Միացյալ Նահանգների ու Բրազիլիայի գիտնականները հայտնում են, որ իրենց հաջողվել է ուսումնասիրել կենսաբանական մեխանիզմը, որի արդյունքում մազերը սթրեսից սպիտակում են։ Այս հայտնագործությունը հետագայում հնարավորություն կտա դադարեցնել այդ պրոցեսն առանց մազերի ներկման։
Նախկինում էլ հայտնի էր, որ մարդկանց մազերը սպիտակում են տարիքից կամ ուժեղ վախից, ցավից և այլն։
Այժմ դա գիտականորեն ապացուցված է։ Հարվարդի և Սան Պաուլուի համալսարանների գիտնականներն ապացուցել են, որ մաշկի ու մազերի գույնն ապահովող մելանինի արտադրության համար պատասխանատու են կոնկրետ տեսակի ցողունային բջիջներ՝ մելանոցիտներ, որոնք ինտենսիվ կերպով քայքայվում են սթրեսի արդյունքում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում։
Մարդկանց մազերը կարող են սկսել սպիտակել յուրաքանչյուր տարիքում, հիմնականում՝ 30-ից հետո։ Մազերի սպիտակելու սկիզբն ու ինտենսիվությունը պայմանավորված են ժառանգականությամբ։
Սթրեսից սպիտակելու մասին հայտնագործությունը պատահաբար է արվել․ մկների վրա փորձեր անելիս գիտնականներ նկատել են, որ ուժեղ վախ կամ ցավ հարուցելու դեպքում, մի քանի շաբաթվա ընթացքում նրանց մորթին տեղ-տեղ սպիտակում է։
«Վնասն անդարձունակ է»
Ցավը կամ ուժեղ բացասական էմցիաներն օրգանիզմում ադրենալինի և կորտիզոլի արտադրության են հանգեցնում, ինչի պատճառով սրտի աշխատանքն արագանում է, արյան ճնշումը բարձրանում է, նաև մահանում են մելանոցիտները, որոնք պարունակվում էին մազարմատներում։
Վախի ու ցավի ազդակների հետևանքով սև մկները սպիտակում էին մի քանի շաբաթվա ընթացքում, ընդ որում, մազերի մուգ գույնն ապահովող պիգմենտը ոչնչանում է գրեթե անմիջապես։
«Երբ այդ բջիջներն ամբողջությամբ մահանում են, պիգմենտացիան այլևս վերականգնել հնարավոր չէ՝ վնասն անդարձունակ է», – պատմում է Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Յա Ցիեսուն։
Համեմատելով փորձարկումներին մասնակցած և չմասնակցած մկների գեները, գիտնականները պարզեցին, որ քիմիական ռեակցիաները, որոնք տանում են մելանոցիտների մահվանը, պայմանավորված են կոնկրետ տեսակի սպիտակուցների՝ ցիկլին-կախվածությամբ կինազների առկայությամբ։
Հետագա փորձարկումները ցույց տվեցին, որ դրանց ազդեցությունը հնարավոր է կանխել որոշ պրեպարատների միջոցով, որոնք հիմնականում կիրառվում են արյան ճնշումն իջացնելու նպատակով։
Այս եղանակով ցիկլին-կախվածությամբ կինազների խմբի սպիտակուցների արգելափակումը հնարավորություն տվեց դադարեցնել մկների մորթու հետագա գունազրկումը։
Հետազոտությունը թույլ կտա ստեղծել դեղանյութ, որի միջոցով հնարավոր կլինի կանգնեցնել մազերի սպիտակելը՝ թե սթրեսից, թե տարիքից։