Ով ուզում է նիհարել, պետք է քիչ ուտի և շատ շարժվի, սա հայտնի փաստ է։ Կա նիհարելու համար օգտակար ևս մեկ գործոն․ օդի ջերմաստիճանը։ Չափավոր տաքացված տարածքում գտնվելու դեպքում ևս կարելի է քաշ կորցնել, գրում է շվեյցարական Tages-Anzeiger հրատարակչությունը։
Ենթադրվում է, որ ձմեռային ցրտի հետ քիչ հաղորդակցումն է զարգացած երկրներում համատարած ավելորդ քաշի պատճառներից մեկը։ Կամ, այլ ձևակերպմամբ, մշտապես հարմարավետ ջերմաստիճանում գտնվելու հետևանքներից կարող է լինել գիրությունը։
Այս մասին է վկայում Մաաստրիխտի համալսարանի հետազոտությունը․ գիտնականների հրահանգմամբ 24 տղամարդիկ 10 օր շարունակ, օրական երկու ժամ թեթև հագնված անց էին կացնում 16 աստիճանով տաքացված սենյակում։ Փորձի արդյունքում պարզ դարձավ, որ հետազոտության մասնակիցներն օրական 300 կիլոկալորիա ավելի են ծախսում։
«Ոչ գեր մարդկանց վրա ցուրտն ավելի մեծ ազդեցություն էր ունենում, քանի որ, գիտնականների պնդմամբ, նրանք ավելի շատ «գորշ ճարպային բջիջներ» ունեն, քան ավելի գեր մարդիկ։ Գորշ ճարպն օգտակար է․ այն էներգիան տաքության է փոխակերպում և տաքացնում մարմինը։ Սպիտակ ճարպը պահվում է որպես ռեզերվ, այն այդքան էլ օգտակար չէ, կարող է անգամ վնասակար լինել», – գրում է հրատարակչությունը։
Գիտնականները բացատրում են, որ էներգիան արդյունավետորեն ծախսելու համար մարդը թեթև «ջերմաստիճանային սթրեսի» կարիք ունի։ Հակառակ դեպքում ոչ միայն մեծանում է ավելորդ ճարպային զանգված կուտակելու ռիսկը, այլև օրգանիզմը կորցնում է ինքնուրույն ջերմություն արտադրելու իր գործառույթը։
Սպորտային բժշկության փորձագետ Գերման Կլենինն այս հետազոտությունը բավականին համոզիչ է համարում, բայց պնդում է, որ անգամ սառնությունից օգուտ քաղելու նպատակով չարժի գտնվել 16 աստիճան տաքությամբ սենյակում։ Կլենինը կարծքում է, որ աշխատանքային միջավայրում կամ գրասենյակում օպտիմալ ջերմաստիճանը 20-ն է, իսկ 16-ը հարմար է ննջասենյակի համար։