Գորիս-Կապան ճանապարհի՝ Ադրբեջանի վերահսկողությանն անցած հատվածում ադրբեջանական կողմը մաքսակետեր կտեղադրի, մաքսակետեր կլինեն նաև հայկական կողմից՝ Հանրայի Հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Այսօր ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ այսօրվանից՝ գիշերը 12-ից սկսած Գորիս – Կապան ճանապարհի այդ հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի, ուզում եմ հայտարարել, որ հայկական կողմը ևս համապատասխան քայլեր կձեռնարկի, այսինքն ճանապարհի այդ հատվածում ևս կտեղադրի մաքսային և սահմանային հսկողության գործառույթներ իրականացնող կետեր», – ասել է Գրիգորյանը՝ հավելելով, որ «այդ աշխատանքները մենք նախապես սկսել ենք»:
Գորիս-Կապան ճանապարհի՝ այլընտրանքային Տաթև-Աղավնո հատվածի ասֆալտապատումն արդեն ավարտվել է։ Այլընտրանքային ճանապարհը պատրաստ է՝ ավելի վաղ տեղեկացրել է տարածքային կառավարման նախարար Գնել Սամսոնյանը։
Կառուցվում է նաև Սյունիքի մարզի Տաթև-Լծեն ավտոճանապարհը։ Ճանապարհներ են կառուցվում նաև Շուռնուխ, Որոտան, Բարձրավան համայնքներում։