Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցի ուժայինները ստուգում են իրանական բեռնատարների փաստաթղթերը։ Ըստ հայակական մամուլի՝ ադրբեջանցիները իրանցի վարորդներից 130 դոլար գումար են պահանջում՝ Ադրբեջանի տարածք մուտք գործելու համար։ Ադրբեջանական մամուլը գրում է, որ իրանական բեռնատարերը անարգել մտնում են Լեռնային Ղարաբաղ՝ Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը ուղիղ կապելով նախօրեին Բաքվի կողմից տարածված հայտարարության հետ։ Օտարերկրյա բեռնատարների՝ ԼՂ տարած մտնելու կապակցությամբ Ադրբեջանը սեպտեմբերի 12-ին բողոք էր հղել Ռուսաստանի ՊՆ-ին, ավելի վաղ՝ նաև Իրանին․․․
Գորիս-Կապան ճանապարհի՝ Որոտանի հատվածում տեղակայված ադրբեջանցի ոստիկանները «իրենց տարածքով անցնելու համար» իրանական բեռնատարների վարորդներից 130 դոլար են պահանջում, այսօր կեսօրին գրել է Սիվիլնեթը։
«Իրանցի վարորդները մեզ հայտնեցին, որ ադրբեջանցի ոստիկանները կանգնեցրել են իրենց և տեղեկացրել, որ իրենք մուտք են գործել ադրբեջանական տարածք։ Ադրբեջանցիները յուրաքանչյուր վարորդից պահանջել են 130 դոլար վճարել։ Երբ վարորդներն ասել են, որ գումար չունեն, ադրբեջանցի ոստիկանները վերցրել նրանց անձնագրի ու մեքենայի տվյալները և ասել՝ վերադառնալիս պետք է արդեն վճարված լինեն գումարները», – վարորդների հետ զրույցը վերապատմել է Սիվիլնեթի թղթակից Գևորգ Թոսունյանը։
Դեռ նախօրեին Հայաստանի ԱԱԾ-ն տեղեկացրել էր՝ Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում՝ ադրբեջանական Էյվազլի բնակավարի մոտ, ադրբեջանցի ոստիկանները սեպտեմբերի 12-ից սկսած ստուգում են իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերը։
Ի՞նչ նպատակով են ստուգում՝ Հայաստանի ԱԱԾ-ն չէր մանրամասներ։
Հակասություն
Ադրբեջանցի ուժայինները, ըստ «Թուրան» գործակալության, Գորիս-Կապանի հիշյալ հատվածում մաքսատուրք են գանձում իրանցի վարորդներից և ստուգում՝ արդյոք բեռնատարը եղել է Լեռնային Ղարաբաղի տարածքում, թե ոչ։
Թուրանը գանձվող գումարների մասին մեկ գրում է «մաքսատուրք», մեկ՝ «տուգանք»։ Հոդվածը վերնագրված է այսպես՝ «Ադրբեջանն իրանական բեռնատարներին պատժում է Ղարաբաղ ապօրինի մուտք գործելու համար»։
Որքան գումար է պահանջվում վարորդներից՝ չի նշվում։ Չի հստակեցվում նաև, թե գումարը դե յուռե գանձվում է Գորիս-Կապան ճանապարհի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածը հատելո՞ւ, թե՞ Ղարաբաղ մուտք գործելու համար։
Հայկական մամուլում հանդիպող նյութերից տպավորություն է ստեղծվում, որ գումարը գանձվում է՝ Գորիս-Կապան ճանապարհի ադրբեջանական հատված մտնելու համար։ Ադրբեջանական մամուլը մաքսատուրքը կապում է ավելի շատ Լեռնային Ղարաբաղ մտնելու հետ։
Հայտնի է, որ սեպտեմբերի 12-ին պաշտոնական Բաքուն բողոք էր հղել Ռուսաստանի Պաշտպանության նախարարությանը և ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը՝ «օտարերկրյա տրանսպորտային միջոցների կողմից Ադրբեջանի տարածք ապօրինի մուտք գործելու կապակցությամբ»։
«Այլ երկրների իրավաբանական և ֆիզիկական անձինք և նրանց պատկանող տրանսպորտային միջոցները առանց Ադրբեջանի Հանրապետության համաձայնության չեն կարող մուտք գործել Ադրբեջանի տարածք։ Նման դեպքերը խախտում են մեր երկրի օրենսդրությունը», – հայտարարել էր Ադրբեջանի ՊՆ-ն՝ հղում անելով նաև նոյեմբերի 10 եռակողմ հայտարարությանը։
Ավելի վաղ Ադրբեջանը նույնաբովանդակ բողոք էր ներկայացրել նաև Իրանին։