Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ադրբեջանական բանակի վերջին գործողություններին և Ադրբեջանի ՊՆ այսօրվա մեղադրանքներին, թե Հայաստանը նոր զինուժեր է կուտակում Հայաստանում։
«Վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերն ակտիվացրել են իրենց սադրիչ գործողությունները ինչպես Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, այնպես էլ Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումների դեմ։ Թիրախավորվել են նաև Հայաստան Հանրապետության և Արցախի բնակավայրերը։ Ադրբեջանական կողմն իր ագրեսիվ գործողությունները փորձում է քողարկել մի կողմից հայկական կողմին մեղադրելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտումների մեջ, իսկ մյուս կողմից բացահայտ կերպով խեղաթյուրում է հենց նույն նոյեմբերի 9-ի հայտարարությունը։
Հարկ ենք համարում նշել, որ նոյեմբերի 9-ի հայտարարության առաջին կետը հստակ սահմանում է. «…կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»: Մինչդեռ ադրբեջանական զորամիավորումները հայտարարության ստորագրումից մեկ ամիս հետո հարձակում են սկսել Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ, ինչի արդյունքում զավթել են այդ բնակավայրերը, սպանել և գերեվարել հայ զինծառայողներին․․», – ասված է հայտարարության մեջ։
ԱԳՆ պնդմամբ՝ Ադրբեջանն այժմ ևս փորձում է նոր դիրքեր զբաղեցնել շփման գծի տարբեր հատվածներում ու տարբեր զինատեսակներով այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերով թւրախավորում հայ դիրքապահներին։ Նման վերջին միջադեպը, ըստ ԱԳՆ-ի, տեղի է ունեցել այսօր Մխիթարաշեն և Շոշ գյուղերի մերձակայքում։
Ադրբեջանական կողմի այն պնդումները, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը սահմանում է հայկական զորամիավորումների դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից բացահայտ կեղծիք է, ընդգծում է Հայաստանի արտաքին գերատեսչությունը։
«Ստեղծված իրավիճակում Արցախի Պաշտպանության բանակը, որը ձևավորվել է Արցախի ժողովրդի կողմից 90-ականներին և վերջին 30 տարիներին անվտանգության առանցքային գործոն է հանդիսացել, այսօր էլ ՌԴ խաղաղապահների հետ ապահովում է Արցախի ժողովրդի անվտանգությունը և կյանքի իրավունքը: Առանց Պաշտպանության բանակի Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել իր պատմական հայրենիքում և Պաշտպանության բանակը Արցախից դուրս բերելու սցենարը Արցախը հայաթափելու սցենար է», – շարունակում է արտգործնախարարությունը։
Կառույցը պնդում է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հայկական զորամիավորումների դուրսբերումը նախատեսված է միայն Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններից, «որոնք հստակորեն մատնանշված են հայտարարությունում»։
Հայկական կողմն, ըստ կառույցի, ամբողջովին կատարել է հայտարարության հիշյալ կետերը՝ մինչդեռ Ադրբեջանը այդ նույն շրջաններից ներթափանցել է Հայաստանի ինքնիշխան տարածք և այնտեղ ապօրինի տեղակայվել։
«Մայիսի 12-ից սկսված Հայաստանի Հանրապետության դեմ այս ոտնձգությունները հանգեցրել են մարդկային զոհերի և լրջորեն վտանգել են տարածաշրջանային անվտանգությունը։
Համոզված ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսումը, նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների ամբողջական իրականացումը և արձանագրված խախտումների հետևանքների վերացումը այդ թվում՝ հրադադարի անվերապահ պահպանումը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումը, հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անհապաղ հայրենադարձումը կարող են նախադրյալներ ստեղծել տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ամրապնդման համար»,- եզրափակում է Հայաստանի դիվանագիտական կորպուսը։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի ՊՆ-ն այսօր ավելի վաղ Հայաստանին մեղադրել է Ղարաբաղում վերջին օրերին նոր զորքեր կենտրոնացնելու, նոր հենակետեր ստեղծելու մեջ։