Home / Բնապահպանություն / Կենդանաբանական այգում ուզում են կանխել նախկին ղեկավարության՝ «ուրիշ կերպարով» վերադարձը (թարմացված)

Կենդանաբանական այգում ուզում են կանխել նախկին ղեկավարության՝ «ուրիշ կերպարով» վերադարձը (թարմացված)

Օգոստոսի 11 – 15:53 Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցները վախենում են «անցյալի բարքերի» վերադարձից և շարունակում բողոքել տնօրենի պաշտոնակատարի նշանակման դեմ։

Օրեր առաջ քաղաքապետ Հայկ Մարությանի հրամանով այգու ժ/պ նշանակվեց Արևիկ Մկրտչյանը։ Մինչև տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված թեկնածուն չզբաղեցնի իր պաշտոնը՝ կենդանաբանականը կղեկավարի Մկրտչյանը: Նույն հրամանով «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ տնօրենի տեղակալ Վլադիմիր Սիմոնյանն ազատվել էր տնօրենի պարտականությունների կատարումից․ վերջերս նա վիրահատվել էր և դեռ աշխատանքի չի վերադարձել։

«Մենք կարծում ենք, որ նա [Մկրտչյանը] կոմպետենտ չի։ Սա նախկին ղեկավարության վերադարձն է՝ ուրիշ կերպարով», – հայտարարել է նախկին անասնաբույժ Անուշ Ռաֆայելյանը։

Այգու տարածքում լրագրողների հետ հանդիպած աշխատակիցները նշում էին, որ Մկրտչյանին նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի կամակատարն են համարում։ Որոշումը, ըստ նրանց, զարմանալի է նաև այն պատճառով, որ նույն քաղաքապետարանը աշխատանքի վատ կազմակերպման համար վերջինիս հեռացրել էր պաշտոնից։

Ռաֆայելյանը, ներկայացնելով խնդիրը, հիշեցրեց, որ այգու ղեկավարության դեմ բողոքի ակցիաները սկսվել էին դեռ 2018 թվականին․ «Որովհետև կային բազմաթիվ ապօրինություններ, կառավարումը ոչ պատշաճ էր կատարվում։ Ինքնաբուխ ակցիաների ալիք բարձրացավ։ Դա տևեց մոտ մեկ տարի․․․ Ի վերջո 19-ը թվականին փոխքաղաքապետի հորդորով Ռուբեն Խաչատրյանն իր դիմումի համաձայն ազատվեց պաշտոնից»։

Աշխատակիցներին խոստացել էին, որ պաշտոնը կլինի ոչ թե «նշանակովի, այլ ընտրովի՝ մրցույթի միջոցով»։

«Ըստ քաղաքապետարանի՝ պարոն Սիմոնյանը չի համապատասխանում նշանակված պաշտոնին։ Հիմա հարց․ նշանակելուց ինչո՞ւ չէին պարզել՝ համապատասխանո՞ւմ է, թե՞ չի համապատասխանում», – նկատել է Ռաֆայելյանը։

Ինչ վերաբերում է Արևիկ Մկրտչյանին, ապա նա, ըստ բանախոսի, սերտ կապեր ունի նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հետ, ժամանակին աշխատել է Կենդանաբանական այգում, այնուհետև՝ հեռացվել․ «Դատարանն իր հեռացումը ապօրինի չի համարել․․․ նա մասնագիտությունով տարբեր տեղեր տարբեր բաներ ա ներկայանում, բայց կենդանիների հետ հաստատ կապ չունի։ Ներկայացրել է այգու միջազգային կապերը։ Իր աշխատած տարիներին միջազգային կապերը ոչ մի օգուտ չեն բերել այս այգուն՝ բացի վնասից․ միջազգային կապերի հիման վրա եղել են կենդանիների ոչ համարժեք փոխանակումներ․․․ Կա հարուցված քրեական գործ, որը 3 տարի է՝ քննվում է ու ոչ մի շարժ չկա»։

Խնդիրը անձնավորված չէ, նշել են ակցիայի այլ մասնակիցները։ Նրանց մտահոգում է հետևյալը․ «Մեր պահանջն է՝ Կենդանաբանական այգին չվերածվի խոտածածկի․․․ Մենք ուզում ենք կենդանիներ տեսնել էստեղ, ոչ թե կաֆեներ, կարուսելներ և այլն»։

Ցանկալի պատասխան չստանալու դեպքում, աշխատակիցները շարունակելու են բողոքի ցույցերը․ «Շատ լավ է, որ մտածում են՝ Արևիկ Մկրտչյանը գալու է լավ բանի համար, լավ ծրագրերով, բայց չեմ հավատում։ Ընդամենը 4-5 օր է՝ եկել է, դեռ ոչ մեկի հետ շփում չի ունեցել։ Այ հիմա ինչի՞ չի գալիս, թող գա պարզաբանումներ տա։ Լռությունը վատ նշան է»։

Անձնակազմը իր սեփական թեկնածուն չունի, սակայն համոզված է՝ կենդանասեր, բանիմաց և արհեստավարժ մարդիկ կգտնվեն։

«Ինչի՞ չեն գալիս, ինչի՞ են էդ նույն պլաստինկան էլի պտտում ու պտտում», – եզրափակել է աշխատակցուհին։

Թարմացում ― օգոստոսի 13՝ 21:46 – «Տեղեկացնում ենք, որ Երևանի կենդանաբանական այգու նորանշանակ տնօրենի ժ/պ-ն ոստիկանների ուղեկցությամբ երեկ՝ օգոստոսի 12-ի ուշ երեկոյան, մտել է կենդանաբանական այգու վարչական շենք՝ կոտրելով դուռը, առանց Վլադիմիր Սիմոնյանի իմացության, բացել է տնօրենի աշխատասենյակի «պլոմբած» դուռը և նոր փական դրել», – հայտարարել են Կենդանաբանական այգու աշխատակիցները։ 

Վերջիններս հաղորդագրությանը կցել են նաև Երևանի քաղաքապետին և Հայաստանի վարչապետին աշխատակազմի կողմից ուղղված դիմումների լուսանկարները․