Թեև իշխանության ներկայացուցիչները հաճախ խոստումներ են տալիս համայնքների համաչափ զարգացման վերաբերյալ և համապատասխան օրենքներ մշակում, սակայն փաստացի, բացի Երևանից, մյուս համայնքները շարունակում են աղետալի վիճակում մնալ։ Epress.am֊ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Լոռեցիների միավորում» ՀԿ֊ի նախագահ Մենուա Բրուտյանը։ Նա ընդգծել է, որ իր պնդումը հիմնավորում է 2016 թվականի բյուջեի նախագիծը, որի վերաբերյալ քննարկումները դեռ շարունակվում են ԱԺ-ում։
«Կառավարությունը շարունակում է հատկացումների մեծ մասն անել Երևանում, հասկանալի է, որովհետև պաշտոնյաները հիմնականում Երևանում են ապրում, իրենց բիզնեսները Երևանում են։ Սակայն այլ համայնքների վիճակն օրեցօր ավելի աղետալի է դառնում։ Պետք է դեմ լինել բյուջեի նախագծին, հատկապես աբսուրդ է պաշտոնյաների ծառայողական մեքենաների վրա 2.5 միլիարդ դրամ ծախսելը, երբ դեռևս անցյալ տարվա՝ 2015 թվականի բյուջեով Կառավարությունը համայնքներին պարտք է», ֊ ասել է Բրուտյանը։
Բանն այն է, որ 2015 թվականին երկու անգամ բարձրացվել է նվազագույն աշխատավարձը՝ 45.000 դրամից դառնալով 50, հետո էլ՝ 55 հազար դրամ։ Մինչդեռ, ինչպես նշել է Բրուտյանը, համայքների բյուջեները կազմվել էին՝ հիմք ընդունելով 2014 թվականին գործող 45 հազար դրամ նվազագույն ամսական աշխատավարձը: Այդ լրացուցիչ բյուջետային ծախսերի կատարման համար համայնքների բյուջեներում հատկացումներ չէին նախատեսվել, համայնքն իր միջոցներից էր արել այդ վճարումները։ Բրուտյանի խոսքով՝ համայնքները իրենց հաշվին են վճարել նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պահանջին համաձայն ՏԻՄ համակարգում 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված անձանց սոցվճարները։
«Համայնքներն իրենց հոգսերի գումար էլ չունեն։ Միայն Վանաձորում 84 բազմահարկ շենքեր կան, որոնք գտնվում են վթարային վիճակում։ Կառավարությանը դիմում ենք, մերժում են։ Կամուրջներ կան, որ անանցանելի են, վերանորոգման կարիք ունեն։ Լուսավորություն չկա։ Երևանում հատկացվել է 19 միլիոն եվրո՝ լուսավորման համակարգի արդիականացման համար։ Ի՞նչ լուսավորության արդիականացման մասին է խոսքը, երբ բազմաթիվ այլ համայնքներում գիշերային լուսավորություն ընդհանրապես չկա: Այսպե՞ս է մեր երկրում իրականացվում ապակենտրոնացման և մարզերի համաչափ զարգացման քաղաքականությունը», ֊ ասել է Բրուտյանը։