Ռուսական աշխարհը՝ Լեռնային Ղարաբաղում
Ադրբեջանին սահմանակից հայկական Շուռնուխ գյուղում ժամանակին ադրբեջանցիներ էին ապրում, ինչպես ապրում էին Կապանում և Գուգարքում, ինչպես հայերն էին ապրում Սումգայիթում և Բաքվում։ Երբ երկու խորհրդային հանրապետությունների միջև սահմանը դարձավ առաջնագիծ, ադրբեջանցիները հեռացան Շուռնուխից, ինչպես հեռացան Սևանից, ինչպես հայերը հեռացան Չարդախլիից։ Հողը չի հանդուրժում դատարկություն․ գյուղը բնակեցվեց հայերով։ Իսկ երբ անհետացած առաջնագծից այն կողմ ամեն բան սկսվեց Ղարաբաղ համարվել, Շուռնուխը բնական կերպով սկսեց ընդլայնվել՝ և ու՞մ էր այն ժամանակ հետաքրքրում, որ դա Ադրբեջան է։
Փախստակաները չեն վերադառնում․ սա հետխորհրդային պատերազմների անվիճելի փորձն է, որի հետ նախկին ԽՍՀՄ ժողովուրդները ապրել են շուրջ երեսուն տարի։ Եվ հանկարծ ամեն բան փոխվեց, ու յուրաքանչյուր սմարթֆոն այլևս GPS ունի, որի համաձայն՝ երկու հարևան տների միջև կամ հենց բակում այստեղ միջազգայնորեն ճանաչված պետական սահման է անցնում։ Եվ ինչպե՞ս կարող ենք սա վիճարկել, եթե Google Map-ի այս օգտատիրոջ թիկունքին բանակն է, որը հենց նոր հաղթել է պատերազմը։
Քարեր հավաքելու ժամանակը
Այսպես է ամբողջ Սյունիքում՝ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ձգվող հայաստանյան մարզում։ Բանականությունն ու զգացմունքները հրաժարվում են ընդունել սա որպես քաղաքական, առավել ևս՝ իրավական իրողություն։ Թվում է՝ Ադրբեջանի ինչի՞ն են պետք Շուռնուխի 12 տները, երբ հազարավոր քառակուսի կիլոմետրեր են գրավվել, բայց ի՞նչ արած․ «վա՜յ պարտվածներին»-ը հաղթանակի գլխավոր դոկտրինն է։ Հատկապես, երբ առանձնապես հստակ չէ՝ այդ 12 տների տեղում ով, ինչ և ինչպես է մտադիր կառուցել։
Հավանաբար, հենց սա է քննարկվել մոսկովյան հանդիպման ժամանակ, և մենք, թերևս, կարող ենք մոտավոր հաշվարկել դրա խրոնոմետրաժը։ Տևել է այն շուրջ չորս ժամ։ Դատելով տեքստից՝ տրանսպորտային միջանցքների համակարգի մասին վերջնական հայտարարությունը պատրաստվել էր նախապես։ Խմբագրական ուղղումները՝ առավելագույնը կես ժամ, չնայած այնտեղ խմբագրելու առանձնապես ոչինչ չկար։ Մի 10 րոպե էլ, ենթադրաբար, կատակների համար՝ Պուտինի ու Ալիևի, իհարկե։ Լավ՝ մեկ ժամ։
Մնացած ժամանակի ընթացքում փակ դռների ետևում այս կազմով կարելի էր խոսել միայն մեկ բանի մասին՝ Շուռնուխի։ Առանց անուն տալու, գուցե նույնիսկ առանց գիտակցելու, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության իրագործման ընթացքի մասին խոսելիս՝ խոսում են հենց Շուռնուխի մասին։
Բաքուն գուցե և կարող էր մեծահոգություն ցուցաբերել։ Սակայն դրա դիմաց նա, հավանաբար, հստակություն էր պահանջում բուն Ղարաբաղի սահմանների հարցում, որոնք թե՜ զինված հայերի և թե՜ հայ նախարարների կողմից այնպես են հատվում, կարծես պատերազմ չի էլ եղել, և Բաքուն նյարդայնանում է՝ ընդհուպ մինչև սպառնալիքներ։ Ալիևին բավականին բարդ է կառուցողականություն ցուցաբերել Ադրբեջանում պահվող հայ զինծառայողների հարցում․ իրավական ակնհայտ անհամապատասխանությունը խաղարկելու գայթակղությունը չափազանց մեծ է։ Երևանն այդ մարդկանց «ռազմագերիներ» է անվանում, չնայած նրանք գերեվարվել էին զինադադարի մասին հայտարարությունից հետո, և ստացվում է, իրավունքի տեսանկյունից նրանք «դիվերսանտներ» են, «պարտիզաններ», բայց ոչ համապատասխան կոնվենցիաների սուբյեկտներ։ Ուստի՝ Բաքուն այստեղ, հավանաբար, ավելի արժեքավոր՝ Ղարաբաղում հաղորդակցությունների կամ առհասարակ խաղաղապահների կարգավիճակի հետ կապված իր համար կարևոր ինչ-որ բան է ուզում։ Մոսկվան կարող էր մտածել այդ մասին, բայց նրան ժամանակ է հարկավոր, իսկ թե ինչ կկատարվի այդ ընթացքում՝ ոչ ոք չգիտի։ Մի խոսքով՝ սովորական ղարաբաղյան պատմություն․ խնդիրը փաթեթով լուծել չի ստացվում, իսկ փուլային լուծումը ռիսկային է, բայց որ խնդիրը պետք է լուծել՝ ոչ ոք չի վիճարկում։
Բայց կա կարևոր մի մանրուք․ Երևանին սա պետք է այստեղ և հիմա։ Մոսկվան և Բաքուն կարող են նաև սպասել։ Ինչպես բոլորովին վերջերս կարող էին սպասել Մոսկվան ու Երևանը, մինչ Բաքվի ժամանակն, ընդհակառակը, սպառվում էր։
Նուրբ կարմիր գծեր
Իրավիճակն ինչ-որ առումով հայելային է։ Ղարաբաղը՝ թեև ավելի փոքր չափերով, Բաքվի համար մնում է անվերահսկելի։ Հաղթանակն, իհարկե, ակնհայտ է, բայց ոչ վերջնական, և ընդդիմության հետ վեճն այն բաժակի մասին, որը կիսով չափ լիքն է իշխանության և կիսով չափ դատարկ՝ ընդդիմության համար, շատ շուտով կարող է դառնալ քաղաքական սեզոնի հիթը։ Բայց նախաձեռնողականությունն իշխանությունը, հավանաբար, երկար ժամանակով է իր ձեռքն առել, թեպետ քաղաքացիական խանդավառությունը հավերժական չէ։ Ավելին՝ Ղարաբաղի շուրջ ներքաղաքական հակասությունները կարող են շահավետ կերպով շեղել բոլոր շահագրգռված հակառակորդների ուշադրությունը ռեժիմի համար ավելի սովորական ու նվազ հեռանկարային սոցիալ-տնտեսական վեճերից։ Իսկ այստեղ իշխանությունները պատասխանելու բան ունեն, հատկապես, որ եթե Ղարաբաղի մի մասն առաջվա պես օկուպացված է, ապա հաստատ, ստացվում է, ոչ Հայաստանի կողմից, իսկ սա սյուժեի միանգամայն այլ շրջադարձ է։
Մի խոսքով՝ ստատուս-քվոն շրջվել է․ եթե անցյալում ղարաբաղյան կարգավորման բացակայությունն աշխատում էր Հայաստանի օգտին, ապա հիմա այն առնվազն չի աշխատում Ադրբեջանի դեմ։ Իսկ միջանցքների ապաշրջափակման բոնուսները Բաքվի համար լիովին տանելի են դարձնում խաղաղապահների հետ անհարմարությունները։
Իսկ այ Հայաստանի համար կարգավիճակի առաջվա բացակայությունն այժմ խնդիրների անսպառ աղբյուր է։ Շուռնուխի նման տասնյակ գյուղեր կան․ Հայաստանի՝ Քելբաջարին սահմանակից շրջանները հյուսիսում դառնում են նույնքան առաջնագծային, որքան Սյունիքը՝ հարավում։ Եվ այսօրվա Լաչինի միջանցքն ամենևին երեկվանը չէ, այն արդեն միջանցք էլ չէ, այլ ազատագրված հյուսիսն ազատագրված հարավի հետ կապող ադրբեջանական ճանապարհների խաչմերուկ։ Ինչպես և շատ այլ բաներ, տեղաշարժման կանոններն այնտեղ կախված են նրանից, թե Բաքվի հետ ինչ կպայմանավորվի Մոսկվան՝ այն պարագայում, երբ Երևանի օգտին խոսելու առանձնակի պատճառ նա չունի, և մնում է միայն հուսալ։
Այս հույսի դատապարտված եզակիությունը, գուցե, նշան է շատ ավելի լուրջ և իրապես համազգային աղետի, քան ուղղակի պարտությունը պատերազմում։
Այնուամենայնիվ, դրանում միայն Հայաստանի ներկայիս իշխանություններին մեղադրելն անարդար կլիներ։ Պարզապես առաջ դա այդքան էլ աչք չէր ծակում։ Եվ անգամ երբ 2013 թվականին Երևանը մի գիշերում Եվրամիության հետ ասոցացումից վճռականորեն շրջվեց դեպի ԵԱՏՄ, ոչ ոքի չէին զարմացնում բացատրությունները, թե անվտանգության հարցը Հայաստանի համար կարմիր գիծ է, որը հատել նա չի կարող , քանզի Ռուսաստանից բացի երկիրը ոչ ոք չի պաշտպանի։
Այդուհանդերձ, զգուշավոր ենթադրությունները, որ Ռուսաստանը Հայաստանի համար Ադրբեջանի հետ չի պատերազմելու, ևս ոչ ոք չէր հերքում։ Բոլորը տեսնում էին ռուսական շահերի իրական քարտեզը, որի վրա Հայաստանը շատ ավելի քիչ նկատելի էր, քան Ադրբեջանը։ Իրական ռազմական դաշինք կնքվել է միայն ՀԱՊԿ-ում․ դրա վերաբերյալ Հայաստանում ոչ ոք երբեք որևէ պատրանք չի ունեցել։
Հայ-ռուսական երկկողմանի համաձայնագրերից ոչ մեկում փոխադարձ դաշնակցության մակարդակը ռուս-ադրբեջանականից ավելի նշանակալի տեսք չի ունեցել։ Իսկ վերջինս ամենաուղիղ կերպով ձևակերպվել է դեռ 1998-ին․ «Պայմանավորվող Բարձրագույն Կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է չմասնակցել ռազմական, տնտեսական կամ ֆինանսական բնույթի որևէ միջոցառման կամ գործողության, որը ուղղված կլինի Պայմանավորվող Բարձրագույն մյուս Կողմի դեմ, այդ թվում՝ երրորդ երկրների միջոցով»։
Ինչու՞, որտեղի՞ց է վերցվել համազգային այն վստահությունը, որ Մոսկվան անպայման Հայաստանի կողքին կկանգնի իր յուրաքանչյուր պատերազմում։
Էժանացող նվիրվածություն
Իրականում՝ ամեն ինչ շատ ավելի պարզ էր, Հայաստանը փոքր ինչ յուրահատուկ հետխորհրդային մոդել է։ Մի կողմից՝ այստեղ ձևավորվել էր սովորական հետխորհրդային գողական-կլանային պետություն։ Դրա համար պարտադիր չէ բռնապետություն լինել։ Ռեսուրսները կարելի է արդյունավետորեն կորզել ոչ թե երկիրը ճնշելով, այլ հանգիստ մի կողմ քաշվելով՝ առանց խանգարելու, այսպես ասած, ժողովրդավարական գործընթացի զարգացմանը։ Եվ Հայաստանն այդ գաղափարը հասցրեց իր տրամաբանական սահմանին․ իշխանությունը բնավ հրաժարվեց իրեն վստահված երկրի համար պատասխանատվությունից, ինչպես մի օր Ռուսաստանի վրա թոթափեց ինչ-որ բանի համար պիտանի իր արդյունաբերության մնացորդները։ Երբ 2015 թվականին քաղաքացիներն իշխանությանը հարցրեցին՝ ինչու են հոսանքի գներն այդպես աճում, իշխանություններն ուսերը թափ տվեցին՝ մե՞նք ինչ կապ ունենք, հարցը Մոսկվան Է։ Եվ դա սուրբ ճշմարտություն էր։
Մոսկվան չի դավաճանել Հայաստանին, զուտ քանի որ երբեք նրան ոչինչ չի էլ խոստացել և իր վրա որևէ պատասխանատվություն չի վերցրել։ Դե հա, նա Հայաստանին դաշնակից էր անվանում, բայց, ասենք, քի՞չ ժողովուրդներ կան, որոնց Ռուսաստանը եղբայրական է անվանում․․․ այդ թվում՝ ուկրաինացիներին ու վրացիներին։ Կարելի է վիճել Մոսկվայի շարժառիթների և շահերի մասին, բայց Մոսկվան, ինչպես և բոլորը, առաջնորդվում է միմիայն դրանցով, և հայերը մեծամասամբ այս մասին լավատեղյակ են առնվազն 1915-ի ապրիլից։
Այդ Երևանի՛ համար էին ռուս խաղաղապահները շրջադարձային կետ ու վերջին փրկություն։ Ռուսաստանի համար նրանք ինքնանպատակ չեն, ինչպես շատերն են չգիտես ինչու կարծում, այլ ամրապնդման գործիք նոր ստատուս-քվոյի համար, որին նա՝ պահպանելով հինը, սպասել է երեք տասնամյակ։ Ինչպես Հարավկովկասյան երկաթուղին` դուստրը Ռուսական երկաթուղուների, որը երկար տարիներ փայփայում էր հայկական երկաթգծերը՝ իբրև «ինքնին իր»՝ կիսամեռ բեռ իր հաշվեկշռի վրա։ Իսկ հիմա, եթե ամեն ինչ ստացվի, Հարավկովկասյան երկաթուղին կդառնա այն մեգանախագծի խորհրդանիշը, որ Մոսկվայի, ինչպես նաև Բաքվի ու Անկարայի համար դառնալու է հսկայական լոգիստիկ կենտրոնի բացումը՝ Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի ու Իրանի ապաշրջափակված սահմաններին։
30 տարի Մոսկվան լսում էր դավադրապաշտների պատմություններն իր՝ Ղարաբաղյան մարող կրակը վառ պահելու պլանների մասին՝ վերահսկողության տակ պահելու համար թե՜ Երևանը, թե՜ Բաքուն։ Գուցե սկզբում կրեմլյան առանձին ռազմավարական գլուխներում այդպես էլ կար։ Բայց շատ արագ պարզ դարձավ, որ Ադրբեջանը քիչ թե շատ գտել է դրա տակից դուրս գալու եղանակը՝ հավասարաչափ հեռանալով և՜ Արևելքից, և՜ Արևմուտքից․ բարեբախտաբար, ռեսուրսները թույլ էին տալիս։ Իսկ Հայաստանի մասով, ինչպես արդեն ասվեց, առանձնապես լարվելու կարիք չկար, հատկապես 2013 թվականից հետո, երբ Հայաստանի նվիրվածության գինն առհասարակ ընկավ։
Իրականում՝ կոնֆլիկտը Մոսկվային պետք էր միայն այնքանով, որքանով նա կարող էր մոտակայքում հայտնվել դրա լուծման պահին՝ լիներ դա Մադրիդյան, թե 2020 թվականի եռակողմ հայտարարության սկզբունքների համաձայն։ Հայաստանի փակությունն անհրաժեշտ էր նրան միայն այդ սպասման պայմաններում, իսկ գերխնդիրն, ընդհակառակը, բացումն էր բոլոր տեղական անոթների, որոնք միանգամից ռազմավարական էին դառնում։ Այս գործընթացի շահառուն դառնալու համար Ռուսաստանը անգամ ըստ կանոնների էր խաղում, անգամ մենաշնորհ չէր հետապնդում, քանի որ դա կարող էր ստացվել միայն ինչ-որ մեկի հետ միասին։ Եթե ոչ Մինսկի խմբի հետ, ապա Թուրքիայի․ ինչ-որ տեղ ավելի լավ Կրեմլի համար։ Ընդ որում՝ առանց Մինսկի խմբի հետ վիճելու նույնիսկ և հնարավորություն ստանալով մասնակցելու միաժամանակ երկու ձևաչափերում՝ որոշումներ կայացնող և դրանք հաստատող։ Ի վերջո, Մինսկի խմբի ու Մոսկվայի միջև առանձնակի տարաձայնություններ ինչպես չեն եղել, այնպես էլ հիմա չեն հայտնվելու։ Ղարաբաղը, հավանաբար, վերջին (կամ առաջին) տեղն է Երկրի վրա, որտեղ բավական դժվար է Ռուսաստանին լրջորեն ինչ-որ բանի համար նախատել, եթե, իհարկե, շեղվենք նրա կողմից դավաճանված Հայաստանի մասին առասպելից։
Փաշինյանը պարտվում է ու սկսում
Եվ այնուամենայնիվ, Երևանին վիճակված է կուլ տալ նաև այս վիրավորանքը։ Հավանաբար տրամաբանություն կա այն բանում, որ պետական հայեցակարգի բացակայությունը հայեցակարգային մակարդակի հասցնող մարդը Նիկոլ Փաշինյանը եղավ։
Եթե նրան նախորդողը Մոսկվայի հետ ինքնիշխանությամբ կիսվում էր միայն ներքաղաքական ռիսկերի համար պատասխանատվությունից ազատվելու մասշտաբներով, ապա ներկայիս վարչապետը ստիպված չի լինի համաձայնել լայն լիազորություններով գեներալ-նահանգապետի դերին միայն որովհետև Մոսկվայի՛ն դա, ըստ ամենայնի, պարզապես անհրաժեշտ չի լինի։ Այսպես թե այնպես Երևանը բոլոր հարցերում ստիպված է առանց ամաչելու դիմել նրան՝ լինի խոսքը Շուռնուխի, Սոթքի հանքի, որը մեծամասամբ Ադրբեջանի վերահսկողությանն անցած Քելբաջարում է գտնվում, այնտեղ մնացած Դադիվանքին հասանելիության, Լաչինով փոխադրումների, թե գերիների մասին։
Իհարկե, ռազմավարական առումով սահմանների բացումը Երևանի համար ևս հետաքրքիր է, բայց ում է հետաքրքրում ռազմավարությունը, երբ Կապանի օդանավակայանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա ադրբեջանցի զինվորներ են, եթե Կապանից Գորիս, այսինքն՝ Հայաստանից Հայաստան ճանապարհին ադրբեջաներեն ողջույններ են, իսկ ամբողջ Ադրբեջանով անցնող Երևան-Մոսկվա գնացքի մասին հայտարարությունները կարծես զազրելի թրոլինգ լինեն։ Բայց Ռուսաստանին հենց դա է հետաքրքրում, Սյունիքի և գերիների հարցը Մոսկվայի համար բացառապես գործիքային ու երկրորդական են։ Նրանք, ինչպես և խաղաղապահները, տհաճ անակնկալներից ապահովագրման մասն են միայն․ միջացքներն էլ, սենց թե նենց, Հայաստանով պետք է անցնեն։
Ի վերջո, Ալիևի համար էլ Մոսկվա ուղևորությունը անառարկելի տոն չէր։ Այն, ինչ որոշված չէ Երևանի համար, որոշված չէ նաև Բաքվի համար․ այդպես է կառուցված փաթեթը, որը կամ հետաձգվում, կամ թողնվում է երկար քննարկումների։ Պարզապես Բաքուն կարող է հանգիստ ապրել դրա հետ ու գլոբալ պլանները մշակել, իսկ Երևանը՝ ոչ։ Նրան մնում է միայն ստորագրել դրանց տակ՝ հույսով, որ Մոսկվան գերիների հետ կապված ինչ-որ բան կորոշի և նոր հենակետ կտեղակայի հերթական գյուղում։ Կտեղակայի, թերևս։ Ու կորոշի։ Բայց ոչ այսօր։
Եվ ո՞վ կնախատի Մոսկվային նրա համար, որ սոսկ իր ներկայության ստվերը բավական է, որպեսզի Ղարաբաղում ոգևորվեն մարդիկ, որոնք ամբողջական ռազմականացում, Սորոսին հակահարված ու առհասարակ գաղութային-կայազորային կանոնակարգին հարիր կյանք են պահանջում։ Իսկ ովքեր սովոր էին ղարաբաղյան երեսնամյա հարաբերական ազատավայրին, պատրաստվում են մեկնել անհայտ ուղղությամբ։ «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ, Փաշինյանի երբեմնի դաշնակից, իսկ հեղափոխությունից հետո կարծես թե արևմտամետ դիրքերից նրան ընդդիմացած Էդմոն Մարուքյանը այսօր կոչ է անում Սյունիքում ռուսական ռազմաբազա տեղակայել՝ արդեն երկրորդը։ Եվ եթե արտահերթ ընտրություններ Հայաստանում ամեն դեպքում կայանան, և Մոսկվայի աջակցությամբ (իսկ ինչու՞ հիմա այն պիտի այլ մեկին աջակցի) Փաշինյանը հաղթի, ոչ ոք, կարծես, արդեն չի զարմանա։
Վադիմ Դուբնով
Հոդվածի ռուսերեն բնագիրը՝ «Эхо Кавказа»-ում