Նիկոլ Փաշինյանն այսօր Գյումրիում էր։ Այցի շրջանակներում վարչապետը հանդիպել է պատերազմից հետո Խծաբերդում գերեվարված շիրակցի պահեստազորայինների հարազատների հետ, որոնք վերջերս ի նշան բողոքի փակել էին Գյումրի-Երևան և Գյումրի-Արմավիր միջպետական ճանապարհները։
Ինչ է քննարկվել մեկ ժամից ավել տևած փակ հանդիպման ընթացքում՝ Նիկոլ Փաշինյանն, նրա անձնակազմը և Ադրբեջանում գերության մեջ հայտնված զինծառայողների հարազատները չպատմեցին։
Տեսանկարահանվելուց և հարցազրույց տալուց գերիների հարազատները կտրականապես հրաժարկվում են և նշում, որ անհանգստանում են, որ այդկերպ կարող են վնասել իրենց զավակներին։
«Քանի որ գերեվարվածների թեման շատ զգայուն է, և ցանկացած ինֆորմացիա, որ կարող է հայտնվել լրատվական դաշտում, կարող է մեր հակառակորդի կողմից օգտագործվել, թույլ տվեք որևէ կերպ չմեկնաբանել։ Վստահեցնում են, որ աշխատանքներն ամենօրյա ռեժիմով շարունակվում են, և գոնե այսօր ծնողները տեղյակ եղան, թե ինչ փուլում են դրանք գտնվում։ Ցանկացած տեղեկություն՝ հավաստի թե ոչ, որ հայտնվում է լրատվական դաշտում, ցավոք սրտի, օգտագործում են հենց մեր գերեվարվածների դեմ: Սա է պատճառը, որ լրատվամիջոցների հետ հաղորդակցումն այս թեմայով շատ ավելի փակ է լինում», – լրագրողների հետ զրույցում նշել է հանդիպմանը մասնակցած «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ զինադադարի մասին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի մոտ 62 շիրակցի պահեստազորայիններ էին գերեվարվել․ հարազատները նրանցից շատերին ճանաչել էին համացանցի ադրբեջանական տիրույթում տարածված տեսանյութերում։ Մինչ օրս Ադրբեջանը վերադարձրել է նրանցից 8-ին։
Թեև Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են (ռազմա)գերիների փոխանակումը կազմակերպել՝ հիմնվելով «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի վրա, նոյեմբերի 9-ի զինադադարից հետո Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում գերեվարված 62 հայ պահեստազորայինների նկատմամբ ադրբեջանական կողմն այդ սկզբունքը կիրառել հրաժարվում է (պատճառների մասին՝ այստեղ, այստեղ և այստեղ)։ Թեև հայկական կողմը պնդում է, որ Խծաբերդում գերեվարվածները ռազմագերիներ են, ադրբեջանական կողմը նրանց համարում է դիվերսանտ և պնդում, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրված պայմանավորվածությունները չեն կարող տարածվել ռազմական գործողությունների ավարտին հաջորդած իրադարձությունների վրա։ Պաշտոնական Բաքուն Խծաբերդում գերեվարվածների նկատմամբ քրեական գործեր է հարուցել և փաստացի հրաժարվում է նրանց վերադարձնել։
Նազելի Բաղդասարյանի նշել է՝ այս պահին կարևոր է, որ նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրի 8-րդ կետն ամբողջությամբ իրականացվի. «Գործընթացը շարունակական է և ոչ միայն Խծաբերդի տղաների առումով, այլև ընդհանրապես գերեվարվածների առումով աշխատանք է տարվում ամենատարբեր մակարդակներում տարբեր պետական գերատեսչությունների կողմից և միջազգային ատյաններում: Մեր խնդիրն այն է, որ կարողանանք հայտարարության 8-րդ կետի ամբողջական իրականացումն ապահովել, և քայլերը հետևողական միտված են դրա հանգուցալուծմանը»:
Թե քանի հայ գերի կա հիմա Ադրբեջանում, հստակ թիվ չկա: Մինչ օրս Հայաստան են վերադարձվել 69-ը: