Միջազգային աստղագիտական միության փոքր մոլորակների ուսումնասիրությունների կենտրոնը հայտարարում է․ Երկիր մոլորակը ոչ թե մեկ, այլ երկու բնական արբանյակ ունի։
Լուսին № 2-ը խոշոր երկնաքար կամ փոքր աստղակերպ է՝ 2-3.5 մետր տրամագծով։ Համեմատության համար հիշենք, որ Լուսնի տրամագիծը 3474 կմ է։
Փետրվարի 15-ին այդ օբյեկտն աստղադիտակով պատահաբար նկատել են գիտնականներ Թեոդոր Պրյունն ու Կասպեր Վերչեսը՝ Արիզոնա նահանգի Մաունթ Լեմոն աստղադիտարանում երկնքի ուսումնասիրության հերթական սեանսի ժամանակ։
Հետագա հաշվարկները ցույց են տվել, որ 2020 CD3 անվանումը ստացած տիեզերական մարմինը Արեգակնային համակարգի շուրջ մեկ միլիոն աստղակերպերից մեկն է, որը Երկրի մոտով անցնելիս կլանվել է նրա ձգողության կողմից շուրջ երեք տարի առաջ։ Երկրի շուրջ մեկ պտույտ այն կատարում է 47 օրում։
Բելֆասթի Թագավորական ինստիտուտի հետազոտող Գրիգորի Ֆեդորեցը New Scientist ամսագրի հետ զրույցում ասել է, որ իր հաշվարկներով այս նոր արբանյակը Երկրի հետ հավերժ չի մնա․ այս տարվա ապրիլին Երկրի, Լուսնի ու Արեգակի համակցված ազդեցության տակ այն դուրս կգա երկրային ուղեծրից ու բաց տիեզերք կվերադառնա։
Միջազգային աստղագիտական միության փոքր մոլորակների ուսումնասիրությունների կոնտրոնը մինի֊լուսին տվել է ոչ թե Երկրի երկրորդ արբանյակի, այլ կլանված օբյեկտի կարգավիճակ։
2006-ի սեպտեբերից 2007-ի հունիս ընկած ժամանակահատվածում մեր մոլորակի ուղեծրում էր հայտնվել 2006 RH120 անվանված երկնային մարմինը, որին ևս կլանված օբյեկտի կարգավիճակ էին տվել։
Բացի այդ, Երկիր մոլորակն արդեն շուրջ 100 տարի ուղեկցում է չորս տարի առաջ հայտնաբերված 2016 HO3 օբյեկտը, որը ոչ թե մեր մոլորակի, այլ Արեգակի շուրջն է պտտվում՝ Երկրի ուղեծրին զուգահեռ ուղեծրով։ 2016 HO3-ի ու Երկրի միջև հեռավորությունը 13,6 անգամ մեծ է Երկրի ու Լուսնի հեռավորությունից։