Շիրակի մարզից գերեվարված զինծառայողների ծնողներն ու հարազատները կեսօրից սկսած փակել էին միջպետական ճանապարհները: Ավելի քան 6 ժամ Գյումրի-Երևան և Գյումրի-Արմավիր մայրուղիները փակ պահելուց հետո ծնողները քիչ առաջ՝ մարզպետի հետ բանակցություններից հետո, համաձայնեցին բացել ճանապարհները։ Նրանք այս պահին շարժվում են դեպի Շիրակի մարզպետարան։
Ծնողներից շատերը ակնկալում էին, որ երեկ Հայաստան վերադարձած 5 գերիների մեջ կլինեն նաև իրենց երեխաները։ Այսօր նրանք կրկին դուրս էին եկել փողոց՝ պահանջելու հստակ պատասխանել՝ երբ են իրենց որդիները վերադարձվելու Հայաստան, որտեղ են նրանք և ինչ վիճակում։
Տեսանկարահանվելուց և հարցազրույց տալուց մարդիկ հրաժարկվում էին և նշում, որ նոր ասելիք չունեն և անհանգստանում են, որ այդկերպ կարող են վնասել իրենց զավակներին։
Գերեվարված զինծառայողների հարազատների հետ բանակցելու էր եկել Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը։ Վերջինս պնդում էի, որ Կառավարությունն ամենօրյա ռեժիմով աշխատանքներ է տանում, գերիների վերադարձը կազմակերպելու համար արվում է հնարավոր ամեն բան։ Ծնողներին այդ պատասխանը չէր բավարարում։
Պատերազմի ավարտից հետո Ղարաբաղում (Խծաբերդի հատվածում) 62 շիրակցի պահեստազորայիններ էին գերեվարվել: Այս պահին նրանցից միայն 7-ն է վերադարձել Հայաստան։
Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով Շիրակի մարզից ընտրված պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հարցին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկոյան նշել է, որ մտադիր է առաջիկայում այցելել Շիրակի մարզ և հանդիպել Ադրբեջանում պահվող գերիների հարազատներին։
«Բոլորս էլ դժգոհ ենք: Այսօր այդ իրավիճակից որևէ մեկը գոհ չի: Պլանավորում ենք մենք այց Շիրակի մարզ, որտեղ տարբեր հանդիպումներ կունենանք քաղաքացիների հետ, այդ թվում նաև գերիների, արդեն հույս ունեմ ավելի շատ պակասած թվով, գերիների հարազատների հետ: Ուզում եմ հավաստիացնել` գերիների խնդրի մասին մեզ և ինձ հիշեցնելու անկեղծորեն անհրաժեշտություն չկա, որովհետև մենք ոչ մի վայրկյան այդ խնդրի մասին չենք մոռանում, դրա հետ կապված մեզ որևէ գործողության դրդելու համար ակցիա անելու անհրաժեշտություն չկա», – ասել է վարչապետը։
Հիշեցնենք, որ նախօրեին փոխվարչապետի գրասենյակը հաղորդել է ևս 5 գերիների վերադարձի մասին։ Պատերազմի ավարտից առայսօր, այսպիսով, Հայաստան է վերադարձել գերության մեջ գտնվող 69 անձ։
Թեև Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են (ռազմագերիների) փոխանակումը կազմակերպել՝ հիմնվելով «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի վրա, նոյեմբերի 10-ի զինադադարից հետո Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում գերեվարված 62 հայ պահեստազորայինների նկատմամբ ադրբեջանական կողմն այդ սկզբունքը կիրառել հրաժարվում է (պատճառների մասին՝ այստեղ, այստեղ և այստեղ)։