Դեկտեմբերի 14-ին Բաքվից Հայաստան վերադարձած 44 (ռազմա)գերիներից 3-ին կրկին ուղարկել են զինծառայության, գրում է «Ազատությունը»։
18-ամյա Սարո Մարկոսյանը 3 ամսվա զինծառայող էր, երբ ռազմական գործողությունները սկսվեցին։ Պատերազմի ընթացքում նա բեկորային և 3 հրազենային վիրավորում է ստացել ոտքի ու գոտկատեղի շրջանում։
«Դիմել եմ կառավարություն, երեք հոդված ունեմ, ու ինձ էն են ասել, որ քո համար քո էս տարի 2 ամիսը ոչ մի բան չես անելու», – պատմել է Սարոն:
19-ամյա Նարեկ Ներսիսյանը, ով մինչ պատերազմը մեկուկես ամսվա զինծառայող էր, գերեվարվել է Մատաղիսում՝ 7 այլ զինվորների հետ։
Երևան վերադառնալուց հետո զինծառայողներին նախ տեղափոխել են զինվորական հոսպիտալ, որտեղ հայտնել են, որ Սարոն ու Նարեկը ֆիզիկական ու առողջական խնդիրներ չունեն։ Նրանց հետ նաև հոգեբան է աշխատել, իսկ հետո տղաներին ուղարկել են զինծառայության։
Սարոյի ոտքից բեկորը մինչ աժմ չեն հեռացրել, քանի որ վիրահատությունն անցանկալի հետևանքներ կարող է ունենալ։ Նարեկն էլ ասում է՝ ինքը հոգեբանորեն դեռևս պատրաստ չէ ծառայության։
«Հիշողությունները միշտ են, փորձում եմ մոռանամ, բայց նենց բաներ են, որ չեն ջնջվի: Քչացել ա, բայց դե էլի վախեր ունեմ, անքնությունը մանրից անցնում ա, բայց ունեմ էլի», – պատմել է զինվորը:
Տանը գտնվելու 10 օրերի ընթացքում Նարեկը սենյակից դուրս չի եկել, հարազատների հետ շփվել չի ցանկացել, կիսվել է միայն հորեղբոր որդու հետ։
«Լարված, հետը խոսում ես, սենց շարժումներ ա անում, մեր ընտանիքով վախենում ենք, որ ինքը կարա ինչ-որ կռվի մեջ ընկնի», – ասել է զինվորի հորեղբոր որդին՝ Ռուբիկ Մինասյանը:
Նարեկը լքել է զորամասը, Պաշտպանության նախարարություն գնացել, բայց այնտեղ որևէ մեկի հետ չի կարողացել հանդիպել։ Ռազմական ոստիկանությունը հենց նույն օրը տղայի հետևից է եկել ու վերադարձրել զորամաս։
Դեռ հայտնի չէ՝ Նարեկին ու Սարոյին առաջիկայում մշտական տեղակայման վայր կտեղափոխվեն, թե ուր։
Օրենքով, գերության մեջ լինելու փաստը չի նշվում որպես հիմք՝ ծառայությունից ազատելու համար, ասել է «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Էդգար Խաչատրյանը, սակայն հավելել է, որ այդ հարցը կարող է լուծվել կառավարության կողմից։
«Խնդիրը նրանում է, որ այդ օրենքն էլ արդիականացված չէ, հաշվի առնված չէ այս պատերազմական դրությունը, այս իրավիճակը, երկրորդն էլ իշխանությունները այս պահին որևէ գործողություն չեն ձեռնարկում, որպեսզի նմանատիպ խնդիրները լուծեն: Ընդամենը մի հատ կառավարության որոշում է պահանջվում այս պահին, որպեսզի երկար ճանապարհով չգնանք օրենսդրական փոփոխությունների, մի հատ կառավարության որոշում, որը նման սահմանափակում կմտցնի: Նույն խնդիրներն ունենք էդ վիրավորված զինծառայողների հետ, որոնք պատերազմական գործողությունների արդյունքում վիրավորվել են, էլի զորակոչվում են», – բացատրում է Խաչատրյանը:
Իրավապաշտպան Արմինե Սադիկյանն էլ կարևորում է գերությունից վերադարձած զինվորի հոգեբանական վիճակը. «Որքան էլ որ ասեն՝ ֆիզիկապես առողջ է, վիրավորում, վնասվածք չկա, բայց երկարատև աշխատանք է պետք նման մարդկանց հասարակություն վերաինտեգրելու համար, առավել ևս Զինված ուժեր վերադարձնելու համար: Չեմ կարծում, որ այնպիսի ծայրահեղ վիճակում ենք, որ նրա հետ վերադարձը ծառայության համար անփոխարինելի է, և պարտավոր է պետությունը լիարժեք զբաղվել նրա հոգեկան վերականգնման ուղղությամբ»:
Դեկտեմբերին Երևան վերադարձած 44 գերիներից միայն 9-ին էին ժամկետային զինծառայողներ, նրանցից 6-ը զորացրվել են՝ առողջական խնդիրների պատճառով, իսկ Սարոն, Նարեկը և ևս մեկ զինծառայող կրկին տեղափոխվել են ծառայության։
Մինչ այս Հայաստան է վերադարձել 69 (ռազմա)գերի, Երևանից Բաքու է վերադարձել 15-ը։ Հայկական կողմը Եվրադատարան է ուղարկել 250 անձի գերեվարման մասին դիմումներ: Նրանցից 230-ի վերաբերյալ ՄԻԵԴ-ը կիրառել է միջանկյալ միջոց։
ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակից հայտնում են, որ հաշվի առնելով վերադարձածներին՝ դատարանի ուշադրության ներքո է մնում 183 անձի վերաբերյալ դիմում։ Նրանցից միայն 72-ի առկայությունն է հաստատվել Ադրբեջանի կողմից։
Թեև կողմերը համաձայնել էին (ռազմա)գերիների փոխանակումը կազմակերպել՝ հիմնվելով «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի վրա, նոյեմբերի 10-ի զինադադարից հետո Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում գերեվարված 62 հայ պահեստազորայինների նկատմամբ ադրբեջանական կողմն այդ սկզբունքը կիրառել հրաժարվում է և հայտարարում է, որ նրանք ոչ թե ռազմագերի են, այլ դիվերսանտ։ Միևնույն ժամանակ՝ Խծաբերդում գերեվարվածներից 8-ն արդեն վերադարձվել են Հայաստան։