Տղամարդկանց համար նախատեսված հակաբեղմնավորիչների անհրաժեշտությունը գնալով ավելի զգալի է դառնում, բայց դրա հաջող առևտրայնացման համար կան մի շարք խոչընդոտներ, Slate.fr ամսագրի համար գրում է լրագրող Բեսմա Սիքուքը։
Ներկայումս տղամարդկանց համար հակաբեղմնավորիչ դեղահաբերի ստեղծման լուրջ հնարավորություններ կան։ Ամենաառաջադեմ հետազոտություններն իրականացրել է Վաշինգտոնի համալսարանի էնդոկրինոլոգ-հետազոտող Ստեֆանի Փեյջը։
«… Գլխուղեղում տեղակայված հիպոթալամուսը պահում է գոնադոլիբերին կոչվող հորմոնը, որը հիպոթալամուսում հրահրում է երկու այլ հորմոնների՝ ԼՀ (լյութեինացնող հորմոն) և ՖԽԳ (ֆոլիկուլախթանիչ հորմոն) արտադրությունը։ Այս երկու հորմոններն անցնում են արյան մեջ և խթանում տեստեստերոնի և ձվարաններում սպերմատոզոիդների առաջացմանը։ Դոկտոր Ստեֆանի Փեյջի մշակած երկու մոլեկուլները արգելափակում են այս քիմիական պրոցեսը՝ կապելով անդրոգեն ռեցեպտորների (հորմոնների խումբ, որոնց կազմում է նաև տեստոստերոնը) և պրոգեստերոնի հետ։ Ուղեղին ազդակ է ուղարկվում, որը դադարեցնում է գոնադոլիբերինի արտադրությունը, ինչի արդյունքում ավելի քիչ սպերմատոզոիդներ և տեստոստերոն է արտադրվում», – բացատրում է հոդվածի հեղինակը։
Ավստրալական Մոնաշի համալսարանի պրոֆեսոր Սաբատինո Վենտուրայի թիմն աշխատում է արական հակաբեղմնավորիչների ստեղծման այլ մեթոդի մշակման վրա։ Վենտուրայի առաջարկած տարբերակն արգելափակում է երկու սպիտակուցներ, որոնք տեղակայված են սերմնաժայթքման ծորանը շրջապատող մկաններում։ Սա թույլ է տալիս նվազեցնել սպերմատազոիդների արտահոսքը էակուլյացիայի ժամանակ։
«Այս մեթոդը դեռևս չի հասել մարդկանց վրա փորձարկումների փուլին։ Պրոֆեսոր Փեյջի առաջարկված տարբերակը փորձարկվել է փոքրաթիվ կամավորների վրա։ Էքսպերիմենտից հետո ապացուցվել է դրա արդյունավետությունն ու կողմնակի ազդեցությունների ոչ էական լինելը։ Հաջորդ քայլն ավելի մեծամասշտաբ փորձարկումն է։ Այս փուլը բավականին թանկ է, և սովորաբար կազմակերպվում է դեղագործական ընկերությունների ներդրումների հաշվին։ Սթեֆանի Փեյջը նշում է, որ հենց դեղագործական կորպորացիաների կողմից ոչ բավարար հետաքրքրվածությունն է պատճառը, որ շուկայում դեռևս չեն հայտնվում այս տեսակի արական հակաբեղմնավորիչներ»,- գրում է հրատարակչությունը։
Միշել Օրան-Լիոնը Մարսելում քաղցկեղի հետազոտություններով էր զբաղվում։ 2017 թվականի, երբ իրենց թիմն աշխատում էր լեյկեմիայի բջիջների վրա, հայտնաբերեցին, որ մկների մոտ երկու տեսակի պրոտեինների արգելափակումից հետո նրանք անպտուղ են դառնում։
«…Հետազոտությամբ զբաղվող գիտնականը ցանկանում էր շարունակել ուսումնասիրությունը, բայց ֆինանսավորման խնդիրներ առաջացան։ Ստիպված եղավ դադարեցնել էքսպերիմենտները։ Նա պնդում է, որ խնդիրը սոցիալական ա․ բարդ է պատկերացնել, որ հակաբեղմնավորիչները կարող են նաև տամարդկանց համար լինել։ Այդ իսկ պատճառով, այս ուղղությամբ հետազոտությունների համար ֆինանսավորում գտնելն իրոք դժվար է»։
Տղամարդկանց և կանանց հակաբեղմնավորիչների նկատմամբ մոտեցումների տարբերությունները մի քանի պատճառներ ունեն․ «Նախ, նորմատիվ ստանդարտներն այսօր ավելի խիստ են, քան 1956 թվականին, երբ Գեորգի Պինկուսն առաջին դեղահաբը թողարկեց։ Այն ժամանակ հակաբեղմնավորիչների շուկայում մրցակցություն գրեթե չկար։ Ալեքսանդրա Ռուն պատմում է, որ 1950-1960-ական թվականներին դեղագործական ընկերությունները ոլորտով հետաքրքրված էին, քանի որ շուկան նոր էր ձևավորվում։ 1970-1980 թվականներին տղամարդկանց հակաբեղմնավորիչների թեման սկսեց զարգանալ, բայց այդ ժամանակ արդեն այլ արդյունավետ միջոցներ կային, և շուկան բավականին հագեցած էր։ ․․․Հաջորդ խոչընդոտն այն է, որ մշակութային իմաստով այստեղ երկակի ստանդարտներ կան․ կողմնակի ազդեցություններով դեղահաբերն ավելի ընդունելի են կանանց համար, քան՝ տղամարդկանց։ Ընկերություններն ու որոշ բժիշկներ կարծում են, որ տղամարդիկ իրենք էլ կհրաժարվեն հակաբեղմնավորիչ դեղահաբեր խմել»։