Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանում՝ առաջին իսկ նիստի ժամանակ, ցմահ ազատազրկման են դատապարտվել վարձկանության մեջ մեղադրվող Սիրիայի երկու քաղաքացիներ՝ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերին ու Յուսեֆ Ալաբեդ ալ Հաջին։
Ամբաստանյալները մեղադրվում էին նաև միջազգային ահաբեկչության և մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների մեջ։
Ալ-Շխերին հարցաքննության ընթացքում նշել էր, որ հոկտեմբերի 17-ին Սիրիայից անխոչընդոտ 50 հոգանոց խմբով հատել են Թուրքիայի սահմանը, որտեղից ավտոբուսներով տեղափոխվել են օդանավակայան: Ինքնաթիռով մեկնել են Թուրքիայի մեկ այլ օդանավակայան, որտեղ իրենց դիմավորել են թուրք զինվորականներ և ուղեկցել դեպի Ադրբեջան թռչող քաղաքացիական ինքնաթիռ: Հոկտեմբերի 18-ի առավոտյան ինքնաթիռը վայրէջք է կատարել Ադրբեջանում: Օդանավակայանում իրենց չեն ստուգել և տեղափոխել են ռազմական օբյեկտներից մեկը, տվել են ադրբեջանական զինուժի համազգեստ և զենքեր:
Ալ Հաջին ծնվել է Սիրիայի Իդլիբ նահանգի Ջսեր Ալ-Շահուր քաղաքի Ալ-Զիեդյե գյուղում։ Կրթություն չունի, գրել և կարդալ չգիտի։ Ամուսնացած է, ունի 5 անչափահաս երեխա։ Զբաղվել է անասնապահությամբ և հողագործությամբ։ Ալ-Հաջիին և ևս մոտ 500, իր խոսքով, հոգու տեղափոխել են Սիրիայից Թուրքիա, իսկ այնտեղից էլ՝ Ադրբեջան։ Ընդ որում՝ առանց փաստաթղթերը ստուգելու։
«Մեր տուն եկավ մեր հարևանը․․․ Նա ինձ առաջարկեց գումարի դիմաց գնալ Ադրբեջան։ ․․․Ասաց, որ զորավարժություններ են անցկացվում։ Ինձ պետք է վճարեին ամսական 2000 ԱՄՆ դոլար։ Նա ասաց, որ ուրիշ երիտասարդներ էլ կան՝ հարևան Սարարիֆ և Սահամն գյուղերից, որոնց մի մասը արդեն մեկ ամիս է՝ ինչ գտնվում են Ադրբեջանում»,- նշել է Ալ-Հաջին
Սիրիացին պատմել էր․ որ հոկտեմբերի 28-ին Ադրբեջանում նրան և նրա հետ ժամանած մյուս սիրիացիներին դիմավորել են Ադրբեջանի և Թուրքիայի ԶՈՒ զինծառայողները։ Նրանց տարել են կենտրոնական զորամաս, տվել են համազգեստ և զենք։ 3 օր անց նրանց տեղափոխել են մեկ այլ զորամաս, որտեղ արդեն իսկ մոտ 500 սիրիացի վարձկաններ կային։