Home / Բանակ / Եվրադատարանը հետաքրքրվեց հայ գերիներով

Եվրադատարանը հետաքրքրվեց հայ գերիներով

ՄԻԵԴ-ը առաջնահերթություն է տվել հայ գերիների մասով գործերի քննությանը, ուստի այդ գործերը ավելի սեղմ ժամկետներում պետք է քննվեն։ Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում հայտնել է ՄԻԵԴ-ում ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, հավելելով, որ Ադրբեջանի կառավարությունը ՄԻԵԴ-ում պաշտոնապես ընդունել է որոշ անձանց գերեվարման հանգամանքները:

Ըստ Սահակյանի` հստակեցման կարիք ունի Խծաբերդում 62 զինվորականների կարգավիճակը:

«Մեր գնահատմամբ՝ նրանք դասական ռազմագերիներ են, իհարկե, չենք բացառում, որ Ադրբեջանը գնալու է սպեկուլյացիաների և հայելային պատկեր ստանալու նպատակով փորձելու է միջազգային հանրությանը նրանց ներկայացնել որպես ահաբեկիչներ, հանցագործներ»,- նշել է փաստաբանը և հավելել, որ բոլոր դեպքերում իրավական գործընթացը կպահանջի 1-2 տարի:

Հարցին` ՄԻԵԴ-ի միջոցով Ադրբեջանի կողմից գերիների քանի հաստատված դեպք կա, Սահակյանը պատասխանել է. «Դատական գործընթացի մասին կարող եմ ասել, որ ունենք 8 դեռևս չվերադարձված գերեվարված անձինք, իսկ ինչ վերաբերվում է արտադատական հաստատումներին, դրա մասին ճիշտ կլինի խոսեն պետության ներկայացուցիչները»։

Ավելի վաղ Սահակյանը նշել էր, որ Ադրբեջանում՝ շուրջ 120 հայ գերիների վերաբերյալ առկա են անհերքելի ապացույցներ, որոնք «մենք ունակ ենք լինելու դնել միջազգային կառույցների, դատական ատյանների առջև»։

Դեկտեմբերի սկզբին գերեվարված ավելի քան 60 հայ զինծառայողներին ադրբեջանական կողմը ռազմագերի չի համարում և պնդում է, որ գերիների փոխանակմանը վերաբերող պայմանավորվածությունները չեն տարածվում նոյեմբերի 9-ի զինադադարին հաջորդած իրադարձությունների վրա։