Քիչ առաջ Բաքվից Երևան են վերադարձել ևս 3 հայ ռազմագերիներ։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի արդյունքում և միջազգային հանրության օրեցօր աճող ճնշման պայմաններում Ադրբեջանը վերադարձրել է երեք հայ ռազմագերների: Լիահույս ենք, որ այս գործընթացը կունենա իր տրամաբանական շարունակությունն ու շուտափույթ ավարտը»,- հայտնել են փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից։
Մինչ այս Հայաստան է վերադարձել 72 (ռազմա)գերի։ Հայկական կողմը Եվրադատարան է ուղարկել 250 անձի գերեվարման մասին դիմումներ: Նրանցից 230-ի վերաբերյալ ՄԻԵԴ-ը կիրառել է միջանկյալ միջոց։
Ապրիլի 8-ի ուշ երեկոյան վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի կողմից հաստատվել էր, որ առաջիկա ժամերին Բաքվից հայ ռազմագերիների նոր խումբ պետք է ժամանի։ Գերիների և անհետ կորածների ծնողները հավաքվել էին «Էրեբունի» օդանավակայանում։ Օդանավը, սակայն, ժամանեց առանց ռազմագերիների։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնեցին, որ գերիների վերադարձը կրկին հետաձգվում է։
ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակից հայտնում են, որ հաշվի առնելով վերադարձածներին՝ դատարանի ուշադրության ներքո է մնում 183 անձի վերաբերյալ դիմում։ Նրանցից միայն 72-ի առկայությունն է հաստատվել Ադրբեջանի կողմից։
Թեև կողմերը համաձայնել էին (ռազմա)գերիների փոխանակումը կազմակերպել՝ հիմնվելով «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի վրա, նոյեմբերի 10-ի զինադադարից հետո Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում գերեվարված 62 հայ պահեստազորայինների նկատմամբ ադրբեջանական կողմն այդ սկզբունքը կիրառել հրաժարվում է և հայտարարում է, որ նրանք ոչ թե ռազմագերի են, այլ դիվերսանտ։ Միևնույն ժամանակ՝ Խծաբերդում գերեվարվածներից 8-ն արդեն վերադարձվել են Հայաստան։