Ադրբեջանական կողմը փակել է Գորիս-Կապան ճանապարհի այն հատվածը, որը 44-օրյա պատերազմից հետո անցել է Բաքվի վերահսկողության ներքո։ Ադրբեջանը հայտարարում է, թե նախօրեին այս հատվածում երկու հայ զինծառայողներ սվինահարել են ադրբեջանցի սահմանապահին։ Պաշտոնական Երևանը հերքում է և հիշեցնում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին․․․
«Օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են», – առավոտյան հայտարարել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը:
Կեսօրին ադրբեջանական զինծառայողները փակել են նաև Գորիս-Որոտան ճանապարհը, տեղեկացրել է օմբուդսմեն Արման Թաթոյանը։
Խոսքը Գորիս-Որոտան-Շուռնուխ՝ 21 կիլոմետրանոց հատվածի մասին է, որը 44-օրյա պատերազմից հետո անցել է ադրբեջանական կողմին։
Սյունիքին սահմանակից երկու շրջաններ՝ Կուբաթլուն և Զանգելանը, որոնք պատերազմից առաջ (իբրև անվտանգության գոտի/հարակից շրջաններ) գտնվում էին հայկական կողմի վերահսկողության ներքո, պատերզմի ընթացքում անցել է Ադրբեջանին։ Մինչ այդ գործող սահմանագիծը, որը 30 տարվա ընթացքում շեղումներ է ունեցել սովետական այն քարտեզներից, որոնք իրավական հիմք են հանդիսացել հետսովետական երկրների սահմանները որոշելու համար, ենթակարկվել էր ճշգրտման։ Արդյունքում Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-անոց հատվածը հայտնվել է ադրբեջանական կողմի վերահսկողության տակ։ Նշված հատվածում՝ համաձայն Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների միջև ձեռքբերված համաձայնության, 2020-ի տարեվերջին ռուս սահմանապահներ էին տեղակայվել․ ադրբեջանական կողմը համաձայնել էր դրան և հայտարարել, որ չի խոչընդոտելու ճանապարհի այդ հատվածով հայկական մեքենաների տեղաշարժը։ Եռակողմ փաստաթուղթ, սակայն, այն ժամանակ չէր ստորագրվել։
«Այդ հատվածում, խոսքը 21 կիլոմենտրանոց հատվածի մասին է, որը Խորհրդային Միության քարտեզներով դուրս է եղել Խորհրդային Հայաստանի տարածքից, այդ տեղերում ադրբեջանցիները փակել են ճանապարհը՝ որպես պատճառ բերելով, թե նախորդ գիշեր միջադեպ է տեղի ունեցել, հայկական կողմից մարդիկ են մտել և դանակահարել ադրբեջանցի սահմանապահներին։
Մենք պաշտոնապես ասում ենք, որ այդ տեղեկությունը՝ դանակահարության վերաբերյալ, իրականությանը չի համապատասխանում։ Եթե անդրբեջանական կողմը հիմնավորումներ ունի, որ էդպիսի բան եղել է, մենք կոչ ենք անում՝ թող փոխանցեն մեզ, մենք էլ հասկանանք, թե ինչ է եղել․․․Բայց այն, ինչ տեղի է ունեցել [ճանապարհը փակվել է], հակասում է ՊՆ 2020 թ․ դեկտեմբերի 19-ի պայմանավորվածությանը, որը ձեռք է բերվել Հայաստանի և Ռուսաստանի միջև և ամրագրվել է․․․», – Ազգային ժողովում պարզաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Միջադեպի մասին ադրբեջանական կողմը հայտարարել է դեռևս երեկ․ ըստ պաշտոնական Բաքվի, Գորիս-Կապան ճանապարհի այս նույն հատվածում օգոստոսի 25-ին՝ ժամը 15։45 սահմաններում, երկու հայ զինծառայողներ հարձակվել են ադրբեջանցի սահմանապահի վրա, ձեռնամարտի ժամանակ՝ սվինով հարվածել նրա կրծքավանդակին, հետո դիմել փախուստի։ Միջադեպի համար ողջ պատասխանատվությունը հայկական կողմի վրա դնելով՝ ադրբեջանի ռազմական գերատեսչությունը սպառնացել էր «համարժեք պատասպանով»։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը անմիջապես հերքել էր այս տեղեկությունը՝ որակելով այն որպես «բացարձակ կեղծիք»։ «ՀՀ ԶՈւ զինծառայողների մասնակցությամբ նման միջադեպ տեղի չի ունեցել», – հայտարարել էր ՊՆ-ն։