Home / Դատարան / Բաքվում սփյուռքահայ «վարձկանին» 20 տարի տվեցին

Բաքվում սփյուռքահայ «վարձկանին» 20 տարի տվեցին

Բաքվի դատարանը Վիգեն Էուլջեքչյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման: Նոյեմբերի 10-ին Շուշիում գերեվարված լիբանանահայը մեղադրվում է «վարձկանության» և «ահաբեկչության» մեջ։ Նրան, ընդհանուր առմամբ, ներկայացվել էին 5 տարբեր մեղադրանքներ

Հունիսի 8-ին կայացել էր Էուլջեքչյանի գործով դատական նիստը։ Նիստի մեկնարկին դատարանն «ուսումնասիրել է» Էուլջեքչյանի ընկերուհու՝ Մարալ Նաջարյանի «ցուցմունքների» տեսագրությունը։ Ցուցմունքները վերցվել են գերության ընթացքում։ Տեսագրությունում, ըստ աղբյուրի, Նաջարյանը պատմում է, թե պատերազմի ընթացքում Էուլջեքչյանի հետ մեկնել են Շուշի, որտեղ վերջինս մեկ այլ լիբանահայի կողմից առաջարկ է ստացել մասնակցել ռազմական գործողություններին՝ 2000-2500 դոլար հավելավճարի դիմաց, համաձայնել է, սակայն մի քանի օր հետո փախել է ռազմաճակատից՝ հայտարարելով, թե (ուղիղ մեջբերում դատական գործից) «ադրբեջանցիք չափազանց ուժեղ են» և «բոլոր արտասահմանցի վարձկանները արդեն զոհվել են»։ Այնուհետև զույգը, ըստ գործի, մեկնել է Լաչին, իսկ նոյեմբերի 10-ին՝ իմանալով, որ ռազմական գործողություններն արդեն ավարտվել են, շարժվել դեպի Շուշի՝ իրերի հետևից, և ձերբակալվել ադրբեջանցի զինվորականների կողմից։

Էուլջեքչյանը հերքել է գերության մեջ գտնվող ընկերուհուց վերցված ցուցմունքները։ Սա դատարանի կողմից առանձնակի ուշադրության չի արժանացել։

Չորս ամիս գերության մեջ մնալուց հետո Մարալ Նաջարյանը, հիշեցնենք, վերադարձվել է Բեյրութ։ Վիգեն Էուլջեքչյանը մնացել է Բաքվում՝ բանտարկության մեջ։

Ավելի վաղ Ավելի վաղ Ադրբեջանի պետանվտանգության ծառայության տեսանյութ էր տարածել, որում Վիգեն Էուլջեքչյանը ներկայացվում էր որպես պատերազմին մասնակցած վարձկան, ով 2500 դոլարի դիմաց կռվել է Ադրբեջանի դեմ։

Դեռևս պատերազմի ժամանակ, երբ հայկական կողմը և Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները հայտարարում էին Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններում սիրիացի վարձկանների ներգրավման մասին, Ադրբեջանը հանդես էր գալիս «հայելային» մեղադրանքներով, թե հայկական կողմից ռազմագործողություններին մասնակցում են օտարերկրյան քաղաքացիներ (սփյուռքահայեր): Վերջիններիս պաշտոնական Բաքուն «վարձկան» էր անվանում՝ այդկերպ, ըստ էության, արձագանքելով իրեն ուղղված մեղադրանքներին։ Վիգեն Էուլջեքչյանի քրեական գործն ադրբեջանական կողմ այժմ օգտագործում է այս գծի շրջանակներում։

Հիշեցնենք նաև, որ մայիս 4-ին Սյունիքի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց երկու սիրիացիների, որոնք գերեվարվել էին 44-օրյա պատերազմի ընթացքում։ Վերջիններս մեղադրվում էին վարձկանության և ահաբեկչության մեջ։ Պատիժը կրում են Հայաստանում։