Հետտրավմատիկ սթրեսային խանգարման (ՀՏՍԽ) դեմ MDMA-թերապիայի դրական ազդեցությունը բուժումից հետո ևս մեկ տարի պահպանվում է։ Այսպիսի եզրակացության են հանգել ամերիկացի հետազոտողները՝ թերապիայի երկրորդ ֆազայի համար կատարված վեց փորձերի արդյունքները վերլուծելուց հետո։ Բուժումն ավարտելուց հետո մասնակիցների 56 տոկոսը չէր համապատասխանում ՀՏՍԽ դիագնոստիկայի համար անհրաժեշտ չափանիշերին։ Մեկ տարին անց կրիտերիաներին չէր համապատասխանում մասնակիցների 67 տոկոսը։ Հոդվածը հրապարակվել է Psychopharmacology ամսագրում։
ՀՏՍԽ բուժման համար MDMA-թերապիայի լիամասշտաբ կլինիկական փորձարկումները ԱՄՆ֊ում հավանության են արժանացել 2016 թվականին, իսկ մեկ տարի անց այն արդեն «բեկումնային թերապիայի» կարգավիճակ ուներ․ այս պիտակավորումը տալիս են դեղամիջոցներին և բուժական մեթոդներին, որոնք ծրագրվում է բժշկական պրակտիկայում կիրառության մեջ դնել արագացված կարգով։ Թերապիայի արդյունավետության ուսումնասիրությունները շարունակվում են․ կլինիկական փորձարկումները դեռ ավարտված չեն, ինչի պատճառով բուժման այս եղանակը դեռևս չի կիրառվում փսիխոթերապևտիկ պրակտիկայում։ Հունվարին, սակայն, հետտրավմատիկ սթերսային խանգարման ծանր աստիճան ունեցող 50 պացիենտների արդեն MDMA-թերապիա են նշանակել։
Մասնավորապես, դեռևս պարզ չէ՝ կպահպանվի՞ արդյոք այս թերապիայի արդյունքը երկարաժամկետ հեռանկարում։ Դեռևս հայտնի են առաջին փորձարկման արդյունքները, որի մասնակիցները թերապիայից մեկուկես տարի անց դեռևս չեն հաղորդել խանգարման սիմպտոմների վերականգնման մասին։ Փսիխոդելիկ հետազոտությունների միջդիսցիպլինար ասոցացիայի (MAPS) անդամ Լիզա Ջերոմը(Lisa Jerome), ով ԱՄՆ֊ում իրականացնում և հովանավորում է MDMA-թերապիայի կիրառությունը, գործընկերների հետ որոշել են միավորել երկարաժամկետ կլինիկական հետազոտությունենրի II ֆազայի արդյունքները։ Այդպիսի հետազոտություններ 2004-ից 2017 թվականներին անց են կացվել ԱՄՆ֊ում, Կանադայում, Շվեյցարիայում և Իսրայելում։ Փորձին մասնակցել է 107 քաղաքացի։
MDMA-թերապիան նյութի զուտ ընդունումը չէ միայն։ Այն ներառում է նաև հոգեթերապիայի տևական (մինչև ութ ժամ) սեանսներ, որոնցում «էքսթազին» որպես միջնորդ է օգտագործվում՝ պացիենտի և համապատասխան մասնագետի շփման մեջ։ Կատարված կլինիկական փորձարկումների մասնակիցները MDMA ընդունել են նախ մեկուկես ժամ տևողությամբ հոգեթերապևտիկ սեսիայից առաջ, հետո ութ ժամանոց երկու սեսիաներից առաջ՝ մեկ ամիս ընդմիջմամբ։ Հետտրավմարիկ սթրեսային խանգարման բուժման առաջընթացը գնահատվել է սիմպտոմների հայտնաբերման ստանդարտացված հարցաշարի միջոցով․ մասնակիցներն այն լրացրել են թերապիայից առաջ, հետո, բուժման ավարտից մեկ տարի անց։ Վերջին այդպիսի հարցմանը մասնակցել է 91 մարդ։
Դիագնոստիկ հարցումների համաձայն, թերապիան իրոք արդյունավետ էր․ բոլոր հետազոտությունների մասնակիցների մոտ թերապիայից հետո ՀՏՍԽ սիմպտոմներն ավելի թույլ էին (p < 0,001)։ Մեկ տարի անց ազդեցությունը դեռևս պահպանվել էր․ սիմպտոմներն ավելի քիչ էին թերապիայից անմիջապես հետո արված հարցման համեմատությամբ (p < 0,05)։ Կլինիկական հետազոտությունների ավարտից հետո մասնակիցների 56 տոկոսը չէր համապատասխանում չափորոշիչներին, որոնք անհրաժեշտ են ՀՏՍԽ ախտորոշման համար։ Մեկ տարի անց այդ կրիտերիաներին չէր համապատասխանում մասնակիցների 67 տոկոսը։
Գիտնականները եզրակացրել են, որ MDMA-թերապիայի ազդեցությունը պահպանվում է նվազագույնը մեկ տարի։ Ամենայն հավանականությամբ այդ ազդեցությունը կպահպանվի նաև երկարաժամկետ հեռանկարում․ կատարված փորձերը ցույց են տալիս, որ դրական դինամիկան շարունակվում է անգամ առանց թերապիայի հետագա սեանսների։ Այժմ պետք է սպասելփորձարկումների III ֆազային, որի ժամանակ թերապիայում կներգրավվեն ավելլի մեծ թվով մարդիկ։
MDMA-թերապիայի կլինիկական հետազոտությունները անց են կացվում ոչ միայն Միացյալ Նահանգներում․ երեք տարի առաջ Մեծ Բրիտանիան հավանություն է տվել թերապիայի կիրառությանը ալկոհոլային կախվածության բուժման նպատակով։