Ադրբեջանի ՊՆ-ն Հայաստանին մեղադրում է Ղարաբաղում վերջին օրերին նոր զորքեր կենտրոնացնելու, նոր հենակետեր ստեղծելու մեջ, հաղորդում է Turan.az-ը։
«Վերջին օրերին դիտարկվել է, որ Հայաստանը խախտել է եռակողմ հայտարարությունը, զինված ուժեր տեղափոխելով Ադրբեջանի տարածք, որտեղ ժամանակավորապես տեղակայաված են ռուս խաղաղապահներ, և նոր հայկական դիրքեր բացել Մուխտարաքենդ ու Շուշաքենդ բնակավայրարերի մոտակայքում, ինչպես նաև Քելբաջարի և Լաչինի արևելյան հատվածներում։ Ադրբեջանական բանակը համարժեք միջոցներ է ձեռնարկում նման դեպքերը ճնշելու համար: Սրանով հայկական կողմը միտումնավոր գնում է սադրանքների՝ իրավիճակը սրելու համար։», – ասված է ադրբեջանական ՊՆ-ի հայտարարության մեջ։
Պաշտոնական Բաքուն շարունակում է․
«Այս ամենը տեղի ունենում Հայաստանի պաշտպանության նոր նախարար Արշակ Կարապետյանի՝ ադրբեջանական բանակի նկատմամբ ուժ կիրառելու մասին անպատասխանատու և սադրիչ հրամանի ֆոնին։ Հիշեցնենք՝ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ևս հիշվեց ռազմական սադրիչ դոկտրինով՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ»։ Նրա ամոթալի ճակատագիրը հայտնի է բոլորին…Եռակողմ հայտարարության պահանջների համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը պետք է վերջ դնեն Հայաստանի զինված ուժերի տեղակայմանը Ադրբեջանի տարածքում»։
Հիշեցնենք՝ օգոստոսի 5-ին մի շարք լրատվականներ հաղորդել էին, որ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նույն օրվա նիստին նախարար Արշակ Կարապետյանը «շատ խիստ հրամայել է անմիջապես կրակ բացել և ցանկացած միջոցով ոչնչացնել ադրբեջանցի այն զինվորականներին, որոնք կփորձեն հատել Հայաստանի սահմանը։ Ընդ որում, նա նաև նախազգուշացրել է, որ այն հրամանատարները, ում վերահսկողության տակ գտնվող տարածքում ադրբեջանցիները թեկուզ մեկ սանտիմետր առաջ կգան՝ շատ խիստ պատժվելու են»: