկում, նրանց ուղղորդում են Տաթև-Աղավնո՝ այլընտրանքային, բայց ավելի երկար և ավելի նեղ ճանապարհ։

Շրջանցող այս ճանապարհի վերանորոգումը փաստացի մեկնարկել է միայն այս տարվա սեպտեմբերին՝ այն բանից հետո, երբ ադրբեջանական կողմը սկսել է մաքսատուրք գանձել Գորիս-Կապանով անցնող իրանական բեռնատարների վարորդներից։ Մինչ այդ (ավելի քան 30 տարի) այս ճանապարհը, որը Գորիս-Կանապի միակ այլընտրանքն էր, գրեթե բարձիթողի վիճակում էր։ Մինչ օրս վերանորոգված չեն նաև Սյունիքի՝ Գորիս-Կապանին կպնող համայնքների այլընտրանքային ճանապարհները, ինչի պատճառով մի քանի համայնքներ, որ կախյալ էին հիմնական մայրուղուց, այժմ հայտնվել են գրեթե շրջափակման մեջ։

Բարձրավան

Օրինակ՝ Բարձրավանը։ Հիմնական ճանապարհը այլևս չի օգտագործվում, այլընտրանքային շուրջ 10 կմ-անոց ճանապարհը գրունտային է և դժվարանցանելի։ Աշխատանքներն այնտեղ նոր են սկսվում։

Հացի մեքենան անգամ դժվարությամբ է գյուղ հասնում։ Ինչպես է հասնելու, օրինակ, շտապօգնության մեքենան՝ պարզ չէ։ Հարցականի տակ է նաև դպրոցի մոտ ապագան․ ուսուցիչների մի մասը քաղաքից էին գալիս, գրունտային ճանապարհով ամեն օր գնալ-գալու հնարավորություն, հավանաբար, չի լինի։

Որոտան, Շուռնուխ

Կիսաշրջափակման մեջ են նաև Սյունիքի մարզի Որոտան և Շուռնուխ համայնքները։

Կառավարության ղեկավարը հրահանգել էր մինչև տարեվերջ ավարտել շրջանցող ճանապարհների հիմնանորոգումը։ Փաստացի՝ համայնքները հիմնական ճանապարհներին կապող ուղիները այստեղ ևս մնում են անմխիթար վիճակում։

Ճակատեն

Կապան-Ճակատեն ճանապարհի փակվելուց հետո երկու համայնքների միջև կապը ապահովվում է Մեղրու ճանապարհի միջոցով, ինչը նշանակում է, որ Կապանից Ճակատեն հասնելու համար կես ժամվա փոխարեն այժմ ծախսվելու է երեք ժամ։

Շրջփակման, կիսաշրջափակման կամ լոգիստիկ խնդիրների առջև են կանգնել ընդհանուր առմամբ Սյունիքի 6 բնակավայրեր։

«Միջանցքներ չեն լինելու»

Գորիս-Կապանի՝ Էյվազլիի հատվածը փակվել է ապաշրջափակման շուրջ բանակցությունների բովանդակության անակնալ հանրայնացումից հետո։

Տրասպորտային ուղիների վերագործարկմանն ուղղված քննարկումները արդեն ամիսներ շարունակ ընթանում են Զանգեզուրի միջանցք-ճանապարհ Մեղրիով հակասության ներքո։ Ադրբեջանը շեշտում է «միջանցք» բառը, Հայաստանը վերստին մերժում է «միջանցքային տրամաբանությունը»։ Օրեր առաջ Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարեց՝ կողմերը պայմանավորվել են, որ «բոլոր ապաշրջափակվող և նոր ստեղծվող տրանսպորտային երթուղիները գործելու են այն պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման հիման վրա, որոնց տարածքով անցնում են»։ Սա վերահաստատեց նաև հայկական կողմը։ (Ավելի մանրամասն՝ այստեղ)

Գորիս-Կապանին մաքսային հսկողություն սահմանելու մասին Ադրբեջանի որոշումը հաջորդեց հենց այս իրողությանը։

Մաքսակետերի տեղադրման լուրը մեկնաբանելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ հնարավո՛ր էր բանակցել, որպեսզի ճանապարհի այդ հատվածով Հայաստանի քաղաքացիների և բեռների նկատմամբ սահմանային հսկողություն չիրականացվեր, բայց դրա գինը լինելու էր «միջանցքային տրամաբանությունը», ինչը հայկական կողմի համար անընդունելի էր։