Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կառավարության քննարկմանը ներկայացրեց «Բյուջետային համակարգի մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնության փաթեթը, որով առաջարկվող բարեփոխմամբ կներդրվի ընդերքօգտագործման ոլորտից ստացված եկամուտների արդարացի վերաբաշխման հայեցակարգը։
Նախարարը խնդրեց ուշադրություն դարձնել «արդարացի վերաբաշխում» արտահայտությանը, որը և դրված է փաթեթի հիմքում։
«Նախագծով առաջարկվում է հանքարդյունաբերության ոլորտում ռոյալթի վճարողների կողմից պետբյուջե վճարված գումարների 2 տոկոսը ուղղել տվյալ ազդակիր համայնքներին։ Ուզում եմ ավելացնել, որ նոր 2 տոկոսի մասին չէ խոսքը, այլ արդեն վճարված 2 տոկոսից մասհանման մասին», – հավելել է Սանոսյանը։
Այս, ըստ նրա, ոչ մեծ ծավալի գումարների վերաբաշխումն իրականում նպատակ ունի միջազգայնորեն լայն կիրառվող մշակույթ ներմուծել, որի հիմքում ընկած է հետևյալ գաղափարը․ այն համայնքներում, որտեղ աշխարհագրորեն առկա են բացառապես բնական ռեսուրսներ, հնարավոր է զարգացնել միայն ընդերքօգտագործման այդ ուղղությունները, և տվյալ համայնքները կրում են դրա ազդեցությունը։
«Խոսքը ոչ միայն բնապահպանական, այլ տարբեր ազդեցությունների մասին է՝ տնտեսական, երբեմն տարբեր ենթակառուցվածքներ զարգացնելու անհրաժեշտություն է առաջանում՝ տվյալ գործունեությամբ պայմանավորված։
Ուստի վերջիններիս հնարավորություն է տրվում տրամադրված գումարներն ամեն տարի ուղղել որևէ ծրագրի՝ լինի բուժհաստատություն կամ այլ ծրագիր»։
Սանոսյանը կարևորեց այն հանգամանքը, որ, ինչպես օրենքն է նախատեսում, մասհանմամբ իրականացվող ծրագիրը հաստատվելու է ավագանու կողմից․ «Ավագանու դերակատարումը մենք մեծացնում ենք, և էնպես չի, որ կարող են որոշել վերանորոգել համայնքապետի կաբինետը, այլ ավագանին որևէ տնտեսական ծրագրի կուղղի այս գումարները»։
Իսկ համապատասխան հաշվետվությունները պետք է հրապարակվեն ՏԻՄ-ի և մարզպետարանի կայքէջերում․ այդիպիսով, նախարարի համոզմամբ, կապահովվի թափանցիկությունը և հաշվետվողականությունը։
Նախագիծը, Սանոսյանի խոսքով, քննարկվել է նաև քաղհասարակության և տարբեր կազմակերպությունների հետ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, իր հերթին, մի քանի դիտարկում արեց, մասնավորապես, նտակեց, որ նշված «փոքր գումարը», նախորդ տարվա կարգավորումների սահմաններում, կազմում է մոտ 700 միլիոն դրամ։
«Եվ եթե հաշվի առնենք, որ մենք, ընդհանուր առմամբ, հիմա ռոյալթիների համակարգը վերանայելու գործընթացի մեջ ենք և հաշվի առնելով, որ մետաղների գները կանխատեսումներով շարունակաբար բարձրանալու են, նույնիսկ նախորդ տարվա չափանիշներով փոքր չի, որովհետև եկեք հաշվի առնենք, որ համայնքները կարող են այդ գումարներով իրենց սուբվենցիոն հնարավորություններն ընդլայնել։ Եթե չեմ սխալվում, 23 համայնքի մասին է խոսքը։
Մենք հիմա սուբվենցիոն համակարգով շատ կարևոր մեխանիզմ ենք գործարկել։ Հետեվելով լրատվությանը, տեսնում ենք, որ Հայաստանում փողոցներ, որոնք 50 տարի չեն նորոգվել, նորոգվում են, ճանապարհներ, որոնք 50 տարի չեն նորոգվել, նորոգվում են, պուրակներ, որոնք հիմնադրման օրվանից չեն նորոգվել, նորոգվում են։ Կարծում եմ, որ մեխանիզմն ավելի կարևոր է։
Այլ բան, որ մենք պետք է, ինչպես նշեցիք, հանքարդյունաբերության համակարգն ավելի արդարացի հարկենք, որպեսզի ավելի արդարացի բաժին հասնի և՛ Հայաստանի Հանրապետությանը, և՛ համայնքներին»։
Կառավարության ղեկավարը ճիշտ համարեց կաբինետներ նորոգելու պետական համակարգի ձգտումները զսպելը, սակայն, ըստ նրա, իշխանությունների կանխավարկածն այն չէ, որ պաշտոնյաները պետք է քարուքանդ կաբինետներում աշխատեն․
«Բացարձակապես պետպաշտոնյայի կոմֆորտն ապահովելու մասին չէ խոսքը, չնայած դա՛ էլ է կարևոր, որովհետև՝ ինչքանո՞վ է աշխատանքային միջավայր ձևավորված, որ մարդը կարողանա կենտրոնանալ աշխատանքի վրա»։
Պատասխանելով դիտարկումներին, Սանոսյանը նշեց, որ վերջին տվյալներով, այս պահին գումարը կկազմի 902 միլիոն դրամ, այսինքն՝ այդքան գումար կուղղվի ազդակիր համայնքներին։
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի կարծիքով՝ նախագծի ընդունմամբ համայնքների ապակենտրոնացման ուղղությամբ ևս մի գործնական քայլ է կատարվելու․ «Արդյունքում մեր երկրի ծայրամասային, երկրորդային քաղաքներն ու բնակավայրերը համաչափ զարգանալու հնարավորություն են ստանալու»։
Որոշումն ընդունվեց միաձայն։