Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Բաքուն բոլոր ռազմագերիներին արդեն վերադարձրել է Հայաստանին։
Ադրբեջանում, ըստ Ալիևի, պահվում են միայն «ահաբեկիչներն ու դիվերսանտները»․ «Նրանք այդ կատեգորիային [ռազմագերիների] չեն համապատասխանում, և ցանկացած շահարկում Հայաստանի կամ այլոց կողմից տեղին չէ», – արտասահմանյան լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի ղեկավարը։
Սա առաջին անգամը չէ, որ պաշտոնական Բաքուն նման դիրքորոշում է հայտնում։
Հայաստանն ու Ադրբեջանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ և դրան հաջորդած պայմանավորվածություններով սահմանել էին, որ գերիների փոխանակումն իրականացվելու է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Մինչ այժմ Հայաստան է վերադարձվել 69 գերի։ Տասնյակ (հայկական կողմի տարբեր տվյալներով՝ շուրջ երկու հարյուր) գերիներ դեռ մնում են Ադրբեջանում։ Խոսքը դեկտեմբերի սկզբին Խծաբերդում գերեվարված պահեստազորայինների և մինչ օրս Ադրբեջանի կողմից չհաստատված գերիների մասին է։
Խծաբերդում գերեվարված 62 հոգուց մինչ այժմ միայն 8-ն է վերադարձել Հայաստան։ Հայկական կողմը պնդում է, որ նրանք ռազմագերիներ են, ադրբեջանական կողմը նրանց համարում է «դիվերսանտ» և հայտարարում, որ նոյեմբերի 9-ի զինադադարով ամրագրված պայմանավորվածությունները չեն կարող տարածվել ռազմական գործողությունների ավարտին հաջորդած իրադարձությունների վրա։ Պաշտոնական Բաքուն Խծաբերդում գերեվարվածների նկատմամբ քրեական գործեր է հարուցել և փաստացի հրաժարվում է նրանց վերադարձնել։
1in.am-ին հետ զրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույցում փետրվարի 23-ին հայտարարել էր, որ «Ադրբեջանը փորձում է գերիների խնդիրը դարձնել սակարկման առարկա, ինչը տեղին չէ մի պարզ փաստի բերումով, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ արձանագրված է գերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձնելու պարտավորությունը»:
«Նույն Խծաբերդի միջադեպի հետևանքով գերեվարված մեր զինվորների հետ կապված ամենատարբեր մեկնաբանություններ են արվում՝ նրանք ռազմագերի են, նրանք ռազմագերի չեն: Այս մեկնաբանությունները տեղին չեն, որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչ միայն ռազմագերիների մասին է, այլև գերիների, պատանդների, այլ պահվող անձանց», – ասել էր Փաշինյանը։