Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերը և Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ՝ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 26-ից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացելու վերաբերյալ։ Այս մասին քիչ առաջ հաղորդել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը։
Ըստ ԱԱԾ-ի, Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության կողմից հայկական կողմին փոխանցվել է տեղեկություն, որ իրենց ուղեկալներից մեկի վրա հարձակում է տեղի ունենցել: Ներկայումս ԱԱԾ սահմանապահ զորքերը օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումներ են իրականացնում ադրբեջանական կողմի տրամադրած տեղեկության վերաբերյալ:
Ճանապարհի վերաբացման ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են, նշված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը նախօրեին փակել է Գորիս-Կապան ճանապարհի այն հատվածը, որը 44-օրյա պատերազմից հետո անցել է Բաքվի վերահսկողության ներքո։ Ադրբեջանը հայտարարել է, թե նախորդ օրն այս հատվածում երկու հայ զինծառայողներ սվինահարել են ադրբեջանցի սահմանապահին։ Պաշտոնական Երևանը հերքել է այդ վարկածը։