Օգոստոսի 25-ին Ղարաբաղի Մարտակերտ քաղաքի Տերյան փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ջամիլ Բաբաևը։ Նա ձերբակալվել է, կատարվում է հետաքննություն։ Այս մասին հայտնում է Ղարաբաղի դատախազությունը։
Նույն օրը վերջինս բերման է ենթարկվել ԱՀ ազգային անվտանգության ծառայություն: Հարուցվել է քրեական գործ առերևույթ պետական սահմանն ապօրինի հատելու, հիշյալ բնակարանի անչափահաս բնակիչներին սպանության սպառնալիք տալու և լրտեսության հատկանիշներով նախատեսված հանցավոր դեպքերի կապակցությամբ։ Բաբաևը ձերբակալվել է, կատարվում է հետաքննություն։
«Միաժամանակ հարկ ենք համարում արձագանքել սույն դեպքի շուրջ երեկվանից սկսված հրապարակումներին։ ԱՀ դատախազությունն անընդունելի է համարում Արցախի Հանրապետության ներքին ու արտաքին անվտանգությանն ու ռազմական ոլորտին վերաբերող տեղեկությունների տարածման, հրապարակման, համացանցային տիրույթ ներբեռնելու և ինքնագործունեության նմանատիպ այլ դրսևորումները։ Դրանք հաճախ կարող են առաջացնել անդառնալի հետևանքներ, խոչընդոտել այլ հանցագործությունների արագ կանխման, խափանման և դեպքի հանգամանքների լիարժեք բացահայտման գործին, առաջացնել չհիմնավորված խուճապ կամ անվերահսկելի ու անկառավարելի վիճակ՝ իր բոլոր բացասական հետևանքներով, որոնք կարծում ենք հասկանալի ու կռահելի են։ Նման դրսևորումները զուգորդվում են նաև մարդկանց անձնական կյանքի վերաբերյալ տեղեկությունների հրապարակմամբ, տուժողի բնակարանի, ինքնության կամ անձնական այլ տվյալների բացահայտմամբ, որը ևս ենթակա է բացառման», – մասնավորապես, ասված է դատախազության հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հաստատել է զինծառայողի՝ Արցախի տարածքում հայտնվելու փաստը՝ հայտարարելով, որ Մարտակերտում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողն ինքնակամ լքել էր Գյանջայի հիվանդանոցի հոգեբուժական բաժինը, վերջինիս դեմ քրեական գործ է հարուցվել, իրականացվում է քննություն։ Այս մասին հայտնում է Interfax.az-ը։