Խծաբերդում գերեվարված պահեստազորայինների հարազատներն այսօր ժամը 6-ից փակել են Շիրակի մարզի ճանապարհները և պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Անհետ կորածների ծնողներն էլ երեկվանից արգելափակել են Պաշտպանության նախարարության մուտքերը, պնդելով, որ մինչև չստանան իրենց հուզող հարցերի պատասխանները, չեն հեռանալու: ՊՆ աշխատակիցների ելումուտ արգելափակված է։ Հարազատները լրատվամիջոցներին չեն թույլատրում լուսաբանել, տեսանկարահանել ակցիան:։
Շիրակի մարզի ելումուտը ևս փակ է բոլոր ուղղություններով։
«․․․Պահանջում ենք մեր ռազմագերիներին, ուրիշ ոչինչ։ Որն օր մինչև այսօր չենք ունեցել ոչ ոքից ոչ մի հստակ պատասխան։ ըստ երևույթին՝ ոչ էլ կունենանք․․»,- «Ազատության» հետ զրույցում ասել է շիրակցի գերիների հարազատներից մեկը, հավելելով, որ երեկ օդանավակայանում գերիների վերադարձին սպասելիս որևէ մեկը իրենց որևէ պատասխան չի տվել, չի ասել, որ օդանավը գերիներ չի տեղափոխում։
«․․․2000 հոգուց ավել մարդկանց մարդիկ արհարմարհած ունեցան։ Այ հենց սրա համար էլ էս քայլին ենք գնում․․․»
Տղամարդը նաև հայտնել է, որ իրենք այլևս Երևան չեն գնալու․
«Մենք սպասում ենք երկրի ղեկավարին, մեր գերագույն գլխավոր հրամանատարին։ Տենսնեք՝ երբ է ցանկություն հայտնելու մեզ հետ հանդիպելու։ Մենք էլ չենք գնա Երևան։ Ամեն օր Երևան[ում ենք], ամեն շաբաթ Երևան։ Էլ չենք գնալու։ Ինքը պետք է գա մեզ հետ հանդիպման»։
Հիշեցենք՝ երեկ ուշ երեկոյան վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի կողմից հաստատվել էր, որ առաջիկա ժամերին Բաքվից հայ ռազմագերիների նոր խումբ պետք է ժամանի։ Գերիների և անհետ կորածների ծնողները հավաքվել էին «Էրեբունի» օդանավակայանում։ Օդանավը, սակայն, ժամանեց առանց ռազմագերիների։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնեցին, որ գերիների վերադարձը կրկին հետաձգվում է։
Ըստ պաշտոնական Բաքվի՝ Ադրբեջանում պահվում էր 72 հայ գերի։ Ըստ պաշտոնական Երևանի՝ գերիների թիվն ավելին է. մինչ այս Հայաստանը 250 մարդու տվյալներ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Թեև Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են (ռազմագերիների) փոխանակումը կազմակերպել՝ հիմնվելով «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի վրա, նոյեմբերի 10-ի զինադադարից հետո Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում գերեվարված 62 հայ պահեստազորայինների նկատմամբ ադրբեջանական կողմն այդ սկզբունքը կիրառել հրաժարվում է (պատճառների մասին՝ այստեղ, այստեղ և այստեղ)։
Առ այսօր Ադրբեջանից Հայաստան է վերադարձել 69 (ռազմա)գերի։ 15 ադրբեջանցի էլ վերադարձվել է Բաքու։