Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության հայտարարությունը, թե երկու հայ զինծառայողներ հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հստվածում հարձակվել են ադրբեջանցի զինծառայողի վրա և սվինով վնասվածքներ հասցրել նրան:
Հայաստանի ռազմական գերատեսչությունը սա «բացարձակ կեղծիք» է որակել։
«ՀՀ ԶՈւ զինծառայողների մասնակցությամբ նման միջադեպ տեղի չի ունեցել», – հայտարարել է ՊՆ-ն։
Արցախի օմբուդսմենն էլ ավելի վաղ հայտարարել է, որ օգոստոսի 24-ին՝ օրվա ընթացքում և մինչև ուշ գիշեր Շուշիի մոտակայքում՝ Շոշ և Մխիթարաշեն համայնքների ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը տևական կրակահերթեր է արձակել հայկական դիրքերի և դրանց մոտակայքում տեղակայված հայկական խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։
Տարբեր զինատեսակների բեկորները, ըստ Ստեփանյանի, հասել են Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղի բնակելի հատված, իսկ օգոստոսի 24-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում Շուշիի հատվածից արձակված կրակոցներից տուժել է համայնքի բնակիչներից մեկի տունը։
«Խաղաղ բնակավայրերի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը պետք է հեռացվեն բնակավայրերից այնպիսի հեռավորության վրա, որտեղից հնարավոր չի լինի ուղիղ դիտարկմամբ նշանառության տակ պահել քաղաքացիական բնակավայրերը․․․», – ընդգծել է օմբուդսմենը։
Ադրբեջանական կողմն այս հայտարարությանը չի արձագանքել։