Կառավարությունը մտադիր է համաներել 44-օրյա պատերազմին մասնակցած այն քաղաքացիներին, որոնք անցնում են զինվորական ծառայության կարգի դեմ քրեական գործերով։
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառվում է Քննչական կոմիտեի առաջարկած «Համաներման մասին» օրենքի նախագիծը։
Թեև վիճակագրություն չի նշվում ու հայտնի չէ, թե ընդունելու դեպքում՝ քանի՞ հոգու վրա կտարածվի համաներումը, նշվում է, որ կհամաներվեն ինչպես մինչև պատերազմի սկիզբը՝ սեպտեմբերի 26-ը ներառյալ, ոչ մեծ և միջին ծանրության հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված անձինք, այնպես էլ՝ ռազմական գործողությունները դադարելուց հետո՝ նոյեմբերի 9-ից մինչև մարտի 24-ը զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցանք կատարելու համար դատապարտված զինծառայողները։
Համաներման գաղափարը դրական է գնահատվում․ իրավապաշտպան Վարդան Հարությունյանի կարծիքով՝ կալանավայրերը պետք է բեռնաթափել։
«Կալանավայրերը չեն և պատիժը չի, որ մարդկանց շտկում են, սոցիալական վիճակն է մարդուն փոխում ավելի շատ, իսկ ինչ վերաբերում է էս դեպքին, քանի որ պատերազմի մասնակիցներին է վերաբերվում, առավել ևս շատ ավելի ողջունելի է։ Ես չգիտեմ՝ ինչ տեսք կստանա էդ նախագիծը, որը կդառնա նախագիծ, այնուհետև՝ օրենք, բայց եթե դա լինի մոտավորապես էն, ինչ ես պատկերացնում եմ, որի հիմքով մարդիկ կարող են, այո՛, կա՛մ ազատ արձակվել, կա՛մ նվազեցնել պատիժը, դա ողջունելի է», – Հարությունյանի խոսքերն է մեջբերում «Ազատություն» ռադիոկայանը։
Վերջին անգամ համաներում էր հայտարարվել 2018 թվականին։ Գլխավոր դատախազության տվյալներով, այն ժամանակ համաներվեց ավելի քան 4 600 մարդ։
Զինվորական գործերով մասնագիտացված փաստաբան Նորայր Նորիկյանը այն կարծիքին է, որ անհրաժեշտ էր մեծացնել համաներվողների շրջանակը, հակառակ դեպքում այս խտրական մոտեցումը իր հետ խնդիրներ կբերի։
«Երկրորդը՝ կարող է քաղաքական շահարկումների տեղիք տալ, որ համաներվում են մարտական գործողություններից հրաժարվող, կա՛մ պատերազմի ընթացքում հրաման չկատարող, մարտական դիրքը լքող, կա՛մ տարբեր բնույթի, որովհետև, եթե Դուք ուսումնասիրեք զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների բնույթը և այն բոլոր հոդվածները, որոնց վրա կարող է տարածվել համաներումը, այդպիսի ընկալում կարող է ձևավորվել։ Մարդկանց մոտ կարող է տպավորություն ձևավորվել, որ իրենք վարժական հավաքներից, ռազմական դրության ժամանակ ծանուցագիր ստանալուց և զորակոչվելուց, հրամանը չկատարելու պայմաններում կարող է պետությունը նրանց նկատմամբ այսպիսի մարդասիրական վարքագիծ դրսևորի», – ասաց փաստաբանը։
Նորիկյանն ուշադրություն է դարձնում նախագծի այն հատվածին, որը տարածվում է պատերազմից հետո դատապարտվածներին։ Ենթադրվում է, որ այն կարող է վերաբերել 44-օրյա պատերազմի ժամանակ հանցագործություն գործածներին։
44-օրյա պատերազմի վերաբերյալ դատախազությունում ավելի քան 1600 գործ է հարուցվել։ Այս գործերն առնչվում են թե՛ ադրբեջացիներին, թե՛ Հայաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականներին։
Նախագիծը հանրային քննարկման է դրվել մինչև սեպտեմբերի 7-ը։ Դրանից հետո, ենթադրվում է, կուղարկվի խորհրդարան՝ քննարկման և ընդունման։