Բաքվում շարունակվում է հայ գերիների նկատմամբ սկսված դատական գործընթացը։ Այսօր տեղի է ունեցել դատական երկու նիստ, դրանցից յուրաքանչյուրում մեղադրյալին աթոռին 13 հայ ռազմագերի։ Երկու նիստերի ընթացքում էլ դատախազների կողմից ընթերցվել է մեղադրական եզրակացություն, որին կհաջորդի մեղադրյալների վկայությունների փուլը։
Գերիները մեղադրվում են «հանցավոր խմբավորման կամ խմբի կողմից նախապես համաձայնության գալով ահաբեկչություն իրականացնելու», «կազմակերպված խմբում զենքի անօրինական շրջանառության», «օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծման» «ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կամ անհատների վրա հարձակումների կատարման», ինչպես նաև «մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից նախապես համաձայնության գալով Ադրբեջանի սահմանի ապօրինի հատման» համար։
Բացի այդ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ տարբեր ժամկետներում ու տարբեր վայրերից գերեվարված Լյուդվիգ Մկրտչյանն ու Ալյոշա Խոսրովյանը մեղադրվում են Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու, ինչպես նաև Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցի գերիներին խոշտանգելու մեջ։ Երեկ վկայություններ են տվել նաև մարդիկ, ովքեր խոշտանգման գործով տուժողի կարգավիճակ ունեն։
Trend գործակալության փոխանցմամբ՝ ցուցմունք է հնչել նաև այն մասին, իբր հենց Լյուդվիգ Մկրտչյանն է Առաջին պատերազմում գերեվարված Ազեր Ասլանովին հրամայել 1994 թվականին պայթեցնել Բաքվի մետրոն։ Ցուցմունք տվողը Ասլանովի հետ գերեվարված և Ստեփանակերտում պահված ադրբեջանցի զինվորական Զահիդ Հասանովն է։ Զինվորականը պնդում է, որ Ասլանովը Սամվել Բաբայանի աշխատասենյակում առանձնազրույց է ունեցել հայ զինվորականների հետ, որին ներկա է եղել նաև Լյուդվիգ Մկրտչյանը, ով էլ տվել է պայթյունն իրագործելու կարգադրությունը։ Հասանովը, սակայն, «հրամանի պահին» ներկա չի եղել։
Հիշեցնենք՝ Մինչ այս Հայաստան էր վերադարձել 87 (ռազմա)գերի։
Թեև կողմերը համաձայնել էին (ռազմա)գերիների փոխանակումը կազմակերպել՝ հիմնվելով «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի վրա, նոյեմբերի 10-ի զինադադարից հետո Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում գերեվարված պահեստազորայիններից մի մասի նկատմամբ ադրբեջանական կողմն այդ սկզբունքը կիրառել հրաժարվում է և հայտարարում է, որ նրանք ոչ թե ռազմագերի են, այլ դիվերսանտ։ Խծաբերդում գերեվարվածներից որոշ զինվորներ, սակայն, վերադարձել են Հայաստան։ Բացի այդ՝ հունիսի 14-ին Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտվեց Շուշիից գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանը, ով ևս մեղադրվում է «ահաբեկչության», ինչպես նաև «վարձկանության» մեջ։ Նրա ընկերուհին՝ լիբանանահայ Մարալ Նաջարյանը, ավելի վաղ ազատ էր արձակվել և մեկնել Բեյրութ։
Հունիսի 18-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նույն օրվա դրությամբ ունենք հաստատված 60 գերի, կա վարկած ևս 110 հոգու գերեվարված լինելու մասին։